Էլ ոչ մի պաշտոնյայի նկատմամբ հանրային վստահություն չկա։ Հանրությունը նրանց մեծ մասին այլևս չի դիտարկում որպես ինքնուրույն գործող պաշտոնյաների։ Դիտարկում է որպես մեկ անձի աթոռը պահող քաղաքական համակարգի գործիքներ։
Հրապարակ թերթը գրել է․ Ու դրա համար էլ, ինչ էլ ասեն, խոսքը հաճախ լսվում է ոչ թե որպես պետական քաղաքականություն, այլ որպես հերթական «վերևից իջեցված» հայտարարություն։
Օրինակ, երբ առողջապահության նախարար Ավանեսյան Անահիտն ասում է․ «ՀՀ-ում յուրաքանչյուր 7-8-րդ մեծահասակի մոտ ախտորոշված է սրտանոթային հիվանդություն: 2025 թ. տվյալներով սրտամկանի սուր ինֆարկտով հիվանդացությունը տղամարդկանց շրջանում 67% է, կանանց մոտ 33: Բնակչության 56% ունի գերճնշումային հիվանդություն: Այս վիճակագրությունը կարող ենք փոխել միասին` սկսելով կենսաձևի փոփոխությունից», մարդիկ չեն ասում՝ էս կնիկը մեր մասին մտածում է, եկեք սկսենք։ Հեծանիվ քշենք, մաքուր օդ դուրս գանք, աղ չօգտագործենք, մի քիչ էլ իր նման Փաշինյանի առաջ թռվռանք։
Կենսաձևից է խոսում, մինչդեռ մարդկանց համար խնդիրը կենսաձևը չէ։ Նրանց պատկերացմամբ՝ վիճակագրությունը ոչ մի կենսաձևով չի փոխվի․ իրե՛նք, իշխանությու՛նը պիտի փոխվի։ Հենց Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում են Անահիտի «բուրդը քամուն տալիս»․ «Հաճախ , ձեր երեսից ինֆարկտ են ստանում , որովհետև էսպիսի խայտառակ վիճակ չեն տեսել մեր երկրում , ոնց որ հիմա է …»
Մեկն էլ, հերթից հոգնած, գրում է․
«Տիկին, սա ձեր աշխատանքի արդյունքն է։ Եթե պոլիկլինա այցելելու համար հերթը 2 ամիս է, այդպես էլ կլինի։ Թե՞ չգիտեիք»։
Մի ուրիշն էլ ավելի մասնագիտական զրույց է տանում․
«Եթե սրտանոթային հիվանդությունները այսքան տարածված են, պետք է խոսել ոչ միայն կենսակերպի մասին, այլ նաև կանխարգելման, վաղ ախտորոշման ու բուժման հասանելիության մասին»։
Այսինքն՝ նախարարն ասում է՝ փոխեք կենսաձևը, քաղաքացին ասում է՝ նախ փոխեք այն միջավայրը, որտեղ մարդը պիտի ապրի, կանխարգելվի, ժամանակին հետազոտվի ու բուժվի։
Եվ այստեղ արդեն խնդիրը միայն սրտանոթային հիվանդությունը չէ։ Խնդիրը պետական խոսքի նկատմամբ վստահությունն է։ Երբ իշխանության ամեն ասածը մարդիկ սկսում են կարդալ քաղաքական ենթատեքստով, նույնիսկ աղամանն ու Անոյի պարը դառնում են քաղաքական կատեգորիա։
Որովհետև քաղաքացին այլևս չի հարցնում՝ «Ի՞նչ անեմ, որ առողջ լինեմ», այլ՝ «Իսկ դուք ե՞րբ եք պատրաստվելու ձեր աշխատանքի արդյունքը փոխել»։ Ե՞րբ եք փոխվելու։

Բաց մի թողեք
Ծառուկյանի հայցով նիստը նշանակվել է 27 թվականի փետրվարին
Հետ նայողների ազգ
Ես վստահաբար կասեմ, որ իրենց չի հաջողվելու քանդել եկեղեցին