30/09/2026

EU – Armenia

Մահվան մաֆիան անմահ է

Հայաստանում ապրելը թանկ հաճույք է, մահանալը՝ առավել եւս: Մահացածի հարազատները, վիշտը թողած, նոր սթրես են ապրում՝ թաղման անողոք հաշվապահության սթրեսն ու վախը, որ չեն հասցնի ամեն ինչ ժամանակին եւ հավուր պատշաճի կատարել:

Նկատենք, որ մահվան գինը Հայաստանում տարեցտարի աճում է: Նախ, հանգուցյալին տանում են դիահերձարան: Բուն դիահերձումն անվճար է, սակայն մարմինը լվանալու, հագցնելու, դիմահարդարելու, այսինքն՝ կոսմետիկ պատրաստության համար լրացուցիչ ծախսեր են գումարվում: Չմոռանանք սառնարանի օրավարձը:

Դիահերձարաններում եւ սգո ծառայություններում հանգուցյալի մարմնի պահպանման համար նախատեսված հատուկ սառնարանի օրավարձը միջինում կազմում է 10-15 հազար դրամ: Ավելի էժան գին էլ կա՝ 5-7 հազար, որոշ հիվանդանոցներին կից դիահերձարաններում:

Եթե, ասենք, մի տարի առաջ Երեւանում դիահերձարանի եւ հանգուցյալի հարդարման ծառայությունները միասին կազմում էին մոտ 55 հազար դրամ, ապա այսօր դրանք՝ դագաղի տեղափոխման (կատաֆալկ) եւ պարագաների հետ մեկտեղ, վստահաբար, մեկնարկում են 200 հազար դրամից։ Սա նվազագույն արժանապատիվ հուղարկավորության կազմակերպման իրական շուկայական գինն է, որը գտանք List.am կայքում:

Մեր օրերում տնից հանգուցյալ ճանապարհելու ավանդույթը գրեթե վերացել է։ Սգո սրահի մեկ կամ երկու օրվա վարձն այսօր կազմում է միջինը 150-250 հազար դրամ՝ կախված սրահի դիրքից ու չափերից։ 5 տարի առաջ այն մոտ 100 հազար էր:

Գերեզմանատեղի եւ հողափորների հետ պայմանավորվում ես նախօրոք, որ հասցնեն փոսը պատրաստել: Թեեւ օրենքով անվճար գերեզմանատեղի է հասնում, բոլորս գիտենք, որ իրականությունն այլ է: Ամեն ինչ փող արժե:

Եթե արդեն ունես տեղ՝ հողը փորելու եւ նախապատրաստելու համար, ապա սգավոր հարազատից, գերեզմանի հետ կապված ծառայությունների համար, 150-400 հազար դրամ են ուզում: Այս գումարը ներառում է հողային աշխատանքները, ներքին հարդարումը, ծածկասալերի տեղադրումը, ինչպես նաեւ՝ հնարավոր հին կառույցների ապամոնտաժման եւ մոնտաժման ծախսերը, բայց այս ամենը կարելի է ավելի ուշ էլ անել, դին հողին հանձնելուց հետո։

Հրատապ ծախսերից մնաց քելեխը: Հոգեհացը հայկական թաղման ամենածախսատար հատվածն է։ Մեկ անձի հաշվարկով՝ սգո սեղանների արժեքը ռեստորաններում սկսվում է 7-10 հազար դրամից: Եթե մի 50 ամենամոտ հարազատների շրջանակի համար ես նախատեսում հոգեհացը, ապա ծախսում ես մոտ 350-500 հազար դրամ:

Արդյունքում՝ 2026 թվականի դրությամբ Հայաստանում ամենահամեստ ավանդական հուղարկավորության ընդհանուր արժեքը (անգամ 50 հոգանոց քելեխի հաշվարկով) ամենամոտալուտ ու սեղմ հաշվարկով կազմում է մոտ 850 հազարից մինչեւ 1 մլն 500 հազար դրամ: Իսկ եթե հյուրերի թիվը հասնում է 100-ի, ապա գումարը, վստահաբար, անցնում է 1 մլն 300 հազար դրամի շեմը։

Այս պատկերը ստացանք՝ ուսումնասիրելով սգո ծառայությունների գները list.am հարթակում, մահացածների հարազատների հետ զրուցելով, ինչպես նաեւ Requiem International ընկերության հրապարակած գնացուցակներին ծանոթանալով:

Պետության կողմից տրվող թաղման միանվագ նպաստն ընդամենը 200 հազար դրամ է։ Այսինքն, ծախսերի լավագույն դեպքում՝ 15-20 %-ը։

– Ինչպե՞ս եք գնահատում այն, որ պետությունը չի ցանկանում այլեւս 200 հազար դրամ վճարել հանգուցյալի հարազատներին:

Հրապարակ թերթի հարցերին պատասխանել է «մահվան շուկայում» ծառայությունների մատուցման 25 տարվա փորձ ունեցող մի ընկերության տնօրեն, որը չցանկացավ իր անունը հրապարակել:

– Շատ վատ եմ վերաբերվում, իհարկե: Մարդիկ վատ վիճակում են: Հուղարկավորությունը պլանավորված ծախս չէ, եւ դրա համար է պետությունն օգնում իր քաղաքացուն՝ վատ վիճակից դուրս գալ: Կապ չունի, թե ընտանիքն ինչ սոցիալական կարգավիճակ ունի, ամեն դեպքում, մահն ընտանիքի համար անակնկալ է, եւ պետությունը պետք է իր քաղաքացուն օգնի: Էլ չեմ ասում, որ երկարատեւ հիվանդության դեպքում ծախսերն ահռելի են լինում, ու այդ գումարը բոլորին է պետք: Մարդիկ մեր իրականության մեջ շատ ծախսեր են անում, ու երբ որ ընտանիքի գլխին էդ դժբախտությունը գալիս էր, պետությունը նրան ձեռք էր մեկնում ու մեկնում էր ոչ բոլորին՝ ընդամենը թոշակառուների ու հաշմանդամների հարազատներին:

– Ինչո՞ւ չեք ցանկանում, որ Ձեր ընկերության անունը գրեմ:

– Եթե իմանայի, որ մի բան կփոխվի դեպի լավը, մի մեծ պլակատ կվերցնեի ու վրան իմ ու իմ ընկերության անունը կգրեի, բայց չի փոխվելու:

– Բավարա՞ր է արդյոք պետության տված 200 հազարը:

– Կան մարդիկ, որոնք այդ գումարի մեջ են տեղավորվում: 25 հազարով էլ դագաղ կա: Դա ամենաէժան դագաղն է: Իսկ, առհասարակ, մեր ծառայությունների գները շատ տարբեր են, եւ որոշվում են հանգուցյալի հարազատի ցանկությամբ, թե ինչ ծառայություններ կուզի: Միջին գին ասվածը չկա: Ես 25 տարվա փորձ ունեմ ու հասկացել եմ, որ թաղման ծառայությունների միջին սահման չկա: Ամենաքիչն այն է, որ մարդը չի գալիս հանգուցյալի հետեւից, պետությունն է հարազատին հուղարկավորում: Կան էդպիսի մարդիկ: Գինը կապված է հանգուցյալի հանդեպ վերաբերմունքից: Մարդ կա, որ փող չունի, պարտքով, վարկով է թաղումն անում, մարդ էլ կա՝ փող ունի, բայց չի գալիս իր հարազատի հետեւից: Այսքան ծայրահեղությունները շատ են:

– Ասում են՝ հողն անվճար է, դա ճի՞շտ է:

– Օրենքով անվճար է հողը, բայց օրենքը պահպանվում է կիսատ: Օրենքում գրված է, որ հողը տրվում է անվճար, բոլոր մնացած ծառայությունները կամավոր են: Օրինակ, կարող եք փոս փորողին չվճարեք, ինքներդ գնաք, փոսը փորեք կամ հարեւաններով: Իրենք տալիս են անվճար հողը, բայց ծառայությունների համար վճարում են մարդիկ, կամավոր կամ կամավոր՝ ճարահատյալ:

– Նկատե՞լ եք, վերջին երկու տարին նվազել են թաղման ծառայությունների պատվերները:

– Այո, ըստ իս, շատ են նվազել:

Տիգրան Ղ․-ն, որը փետրվարին է թաղել մերձավորին, վստահեցնում է՝ անվճար հող ասվածը հեքիաթ է: «Գերեզմանատներում մաֆիա է գործում: Ամեն տեղ մի թիվ են ասում: Սկզբում ասում են՝ հողը ձրի է, բայց վրադ մի 7-8 հարյուր հազար փող է նստում: Բերում-դնում է դեմդ՝ բա պետք է էս փոսը փորվի, էս գռուզավիկը պետք է բերվի, էսինչ գռուզավիկը պետք է բերես, էնինչ տրակտորիստին պետք է բերես, էսքան փող պետք է տաք, պետք է շեբեն լցնեք: Ուզած-չուզած՝ էդ ամենն անում ես: Ոնց որ քեզ ասեն՝ 2 քմ հողը ձրի է, բայց մյուս ծառայություններն էնքան թանկ են, որ լուչշե ձրի չլինի, այլ լինի մի պետական թիվ, դու դա վճարես ու էլ ոչ մի բանի հետ գործ չունենաս: Շատ ուժեղ մաֆիա է, սգո սրահներն էլ ամբողջ քաղաքի մասշտաբով բոլորը դրա մեջ են, մեկը մյուսից տեղյակ են»,- ասում է մեր զրուցակիցը:

ՀԳ. Երկու խոստովանությունները փակում են շղթան։ Պետության առաջարկած 200 հազար դրամը ոչ թե օգնություն է, այլ սիմվոլիկ ժեստ «կամավոր-ճարահատյալ» վճարումների համակարգում, որը ոչ մի կերպ չի փոխվում: Իշխանությունները գալիս են ու գնում, իսկ մահվան մաֆիան անմահ է: