01/10/2026

EU – Armenia

Այդ զեկույցի հետեւում երեւում են որոշ տիրադավների ու կարգալույծների ականջները

Սեպտեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ կազմված զեկույցը հրապարակվեց, իր խոսքով՝ Հայ առաքելական եկեղեցում առկա «ճգնաժամի» վերաբերյալ։ Այն կազմել էր վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Փաշինյանը հայտարարել էր նաեւ, որ զեկույցի քննարկման նպատակով ԱԺ-ում կարող է քննիչ հանձնաժողով ստեղծվել։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «Հրապարակի» հետ զրույցում սա անվանեց Եկեղեցու դեմ պատերազմի հերթական փուլ։ «Իրենց ողջ մտավոր, բարոյական, ինտելեկտուալ խեղճությունը ցուցադրող փաստաթուղթ է։ Այդ փաստաթղթի հետեւում երեւում են որոշ տիրադավների ու որոշ կարգալույծ հոգեւորականների ականջները, բայց նրանք էլ չեն փայլում ինտելեկտով։

Դա խղճուկ, խեղճուկրակ, փութանակի էլ չի՝ հապշտապ չի, բավականին ժամանակ են ծախսել, բայց, վերջիվերջո, խելք է պետք ունենալ՝ լավ փաստաթուղթ կազմելու համար։ Իրենց խեղճությունը, անորակությունը, անմակարդակությունը ցուցադրող փաստաթուղթ է, որտեղ ոչինչ չկա հիմնավոր։ Առավել եւս այդ ճանապարհային քարտեզը խոսում է իրենց ողջ դատարկության եւ տեսլականի բացակայության մասին։ Եվ, ինչպես ասացի, որոշ տիրադավների ականջներն են երեւում դրա հետեւում, որովհետեւ որոշ տիրադավներ իրենց անուն-ազգանունը լավ գրել չեն կարողանա, էլ ուր մնաց փաստաթուղթ կազմեն, դրա համար ասում եմ՝ որոշ, բոլորը չէ, որ մասնակցել են։ Եվ մի երկու կարգալույծներ կան, որոնք իրենց դրել են դոկտոր- պրոֆեսորների տեղ եւ ցուցադրել են իրենց խեղճուկրակությունը, բայց իրենք վստահ են եղել այն իմաստով, որ այդ խեղճուկրակ փաստաթուղթն ազդեցություն կգործի ինտելեկտ չունեցող կամ նվազ ինտելեկտ ունեցող մասսայի վրա, որոնք իրենց հիմնական բազիսն են»։

Զեկույցում ներկայացվածը ասեկոսեներ են, դատարկաբանություններ՝ նշում է սրբազանն ու հավելում, որ զեկույցի հեղինակներն անմիտ, անխելք, անճար ճանապարհային քարտեզ են կազմել։

Մեր հարցին, թե Եկեղեցին ինչպես պետք է այս զեկույցին պատասխանի, Միքայել սրբազանն ասաց, որ Եկեղեցին դրան հատուկ պատասխանելու կարիք չունի։ Հրապարակայնորեն պետք է ցույց տալ այդ փաստաթղթի խեղճությունը, փաստարկների բացակայությունը, այդ բոլոր՝ իբրեւ թե փաստերի հիմնազուրկ լինելը, եւ իր ակտիվ նախաձեռնողական քաղաքականությամբ կամ նախաձեռնողական գործողությամբ՝ օրենքի շրջանակներում պետք է անի նախաձեռնող քայլեր՝ չեզոքացնելու այն բոլոր հարձակումները, որոնք կլինեն եւ լինելու են, որովհետեւ այս նեոբոլշեւիկները լուրջ հրահանգներ ունեն։ Նա վստահ է, որ այս նեոբոլշեւիկների հարձակումները շարունակվելու են։ Իսկ որտեղի՞ց են գալիս հրահանգները։ «Որտեղից որ վարչապետի պաշտոնը ստանձնած անձը դրվատեց այդ փաստաթուղթը․ որտեղի՞ց դրվատեց, որտե՞ղ էր գտնվում, որ հասցրեց այդ փաստաթուղթը կարդալ, դրվատել։ ԱՄՆ-ի հետեւում Թուրքիա չե՞ք տեսնում եւ Թուրքիայի հետեւում Միացյալ Նահանգներ չե՞ք տեսնում; Պատահակա՞ն էր, չէ՞ր կարող երկու օր համբերել, հասնել Հայաստան, Հայաստանում ծանոթանալ փաստաթղթին եւ նոր իր դրվատանքն ասել։ Այդ ՊՈԱԿ-ը չէ՞ր կարող սպասել եւս երկու օր, մինչեւ կվերադառնար, եւ նոր հրապարակեր այդ փաստաթուղթը։ Նշանակում է՝ ինչ-որ մեկին նաեւ այնտեղ էր պետք այս փաստաթուղթը»։ Դրա նպատակն է՝ ցույց տալ, որ իրենք ճշգրիտ կերպով կատարում են այն, ինչի համար բերվել են իշխանության, որ իրենք լավ են կատարում իրենց հանձնարարվածը։

«Ձեր կոլեգա Հ1-ը մեկ օրում կարո՞ղ էր այդպիսի տեսանյութ պատրաստել, դա մեկ օրվա ռեպորտա՞ժ էր, այդքան պրոֆեսիոնա՞լ են Հ1-ի լրագրողները, որ մեկ օրում, մեկ ժամում այդպիսի զեկույցի մասին այդպիսի ռեպորտաժ պատրաստեն՝ մեկ ամսում չեն կարող պատրաստել։ Հ1-ը չի՞ ամաչում, որ լծված է օրվա իշխանության կողմից եկեղեցին սեւացնելու գործին, վաղը չի՞ ամաչելու, այդ լրագրողները չե՞ն ամաչելու»,- հարցեր է բարձրացնում սրբազանը։ Շիրակի թեմի առաջնորդը շեշտում է՝ այս իշխանությանը եկեղեցի պետք չէ, ու այդ մասին հայտարարել է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը։

«Ի՞նչ է նշանակում՝ պետությունը թուլանում է, երբ եկեղեցին հզորանում է։ Մի թուլացիր, եկեղեցու հզորացումն ինչո՞ւ պիտի պետությունը թուլացնի, եթե ինքդ թույլ չես։ Եթե ինքդ թույլ ես, քո թուլության կողքին եկեղեցվո հզորությունը կերեւա, բայց եթե դու թույլ չես, եկեղեցու հզորությունը քեզ ի՞նչ է խանգարելու։ Այսինքն, դու քո տկարությունն ուզում ես թաքցնել եկեղեցու հզորության բացակայությամբ, քանի որ ես տկար եմ եւ չեմ էլ կարողանալու հզոր լինել, պետք չի, որ իմ եկեղեցին հզոր լինի, իմ տկարությունը ավելի կերեւա»,- ասաց Միքայել արքեպիսկպոս Աջապահյանը։ Սրբազանը նշում է, որ մենք թույլատրելիի սահմանը վաղուց ենք անցել, անցել ենք այն ժամանակ, երբ հայի անուն-ազգանուն կրողները հարձակվում են Ամենայն հայոց կաթողիկոսի վրա։

«Վերջերս ծնված երեխաներ, որ վայելում են այս կաթողիկոսի ստեղծած բարիքները՝ վերականգնված, վերանորոգված, պայծառ եկեղեցիների տեսքով, նույն Հովհաննավանքը, նույն մայր տաճարը, վայելում են եւ քա՞ր են նետում այդ հեղինակի վրա։ Դա ինքնասպանություն է։ Եվ եթե նրանց ձեռքը բռնող չկա, դա ինքնասպանություն է։ Եկեղեցին կշարունակի իր գոյությունը։ Եթե անգամ ազգն ինքնասպան լինի, հայ եկեղեցին կշարունակի իր գոյությունը, բայց հայ եկեղեցին առանց իր հայ ազգի՝ աննպատակ է իր գոյությունը։ Պետք է հասկանալ մի բան, որ դարեր շարունակ այս ազգին համախմբած եկեղեցին չի կարող հարձակման թիրախ լինել, այլ պետք է լինի միասնության օջախ»,- եզրափակում է Միքայել սրբազանը։