Թուրքական Evrensel թերթը հոկտեմբերի 6-ին «Ankara-Bakü ‘kardeşliğinin’ bölgesel dizayn sınavı» հոդվածում անրդադարձել է Անկարա-Բաքու հարաբերություններում ի հայտ եկած նոր լարվածությանը։
Հոդվածը Անկարա–Բաքու վերջին տարաձայնությունները դիտարկում է որպես տարածաշրջանում փոխվող շահերի ու հարաբերությունների արտահայտություն։
Հեղինակը այս ամենը կապում է տարածաշրջանի ավելի լայն վերադասավորման հետ՝ Ադրբեջանի հարաբերությունները Իսրայելի հետ, Թուրքիայի նոր հաշվարկները, Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացը և Հայաստանի խորացող կապերը Արևմուտքի հետ։
Այստեղից էլ առաջ է գալիս հիմնական հարցը՝ որքանով է «մեկ ազգ, երկու պետություն» բանաձևը դիմանում Հարավային Կովկասում փոխվող շահերի և նոր ուժային դասավորության ճնշմանը։
Տարիներ շարունակ «մեկ ազգ, երկու պետություն» բանաձևը եղել է Անկարա–Բաքու հարաբերությունների քաղաքական հենասյունը։
2020-ի պատերազմը Անկարա–Բաքու համագործակցությունը հասցրեց աննախադեպ մակարդակի․ Թուրքիան Ադրբեջանին ապահովեց քաղաքական ու ռազմական աջակցությամբ, իսկ պատերազմից հետո թուրքական ընկերությունները լայնորեն ներգրավվեցին Ղարաբաղի վերակառուցման ծրագրերում։
Evrensel-ը հիշեցնում է նաև Ալիևի վերջերս հնչեցրած խոսքերը՝ Ադրբեջանը որևէ մեկի օգնության կամ հովանավորության կարիքը չունի և իր սպառազինությունը ձեռք է բերել սեփական միջոցներով։ Թերթը այս շեշտադրումը դիտարկում է նաև որպես փորձ՝ ավելի ընդգծելու Ադրբեջանի ինքնուրույնությունը և նվազեցնելու Թուրքիայի պատերազմի ժամանակ ունեցած դերի նշանակությունը։
Ավելի կարևոր է այս ամենի քաղաքական տողատակը։ Անկարայի և Բաքվի շահերը շարունակում են մեծ մասամբ համընկնել, բայց արդեն ոչ բոլոր հարցերում։ Թուրքիան հետաքրքրված է Հայաստանի հետ սահմանի ապաշրջափակմամբ, նոր հաղորդակցություններով և տարածաշրջանային առևտրի ընդլայնմամբ։ Ադրբեջանը սեփական անվտանգության ու արտաքին քաղաքական հաշվարկներն ունի։
Այս փոփոխվող պատկերի մեջ Հայաստանը աստիճանաբար դառնում է ինքնուրույն գործոն։ Երևան-Անկարա կարգավորումն ու Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը Թուրքիայի համար կարող են բացել նոր տնտեսական ու քաղաքական հնարավորություններ՝ Անկարային տալով ավելի անմիջական դեր ամբողջ տարածաշրջանում։

Բաց մի թողեք
Ադրբեջանն աջակցում է Փաշինյանին՝ ընդդեմ հայ ազգայնականների
Արդյոք արդեն շատ չե՞նք ուշանում, սա է հարցը․ Ծառուկյան
Ընդունելի՞ է Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցության նկատմամբ ռուսական վերահսկողական դերակատարությունը, թե ոչ