28/10/2026

EU – Armenia

Աշխատանքից ազատեն, գործ սարքեն, ասֆալտին փռեն՝ ընդդիմություն ո՞նց կձեւավորվի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում նոր պետականակենտրոն ընդդիմության ձեւավորման անհրաժեշտություն է տեսնում։ Նա, անդրադառնալով հոկտեմբերի 25-ին Հայաստանի 19 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներին, որտեղ ՔՊ-ն հաղթել է, ասել է․ «Երեկ Հայաստանի մի շարք համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որոնց արդյունքում ՔՊ-ն կամ, այսպես ասենք, պրոքպական թեկնածուները եւ թիմերը տարան ջախջախիչ հաթանակ։ Եվ այս իրավիճակը պետք է մի քանի դիտանկյունից արժանանա քաղաքական գնահատականի․․․

Հրապարակ թերթը գրել է․ Առաջինը՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ես խոստացել էի, եւ դա իմ հանձնառությունն էր, որ ռոբա-սերժա-կալուգա-կտրիճական ուժերը կամ, մեկ բառով ասած, լրտեսական ուժերը, պատերազմի եռագլուխ-քառագլուխ կուսակցությունը պետք է ոչնչացվի, եւ ՏԻՄ ընտրությունների արդյունքներով մենք տեսնում ենք, որ դա տեղի է ունեցել Հայաստանի քաղաքացիների օգնությամբ եւ աջակցությամբ։ Բայց, մյուս կողմից, ես ուզում եմ անկեղծ եւ ուղիղ ասել՝ որպես 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնած մարդ․ ամենեւին էլ երջանիկ չեմ, որ մենք մի շարք համայնքներում ստացել ենք 90+, 80+ կամ 70+ ձայներ, որովհետեւ, ինչքան էլ առաջին հայացքից հաճելի է թվում, այս տոկոսները որոշակի ասոցիացիաներ են առաջացնում։ Բայց դրանք առաջ են բերում նաեւ ընդդիմության հարցը Հայաստանում․․․ մի կողմից մենք պետք է իսկապես Հայաստանից արմատախիլ անենք լրտեսական ընդդիմությունը, որը կառավարվում է դրսից, բայց մյուս կողմից Հայաստանը պետք է ունենա պետականակենտրոն ընդդիմություն»։

Բայց, հավանաբար, խոսքի ընթացքում արդեն հասկացել է, որ սխալ բան է ասում, եւ հավելել է, որ դա չի նշանակում, թե կառավարությունը պետք է ընդդիմություն ձեւավորի՝ «մենք կարող ենք ընկնել ավելի վատ վիճակի մեջ եւ վատագույն պրակտիկան Հայաստանում վերականգնելու փորձ անենք», այն է՝ «հաճախորդ եւ կառավարելի ընդդիմություն» ստեղծենք։ Նրա խոսքով՝ լուծումն այն է, որ Հայաստանում ոչ իշխանական եւ պետականակենտրոն ուժերն ակտիվանան։ «Մենք, բնականաբար, չենք կարող նրանց աջակցել, բայց մենք նրանց ոչ մի բանով չենք խանգարի։ Մենք շահագրգռված ենք, որ Հայաստանում իսկապես ձեւավորվի ընդդիմություն, որը գործում է Հայաստանի, Հայաստանի ժողովրդի շահերի վրա հիմնվելով եւ հենված է ժողովրդավարական արժեքների ու տրամաբանության վրա, ոչ թե ընտրակաշառքների կամ գողացվածը, թալանվածը քաղաքականության մեջ ներդնելու եւ քաղաքականությունը թալանվածը պաշտպանելու գործիք դարձնելու ուղղությամբ է գործում։ Սա ասում եմ որպես շատ կարեւոր օրակարգ, բայց իմ ասելիքն այս պահին հռետորական է։ Այս պահին ես կարող եմ բոլորիս շնորհավորել, որ մենք հաջողությամբ իրականացնում ենք լրտեսական ընդդիմության կամ պատերազմի քառագլուխ կուսակցության ոչնչացման աշխատանքները՝ իհարկե, Հայաստանի ժողովրդի աջակցությամբ։ Բայց նաեւ ակնհայտ է, որ Հայաստանին պետք է նոր, քաղաքական, ժողովրդավարական, պետականակենտրոն ընդդիմություն»,- ասել է Փաշինյանը։

Իսկ ուղիղ մեկ ամիս առաջ նույն Փաշինյանը հայտարարում էր, թե այս խորհրդարանական ընդդիմությունը նվեր է իր համար, եւ անգամ շնորհակալություն էր հայտնում ընդդիմադիրներին: Քաղաքագետ Էդվարդ Անտինյանը, որը նաեւ Շնորհապետական կուսակցության ցուցակի երկրորդ համարն էր՝ մասնակցում էր հունիսի 7-ի պառլամենտական ընտրություններին, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի՝ ընդդիմափոխության մասին հայտարարություններին, նկատեց. «Փաշինյանը թվարկեց այն հատկանիշները, որոնք պետք է ունենա ընդդիմությունը, բայց ուժը ե՞րբ է դառնում ընդդիմություն՝ երբ մասնակցում է ընտրություններին եւ ստանում է ավելի քիչ ձայն, քան իշխանությունը: Ես մի պարզ հարց ունեմ Փաշինյանին․ այն որակները, որոնք նա ցանկանում է տեսնել ընդդիմության մեջ, ունի՞ իշխանությունը: Նա ամեն բան արեց, որպեսզի 2026-ի ընտրություններին ռուսական պսիխոզի շնորհիվ ավելի շատ ձայներ ստանա: Ասաց` ժողովուրդ, երկիրը տանում են ձեռքներիցս, իսկ մենք մեռանք բացատրելով, որ ինքը բոլորից ավելի նվիրված է ՌԴ-ին: Հայաստանում Ռուսաստանին ավելի նվիրված գործիչ, քան Փաշինյանը, չկա: Նախորդ ընտրություններին «կինոյի տղեն» Քոչարյանն էր, ասում էին՝ Քոչարյանի դեմ պայքարելու համար մեզ ընտրեք: Այս ընտրություններին պարզվեց, որ Քոչարյանը էլ մոդա չէ: Իրենց այլ ուժ է պետք: Ընտրության ժամանակ մարդիկ մեզ ասում էին` ձեզ շատ սիրում ենք, բայց դուք չէ, որ կարող եք Փաշինյանին տուն ուղարկել: Այն մարդիկ խոստացել են, որ դա կանեն, գնանք՝ նրանց ընտրենք: Իսկ ընդդիմությունն իր խոստումներին տեր կանգնե՞ց: Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ընդդիմությունը նվեր է իր համար: Հիմա ինչո՞ւ է հրաժարվում իր խոսքերից եւ նոր ընդդիմություն փնտրում: Մենք որպես այլընտրանք էինք հանդես գալիս, ի՞նչ արեցիք մեր դեմ: Իշխանությունն այնպիսի ֆանտաստիկ ռեսուրսներ է ծախսում ընտրությունների վրա, որ անգամ ընտրությանը մասնակցող բոլոր ուժերը միասին այդքան ռեսուրս չեն ծախսում»:

Նոր ընդդիմություն ասելով Փաշինյանը ո՞ր ուժին նկատի ունի, գուցե ցանկանում է հատուկ իր համար ընդդիմությո՞ւն աճեցնել։ «Եթե նոր ուժ է ձեւավորվելու, եւ եթե ձեւավորողն իշխանությունը չէ, ապա ինչպե՞ս է ձեւավորվելու այդ նոր ուժը, որն ազնիվ լինի, բանակը, պետությունը թալանած չլինի, պատվեր կատարող չլինի, գործակալ չլինի: Այդ դեպքում, եթե նոր ընդդիմություն է ցանկանում, ի՞նչ ռեսուրսներով է այդ ուժը մասնակցելու ընտրություններին: Եթե բիզնես ունենան՝ իշխանությունը կխլի, եթե նրանցից ինչ-որ մեկի բարեկամը պետական աշխատող լինի, աշխատանքից կազատեն, վրեն գործ կսարքեն, կծեփեն պատին, ասֆալտին կփռեն: Այսինքն` ինչպե՞ս է նոր ընդդիմություն ձեւավորվելու: Հակակոռուպցիոն կոմիտեն ասում է` ընտրությանը մասնակցող ուժերից մեկը Սարդարապատ է գնացել, կուսակցության անդամներից մեկը 2 ծաղիկ է բերել, որպեսզի կուսակցության ղեկավարը գերեզմանի վրա դնի, ասում են` ինչո՞ւ ծաղիկի փողը չի երեւում հաշվետվության մեջ, էլ ի՞նչ կարող ենք ակնկալել նման իշխանությունից: Կուսակցության անդամին ասում են՝ քեզ որտեղի՞ց փող, որ անդամավճար ես մուծում: Արեւմտյան դաշտում խաղացող ընդդիմադիր ուժերին էլ Նիկոլ Փաշինյանը փչացրել է: Նրանք՝ բոլորը, հայտարարեցին, որ գնում են ընտրության Նիկոլ Փաշինյանին օգնելու համար: Մեր ժողովուրդը զզվում է այս տեսակ խորհրդարանից: Աշխարհում չեք գտնի մի խորհրդարան, որն այսքան անլուրջ լինի: Մեր խորհրդարանում որեւէ հոդաբաշխ վերլուծություն չի արվում: Անլուրջ հայտարարություններ, վիրավորանքներ, ուրիշ ոչինչ»: