07/11/2026

EU – Armenia

Պետք է այնպես անել, որ նրանց կալանքի յուրաքանչյուր օրը Ալիեւի վրա ավելի ու ավելի թանկ նստի

Տնտեսագիտության դոկտոր, բնապահպանական քաղաքականության եւ բնական պաշարների կառավարման մասնագետ՝ ֆրանսահայ Անկինե Կիրակոզյանը փառահեղ ելույթ էր ունեցել Նիցցայում` Բաքվում գտնվող գերիների թեմայով, խոսել էր այն մասին, որ հարկավոր է նրանց Նիսի պատվավոր քաղաքացի հռչակել, որ Ադրբեջանն իմանա` Նիսը նրանց ազատելու ջատագովն է, նրանց պաշտպանը:

Հրապարակ թերթը գրել է․ Անկինե Կիրակոզյանին հարցրել էինք․ «Ըստ Ձեզ, ովքեր կարող են բարձրացնել գերիների ազատ արձակման հարցը, եւ ինչպես կարող ենք հասնել նրանց վերադարձին, եթե Հայաստանի իշխանությունները չեն կարողանում կամ չեն ցանկանում այդ հարցով զբաղվել: Ինչքանով եք ռեալ համարում, որ Ձեր առաջարկը կընդունվի` Բաքվի գերիները կդառնան Նիսի պատվավոր քաղաքացիներ»: Նա պատասխանել էր.

«Անկեղծ ասած, երբ հոկտեմբերի 22-ին Նիսի քաղաքապետարանում ներկայացրի այս առաջարկը, դրական պատասխանի չէի սպասում։ Ոչ թե այն պատճառով, որ կասկածում էի քաղաքապետի հանձնառությանը, այլ՝ այն, որ խոսքը մեկ կամ երկու անձի մասին չէր․ խոսքը 20 մարդու մասին էր։ Քաղաքապետ Էրիկ Սիոտտին դրական արձագանքեց այս առաջարկին եւ հրապարակավ հայտարարեց, որ մտադիր է այն ներկայացնել համապատասխան ընթացակարգով, որպեսզի Բաքվում պահվող 20 հայերը դառնան Նիսի պատվավոր քաղաքացիներ։
Այո՛, ես հավատում եմ, որ դա հնարավոր է։ Ես Ֆրանսիայում քաղաքականապես ներգրավված չեմ եւ պարոն Սիոտտիի հետ Ֆրանսիայի վերաբերյալ նույն քաղաքական հայացքները չունեմ, դա չեմ էլ թաքցնում։ Բայց Հայ դատի հարցում նա միշտ եղել է անթերի։ Մեր պատանդների դիմանկարները գրեթե մեկ տարի է՝ փակցված են քաղաքապետարանի ցանկապատին։ Առայժմ նա անում է այն, ինչ խոստանում է։ Իսկ մենք հետեւողական կլինենք, որպեսզի այդպես էլ շարունակվի։

Սա, ի դեպ, առանձին նախաձեռնություն չէ։ Ընդամենը մի քանի օր անց սենատոր Գաել Ֆրոնտոնին Le Journal du dimanche-ում հրապարակեց «Հրաժարումը քաղաքականություն չէ» վերնագրով հոդված, որտեղ պահանջում էր, որ Նիսում մատուցված հարգանքի տուրքը «շարունակություն ունենա»։ Դա արել է սեփական նախաձեռնությամբ, ոչ թե մեր խնդրանքով։ Սա հենց այն էր, ինչին մենք սպասում էինք՝ որ ընտրված պաշտոնյաներն իրենք ստանձնեն այս հարցի առաջմղումը՝ առանց սպասելու, որ մենք գնանք նրանց դիմելու։
Այս առաջարկը հանկարծակի մտահղացում չէր` ունի նախադեպեր։ 2018 թվականին Փարիզը պատվավոր քաղաքացիություն շնորհեց ուկրաինացի կինոռեժիսոր Օլեգ Սենցովին, երբ նա Ռուսաստանում կրում էր 20 տարվա ազատազրկման պատիժը։ Հաջորդ տարի նա ազատ արձակվեց։ Փարիզը նույնկերպ պատվավոր քաղաքացիություն էր շնորհել նաեւ Կոլումբիայում FARC-ի կողմից պատանդառված Ինգրիդ Բետանկուրին։
Ես գիտեմ, որ պատվավոր քաղաքացիությունը ոչ ոքի ազատ չի արձակում, բայց փոխում է կալանքի բնույթը։ Այլեւս խոսքը միայն Բաքվում պահվող մի հայի մասին չէ, այլ նաեւ՝ Նիսի քաղաքացու։ Իլհամ Ալիեւի վարչակարգի համար այս քսան մարդիկ ակտիվ են՝ փոխանակման միջոց, որը նա մտադիր է օգտագործել իրեն հարմար պահին։ Մեր խնդիրն այդ ակտիվը պարտավորության վերածելն է, այսինքն՝ այնպես անել, որ նրանց կալանքի յուրաքանչյուր օրն Ալիեւի համար ավելի ու ավելի թանկ արժենա՝ հեղինակության, պայմանագրերի եւ դիվանագիտական հարաբերությունների տեսանկյունից։ Սա կոչվում է արտաքին ազդեցության ծախսերի ներքինացում․ վնաս պատճառողին ստիպել կրել այն ծախսերը, որոնք նա պարտադրում է ուրիշներին։ Սա «աղտոտողը վճարում է» սկզբունքն է։ Այն պետք է դառնա նաեւ «պատանդառուն վճարում է» սկզբունք։

Ո՞վ կարող է առաջ տանել այս հարցը։ Առաջին հերթին՝ Հայաստանի իշխանությունները, անկախ նրանից՝ ցանկանում են դա, թե ոչ։ 2025 թ. օգոստոսին երկու կողմի նախաստորագրած խաղաղության պայմանագիրը դեռեւս ստորագրված չէ, իսկ Բաքուն պահանջում է, որ Հայաստանը փոխի իր սահմանադրությունը։ Հետեւաբար, Հայաստանն ունի ազդեցության լծակ, որից չպետք է հրաժարվի։ Ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է համաձայնել քննարկումներ սկսել մեր երկրի հիմնական օրենքի փոփոխության շուրջ, երբ մեր 20 հայրենակիցները դեռեւս պահվում են Բաքվում։ Իմ համոզմամբ՝ դիրքորոշումը պետք է լինի միանշանակ․ մենք նույնիսկ չպետք է սկսենք մեր սահմանադրության շուրջ քննարկումները, քանի դեռ դուք չեք ազատել մեր պատանդներին։ Նրանց ազատ արձակումը պետք է լինի բացարձակ նախապայման, այլ ոչ թե հարց, որը կարելի է հետաձգել եւ քննարկել բանակցությունների հետագա փուլում։

Հաջորդը եվրոպական պետություններն են, առաջին հերթին՝ Ֆրանսիան։ Նրանք ունեն ազդեցության լծակներ, եւ այդ լծակներն էներգետիկ բնույթ ունեն։ Եվրամիությունը գնում է Ալիեւի գազը։ Անցած սեպտեմբերի 26-ին՝ 2020 թ. պատերազմի սկսվելու տարելիցի նախօրեին, TotalEnergies ընկերությունը հայտարարեց Ադրբեջանում Աբշերոնի գազային հանքավայրի լիարժեք զարգացման համար ներդրումային վերջնական որոշման մասին։ Այս նախագիծը նախատեսում է, որ 2029 թվականից հանքավայրի տարեկան արտադրությունը կհասնի 6 միլիարդ խորանարդ մետր գազի։ Երբ դու գնորդ ես, պայմաններ առաջադրելու հնարավորություն ունես։

Այնուհետ գալիս են խորհրդարանները․ Ֆրանսիայի Սենատը միաձայն ընդունել է համապատասխան բանաձեւ, իր դիրքորոշումն արտահայտել է նաեւ Եվրախորհրդարանը։ Դրանից հետո՝ քաղաքները, ինչպես Նիսը, եւ հուսով եմ՝ վաղը նաեւ շատ այլ քաղաքներ։ Եվ, վերջապես, սփյուռքն ու հասարակական կազմակերպությունները, որոնք պետք է ապահովեն, որ այս մարդկանց անունները չմոռացվեն, մանավանդ որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2025-ի սեպտեմբերից այլեւս ներկայացուցչություն չունի Ադրբեջանում։

Մեր նպատակն է՝ այս հարցը դուրս բերել բացառապես հայկական համայնքի շրջանակներից։ Երբ ֆրանսիական որեւէ քաղաք որոշում է իր աջակցությունը հայտնել այս մարդկանց, հիշեցնում է, որ նրանց կալանքը վերաբերում է նաեւ մեր հավաքական խղճին, մարդու իրավունքներին մեր հավատարմությանը եւ արդարության մասին մեր պատկերացումներին։

Եվս մեկ խոսք, որն ինձ համար առանձնահատուկ կարեւորություն ունի։ 2022 թվականի դեկտեմբերին Լաչինի միջանցքը փակվեց ադրբեջանցի, այսպես կոչված, «բնապահպան ակտիվիստների» կողմից, որոնք հայտարարում էին, թե բողոքում են հանքարդյունաբերության դեմ։ 2025 թ. հոկտեմբերին նրանցից մեկը՝ Դիլարա Էֆենդիեւան, ադրբեջանական պատվիրակության կազմում էր, որին Երեւանում ընդունել էր Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը։ Իսկ մեր պատանդներին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այլեւս չեն այցելել 2025 թվականի դեկտեմբերից։ 2024 թ. նոյեմբերին Բաքուն հյուրընկալում էր COP29-ը՝ կլիմայի փոփոխության հարցերով համաշխարհային համաժողովը, մինչդեռ այդ մարդիկ բանտում էին։

Բնապահպանությունն օգտագործվեց որպես էթնիկ զտումների եւ քարոզչական գործողության քողածածկույթ։ Սա անընդունելի է ինձ համար՝ թե՛ որպես հայի, թե՛ որպես բնապահպանական հարցերով մտահոգ մարդու»։