07/11/2026

EU – Armenia

Ձախողում` բոլոր ոլորտներում

Երբ խոսում ենք իշխանափոխությունից, դրա անհրաժեշտությունը հիմնավորելիս, որպես կանոն, հիշում ենք Արցախը, 120 հազար տնանկ արցախցիներին, պատերազմը, մեծացած Եռաբլուրը, Ջերմուկի եւ Սեւ լճի գլխին թառած ադրբեջանական զինուժը:

Հրապարակ թերթը գրել է․ Թիվ մեկ ապացույցը, որ այս իշխանությունները ձախողել են երկրի կառավարումը, մենք համարում ենք անվտանգային խնդիրները, մեր պետության կորուստները:

Բայց չէ՞ որ մյուս բնագավառներում էլ վիճակը բարվոք չէ: Բանակում զոհերի թիվը տագնապեցնող չափերի է հասել, ծանր հանցագործություններն ու մահվան ելքով վթարներն են աճել, թմրամոլների քանակն է աստղաբաշխական չափերի հասել, թմրամոլությունն անգամ դպրոց է մտել: Նույնիսկ ամենապահպանողական եւ պաշտպանված համակարգերն են ճաք տալիս ու աչքի առաջ հետընթաց ապրում:

Մեզ թվում էր, թե մենք ամուր կրթական համակարգ ունենք եւ ուսման հանդեպ ավանդական հարգանք, բայց բավական է մի միջազգային ուսումնասիրություն իրականացվեր, եւ պարզվեր, որ խայտառակ վիճակում է երիտասարդ սերունդը` անգամ տեքստեր չի կարողանում կարդալ-ընկալել: Այսինքն, մի քանի գունավոր դպրոց ու մանկապարտեզ կառուցելը կրթական բովանդակության հետ ոչ մի կապ չունի:

Բացի այդ, 200-ից ավելի դպրոց է փակվել, եւ դա էլ խոսում է սխալ դեմոգրաֆիական քաղաքականության մասին` Երեւանն ուռճացնում են, գյուղերը` դատարկում: Դրա արդյունքում մայրաքաղաքը խեղդվում է շինարարությունից, խցանումներից, փոշուց: Եվ այս բոլորը ապաշնորհ կառավարման, հեռահար ծրագիր չունենալու, խնդիրները չհասկանալու արդյունք է:

Պոլիկլինիկաներում, բուժհաստատություններում մարդիկ օրերով հերթ են կանգնում, անձնագիր ու որեւէ տեղեկանք ստանալը տարտարոսի տանջանք է: Մեկ անձից գնումներ են անում` առանց մրցույթների: Ո՞ր մեկն ասես: