08/11/2026

EU – Armenia

Ահա, թե ինչու էր հերթական անգամ խախտվել Սահմանադրությունը

Եթե վաղը խորհրդարանական ընտրություն անցկացվեր, ապա իշխող կուսակցությանն ու նրա արբանյակներին ձայն կտար ընտրողների 26 տոկոսը, ընդդիմությանը՝ ±21 տոկոսը: Եվ մի հսկա հատված՝ 37 տոկոս, կտատանվեր մինչև ընտրատեղամաս հասնելը:

Կմնային նրանք (11.7 տոկոս), ովքեր ընդհանրապես չէին քվեարկի կամ մասնակցի ընտրությանը: Եթե այս տվյալները ածանցենք ընտրողների ընհանուր քանակի վրա, կարող ենք ենթադրել, որ Հայաստանում առկա չէ պաշտոնապես ներկայացվող ընտրողների թիվը՝ 2.5 միլիոն: Այդ քանակից երկրում առկա է 1.5 միլիոնը (2026-ի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությանը մասնակցածները)՝ գումարած մոտ 12 տոկոս կամ 180 հազար ընտրող: Այսինքն, ընդհանուր առմամբ 1 միլիոն 800 հազար ընտրող: Բայց այդ դեպքում ստացվում է, որ հունիսի 7-ին ընտրությանը մասնակցել է հայաստանյան ընտրողների ոչ թե 60, այլ ավելի քան 90 տոկոսը:
Բայց մասնակցության նման քանակ սովորաբար չի լինում:

Ինչը նշանակում է, որ «GALLUP International Association» Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի կողմից անցկացված սոցհարցման մասնակիցներից 13.1 տոկոսը ևս չի մասնակցում ընտրություններին՝ դա քողարկելով պատասխանելուց հրաժարվելու տեսքով: Ու այդ դեպքում 180 հազարին պետք է գումարենք ևս 210 հազար ու ստանանք անտարբերների իրական կամ դրան մոտ քանակը՝ շուրջ 400 հազար:

Ու եթե դա էլ գումարենք 1 միլիոն 500 հազարին, որ մասնակցել են հունիսի 7-ին, կստանանք սովորաբար Հայաստանում գտնվող չափահասների թիվը՝ 1 միլիոն 900 հազար: Որպես ընտրող գրանցվածներից մնացած 600 հազարը բացակայում է: Ու դրա կեսից ավելին՝ ենթադրաբար երեք քառոդը (450 հազարը) կամ նույնիսկ չորս հինգերորդը (480 հազարը)՝ եթե ոչ ավելին, գտնվում է Ռուսաստանում: Իսկ դա հսկայական թիվ է: Պարզ է, չէ՞, թե ինչու մեծ մասը կարող է գտնվել Ռուսաստանում:

Այս թվերին հաստատ տեղյակ էր գործող իշխանությունը: Ու այդ պատճառով, նախ աղմուկ բարձրացրեց Ռուսաստանում բնակվող ընտրողների պոտենցիալ վերադարձի առումով: Ու անմիջապես օրենք ընդունեց՝ սահմանափակելով ընտրելու՝ հայաստանցիների իրավունքը՝ խախտելով սահմանադրական դրույթը: Ինչն, իհարկե, անտարբերության մատնվեց Վենետիկի հանձնաժողով կոչված կամ այլ եվրոպական կառույցների կողմից: Չնայած եվրոպական Մոլդովայում Մայա Սանդուն 2024-ին նախագահ ընտրվեց, իսկ մեկ տարի անց՝ նրա կուսակցությունը շահեց խորհրդարանական ընտրությունները հենց եվրոպական երկրներում բնակվող ու աշխատող մոլդովացիների ձայների հաշվին: Ընդ որում, նրանք հայրենիք վերադառնալու կարիք չունեին, քանի որ ընտրատեղամասեր բացվում էին հենց եվրոպական քաղաքներում: Բացվում էին ավելի շատ, քան լինում էր դրա կարիքը: Ինչն էլ բերեց «մեռած հոգիների» կամ այլ տեսքով ընտրակեղծարարության մեծ ալիքին: Ինչպես երևում է, այսպիսի դեպքերում ժողովրդավարության տեսակետից կարևորը ոչ թե սկզբունքն է, այլ այն հարցը, թե ում շահերին կարող է ծառայել այդ սկզբունքը:

Չեմ կարող չանդրադառնալ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների համար ընտրական տեղամասեր չբացելու և քվեարկությունը բացառապես երկրի տարածքում կազմակերպելու սկզբունքին՝ կյանքի կոչված 2007 թվականի ընտրական բարեփոխումներով: Նման արգելքն ուներ տրամաբանական պատճառներ՝ արտասահմանում ընտրատեղամասեր բացելու լոգիստիկ ու ֆինանասական բարդությունները, ընտրացուցակների ճշգրտության խնդիրներն ու վերահսկողություն իրականացնելու անհնարինությունը:

Չմոռանանք, որ այդ ժամանակ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Ռոբերտ Քոչարյանը, ով ռուսամետի համբավ ունի: Թե ինչպես է այդ հանգամանքը համատեղվում հենց նրա օրոք սահմանված արգելքի հետ՝ դժվար է ասելը: Ենթադրում եմ, որ դա եվրոպական կառույցների պահանջն է եղել՝ եվրաչինովնիկները հեռու են նայել, ու ինքը չի կարողացել դեմ գնալ դրան: Արդյունքում էլ՝ 2026-ին օգտվեց Նիկոլը: