Մոտ 20 տարի առաջ մի տարածված անեկդոտ կար։ Երիտասարդ մի հիմար տղա աղջիկների մոտ թիթիզանալու համար նետվում է բարձրահարկ շենքի տանիքից։
Գետնին՝ աղջիկների ոտքերի տակ, այդ աղջիկների հիացական հայացքների ներքո, վեր է կենում, շորերը թափ է տալիս՝ տպավորություն ստեղծելու, թե ինքը ամենակարող է։ Բայց գնում շենքի հետևը մեռնում է։
Նույն հիմար իրավիճակը Հայաստանի իշխող ռեժիմի պարագայում է։
Պետության բոլոր հիմնասյուները քայքայված են։ Տնտեսությունը աղետի մեջ է, կրթությունը՝ այլասերված, անվտանգությունը՝ զրոյական, հանցագործությունները հասել են ռեկորդային մասշտաբների, թմրանյութերը լցված են դպրոցներում, երկրի կառավարման համակարգը վերածվել է բռնապետության, որտեղ յուրաքանչյուր ընդդիմադիր պոտենցիալ քաղբանտարկյալ է, որն էլ բանտում կասկածելի հանգամանքներում մահանում է։
Բայց այս իրավիճակում իշխող ռեժիմը տպավորություն է ստեղծում, թե պետությունը երջանիկ ու դրախտային է։ Կրկնում եմ՝ տպավորություն, ոչ թե իրողություն։ Իսկ աշխարհում մոլորակի հերթական վերաբաժանումն է՝ ոչ թե ըստ տպավորությունների, այլ իրականում։
Որքան շատ հաջողություններ են ունենում ռուս զինվորները պատերազմի դաշտում, ու որքան շատ տարածքներ է Ուկրաինայից գրավում Ռուսաստանը, Արևմուտքն այնքան ավելի մոլեգին է զինում Ուկրաինային և ավելի շատ է տարածվում Ռուսաստանի նկատմամբ ատելության քարոզչությունը։
Սա լավ բանի չի հանգեցնելու ոչ Արևմուտքի, ոչ Ռուսաստանի, ոչ էլ մնացյալ աշխարհի, այդ թվում’ Հայաստանի համար։ Ուկրաինայի մասին չեմ ասում, քանի որ այդ երկիրն արդեն կործանված է, մասնատված։
Ռուսաստանի և Արևմուտքի այս կատաղի դիմակայության կողքին ծավալվում է Իրանի ու ԱՄՆ կործանարար պատերազմը, որին մասնակցում են նաև տարածաշրջանային այլ երկրներ։
Այս ամենը ստիպում է մտածել, որ առաջիկայում կարող է լինել համաշխարհային ուղիղ պատերազմ կամ այնպիսի բախում, որտեղ հնարավոր չի լինելու խուսափել ոտնատակ ընկնելուց։
Առաջիկայում Հայաստանի նման երկրների առաջ հստակ հարց է դրվելու՝ կողմնորոշվել։ Իսկ դա աղետալի է լինելու մեզ համար։
Չէի ցանկանա, որ 6-րդ աշխարհակարգը Հայաստանի համար դառնա բախտորոշ, բայց աշխարհի վերաբաժանման ժամանակ կամ պետք է լինել «երկաթե շերեփով», կամ կործանվել։
Հայաստանի իշխանության բռնած ճանապարհը լավագույն դեպքում մեզ տանելու է որևէ մեծ երկրի ենթակայության տակ։ Ինչ երկիր էլ լինի, մեզ համար վատ է։ Ինքնիշխանություն ասելով՝ քանդում են Հայաստանի անկախությունը։
Իշխող ռեժիմի ու երկրի բնակչության համար հոգ չէ, որ կողքից նայող օտարների հիացական հայացքների ներքո երկիրը գնալու է «շենքի հետևում մեռնի»։ Կարևորը տպավորություն ստեղծելն է։
Նաիրի Հոխիկյան


Բաց մի թողեք
Ձոնդ` իզուր
Ինչո՞ւ է Ադրբեջանը բենզին գնում Վրաստանից, իսկ իր արտադրածը ուղարկում Հայաստան
Թուրք-ադրբեջանական հակասությունները և Հարավային Կովկասի նոր աշխարհաքաղաքական փոփոխությունները