«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը մտահոգություն է հայտնել պարտադիր զինվորական ծառայությունից քաղաքացիների առանձին խմբերին ազատելու օրենսդրական նախաձեռնությունների առնչությամբ՝ ընդգծելով, որ նման մոտեցումը կարող է խորացնել բանակում ծառայողների թվի նվազման խնդիրը։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նա հիշեցրել է, որ նախկին իշխանություններին քննադատում էին այսպես կոչված «բանվորագյուղացիական բանակ» ձևավորելու համար, մինչդեռ ներկայումս քննարկվող օրենսդրական փոփոխությունները, նրա գնահատմամբ, ավելի են խորացնում այդ խնդիրը։
Պատգամավորը նշել է, որ արդեն շրջանառության մեջ է դրվել երկու նախաձեռնություն․ դրանցից մեկով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել աշխարհի 50 լավագույն բուհերի շրջանավարտներին, իսկ մյուսով ՆԳՆ-ն առաջարկում է նույն արտոնությունը տարածել ոստիկանական և փրկարար ծառայության ընդունված անձանց վրա։
«Բա ո՞վ է գնալու բանակ ծառայելու, ո՞վ»,- հարցադրում է արել Մանուկյանը։
Նա կանխատեսել է, որ այս տրամաբանության շարունակության դեպքում տարբեր ոլորտների ներկայացուցիչներ նույնպես կարող են պահանջել նման արտոնություններ։ Որպես օրինակ՝ պատգամավորը նշել է, որ ապագայում կարող են առաջարկվել բացառություններ նաև զբոսաշրջության ոլորտի մասնագետների, «Միշլեն» մրցանակակիր խոհարարների կամ թունելագործների համար։
Իր դիրքորոշումը հիմնավորելու համար Մանուկյանը հիշատակել է նաև որդու օրինակը, որը Հորդանանում կրթաթոշակով սովորելու հնարավորություն ունենալով՝ վերադարձել է Հայաստան և անցել պարտադիր զինվորական ծառայություն։
Նրա խոսքով՝ որևէ էական ձեռքբերում չէր լինի, եթե որդին բանակում ծառայելու փոխարեն մեկնած լիներ արտերկիր՝ շարունակելու ուսումը։
Մանուկյանի համոզմամբ՝ աշխարհի լավագույն բուհերից մեկում ընդունվելը չպետք է ինքնաբերաբար ազատման հիմք դառնա պարտադիր զինվորական ծառայությունից։ Նա կարծում է, որ նման կրթական հնարավորություն ունեցող քաղաքացիները կարող են նախ կատարել զինվորական պարտքը, ապա շարունակել ուսումը բուհում։


Բաց մի թողեք
Պատկերացրեք՝ ինչքան է վիճակը վատ, որ Գեղամ Մանուկյանն ինձ է ցիտում
Ինքը մոռացել է, որ պետությունը սոցցանցային հարթակ չէ, իսկ վարչապետի պաշտոնը՝ անձնական բլոգ
Բա էսքան ցավ ու ավեր բերես, հետն էլ մի գրամ ափսոսանքի, զղջումի, ամոթի զգացում չունենա՞ս