ԱԺ-ում զինվորական ծառայությանն առնչվող օրենսդրական փոփոխությունների քննարկումն ուղեկցվել է պատգամավորների միջև կատակային, բայց սուր երկխոսությամբ։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը հայտարարել է, որ պետությունը պետք է գնահատի բացառիկ ունակություններ ունեցող քաղաքացիներին և առանձին դեպքերում նրանց համար հատուկ մոտեցում ցուցաբերի։ Միաժամանակ, նրա համոզմամբ, 18 տարին լրացած բոլոր քաղաքացիները պետք է մեկնեն պարտադիր զինվորական ծառայության։
Իր դիրքորոշումը ներկայացնելիս Ղազարյանը որպես օրինակ բերել է սեփական փորձը։ Նա նշել է, որ սկզբում օգտվել է տարկետման իրավունքից, այնուհետև գիտական աստիճանի և մասնագիտական գործունեության հիմքով ազատվել զինվորական ծառայությունից։
Պատգամավորի խոսքով՝ եթե ստիպված լիներ 26 տարեկանում մեկնել բանակ, դա լուրջ ազդեցություն կունենար իր անձնական կյանքի և մասնագիտական կայացման վրա։ Նա ընդգծել է, որ զինվորական ծառայության համար ամենահարմար տարիքը 18-ն է։
Ղազարյանի ելույթին արձագանքել է ՔՊ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ նկատելով, որ նա մշտապես մասնակցում է պաշտպանության հանձնաժողովի նիստերին, ապա կատակով առաջարկել է նաև հիմա մեկնել ծառայության։
«Ղազարյա՛ն ջան, իսկ քեզ հլը ուշ չի ծառայելու, հիմի էլ կարաս ծառայես»,- ասել է Միքայելյանը։
Ղազարյանը հետաքրքրվել է՝ հնարավո՞ր է ծառայել Արցախում, ինչին ի պատասխան՝ Միքայելյանն ասել է. «Արի՛, ցավդ տանեմ, ես մեծ սիրով կտանեմ քեզ»։


Բաց մի թողեք
Մի աղմուկը ծածկել մյուսով․ Փաշինյանի մաշված հնարքը
Ռուսաստանը և Վրաստանը վերականգնել են ուղիղ շփումները
Քաղաքական շանտաժ խաղաղության քողի ներքո