16/11/2026

EU – Armenia

«Ուժեղ Հայաստանը» փորձում է իրականացնել դեղերի գները 20 տոկոսով նվազեցնելու նախընտրական խոստումը

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը, չնայած իշխանություն չլինելուն, փորձում է կյանքի կոչել նախընտրական ծրագրում ներկայացված տնտեսական խոստումներից մեկը։

Այս մասին հայտարարել է խմբակցության անդամ Հարություն Հարությունյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրինագծի քննարկման ժամանակ։

Նրա խոսքով՝ օրենսդրական նախաձեռնությունը «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի կարևոր դրույթներից մեկի իրականացմանն ուղղված քայլ է։

Նրա խոսքով՝ այս պահին փորձ է արվում իրականացնել Սամվել Կարապետյանի ներկայացրած հինգ տնտեսական քայլերից մեկը՝ քաղաքացիների համար ավելի մատչելի դարձնել դեղորայքը և նպաստել առողջ ապրելակերպին։

Նախագծին դրական է վերաբերվել նաև խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը։ Նա հատկապես կարևորել է օնկոլոգիական հիվանդություններով տառապող քաղաքացիների համար եվրոպական դեղամիջոցների հասանելիության հարցը։

Ֆարմանյանի խոսքով՝ ներկայումս շատ հիվանդներ ստիպված են տարբեր ճանապարհներով Հայաստան ներկրել եվրոպական արտադրության դեղեր, քանի որ դրանք ավելի արդյունավետ են համարում։ Նա ընդգծել է, որ օրենսդրական փոփոխությունների ընդունումը կարող է նպաստել այդ դեղամիջոցների գների նվազեցմանն ու քաղաքացիների համար դրանց ձեռքբերման հնարավորությունների ընդլայնմանը։