Հայաստանյան ներքաղաքական իրականության մեջ դատական պրոցեսները, կալանավորումներն ու տարբեր խափանման միջոցների կիրառումը վաղուց դարձել են ընդդիմադիր դաշտի և հասարակական-քաղաքական գործիչների ամենօրյա «կենցաղի» անբաժանելի մասը։
«Փաստ» օրաթերթը գրում է. Այս շարքի հերթական դրվագով Երևանում շարունակվել է «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը, որի ընթացքում վերջինս մանրամասն ներկայացրել է իր դիրքորոշումը ՌԴ դեսպանատան աշխատակցի հետ ունեցած հանդիպման և իրեն առաջադրված մեղադրանքների վերաբերյալ՝ հայտարարելով, որ մեղադրանքը «ծայրից ծայր սուտ է» և բացարձակապես մտացածին։
Ըստ մեղադրանքի, Չալաբյանն այդ հանդիպմանը գնացել է ընտրողների ազատ կամարտահայտման իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նպատակով։ Սակայն նրա խոսքով՝ մեղադրանքում իրականությանը համապատասխանում է միայն 2026 թվականի փետրվարի 4-ին Երևանի ռեստորաններից մեկում տեղի ունեցած հանդիպման փաստը (ընդ որում՝ նախկինում սխալմամբ պնդվել է, թե այն տեղի է ունեցել Ռուսաստանում)։ Չալաբյանը պարզաբանել է, որ ՌԴ դեսպանատան առաջին քարտուղար Ալեքսանդր Մալիշևի հետ կյանքում ընդամենը մեկ անգամ է հանդիպել։ Հունվարի սկզբին իրեն փոխանցվել էր դեսպանի շնորհավորական բացիկը, իսկ հունվարի վերջին առաջարկ է եղել հանդիպելու առաջին քարտուղար Ալեքսանդր Մալիշևի հետ՝ պարզապես ծանոթանալու և սուրճ խմելու նպատակով։
30-40 րոպե տևած հանդիպման ընթացքում նրանք զրուցել են ընդհանուր թեմաների շուրջ՝ դիտորդական առաքելությունների, ընտրությունների թափանցիկության և Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում առկա լարվածությունը թուլացնելու հնարավորությունների մասին։
Չալաբյանը հստակեցրել է, որ որևէ քաղաքական ուժի կամ կոնկրետ գործընթացի մասին խոսք չի եղել, իսկ «Ուժեղ Հայաստան» դաշինքին սատարելու կամ ընտրություններին միջամտելու վերաբերյալ պնդումներն անհիմն են, քանի որ փետրվարի սկզբին նման դաշինքներ և համագործակցություններ դեռևս գոյություն չունեին. համագործակցության հուշագրերը ստորագրվել են ավելի ուշ՝ փետրվարի վերջին և ապրիլի վերջին։ Հատկանշական է, որ այս մեկ անմեղ խոսակցության համար Ավետիք Չալաբյանը երկու ամիս է անցկացրել կալանավայրում։
Նիստի ընթացքում քննարկվել է նաև տեսագրության զննության և թարգմանչի ներգրավման հարցը։ Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Չալաբյանը հայտարարել է, որ դատարանում հետազոտված ապացույցները ցույց են տվել՝ որևէ իրական ապացույց գոյություն չունի, գործում չկան ո՛չ վկաներ, ո՛չ էլ տուժողներ, ուստի դատախազությանը կոչ է արել կարճել քրեական վարույթը։ Նրա խոսքով՝ մեղադրանքի հիմքում դրված ձայնագրության մեջ որևէ հանցակազմի հատկանիշ առկա չէ, դա վերացական ու ենթադրական բնույթի խոսակցություն է, իսկ նախաքննական մարմինը կիրառել է «ծաղկաքաղի» տեխնոլոգիա՝ 35-40 րոպեանոց հանդիպումից առանձնացնելով և իրար կպցնելով 4 րոպեանոց հատվածներ՝ արհեստական տպավորություն ստեղծելու համար։ Անդրադառնալով հանցագործության մասին հաղորդում ներկայացրած Ռուզան Ավագիմյանին՝ Չալաբյանը նշել է, որ անձամբ չի ճանաչում նրան, սակայն կարծում է, որ հաղորդումը ներկայացվել է Դանիել Իոաննիսյանի հանձնարարությամբ։
Ի դեպ, հենց խափանման միջոցների և կալանքների համատարած կիրառման խնդրին դատական նիստի նախօրեին Ավետիք Չալաբյանն անդրադարձել էր նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած՝ ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ։ Իր ելույթում նա ընդդիմադիր խմբակցություններին առաջարկել էր օգտվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի իրավունքից և դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու կալանքի կիրառումը կարգավորող Քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի սահմանադրականությունը։ Չալաբյանն ընդգծել էր, որ Հայաստանում ազատությունից զրկված անձանց 48 տոկոսը կալանավորվածներ են, որոնց նկատմամբ դեռևս մեղադրական դատավճիռ չկա, մինչդեռ եվրոպական միջին ցուցանիշը 25 տոկոս է, իսկ հարևան երկրներում վիճակն անհամեմատ ավելի բարվոք է։ Նրա գնահատմամբ՝ գործող օրենսդրական ոչ հստակ կարգավորումները դատարաններին թույլ են տալիս կալանք կիրառել առանց բավարար փաստական հիմնավորումների, ինչը կարող է հակասել Սահմանադրությամբ ամրագրված որոշակիության և համաչափության սկզբունքներին, ուստի ընդդիմությունը կարող է թե՛ ՍԴ դիմելով, թե՛ օրենսդրական նախաձեռնությամբ սահմանափակել կալանքի համատարած կիրառումը՝ չսպասելով իշխանափոխության։


Բաց մի թողեք
Ինչքան կարևոր է ալիևյան սահմանադրությունն անցկացնելը
Մասնագետի կարիք կա
Ադրբեջանը 2025-ին Հայաստանի դեմ հայց է ներկայացրել՝ միլիարդավոր դոլարներ պահանջելով