19/11/2026

EU – Armenia

Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս

«Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները դիմել են Քրեակատարողական ծառայության ղեկավարությանը՝ Շաքի բնակավայր ներխուժած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևին տեսակցելու նպատակով։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սակայն, մեր տեղեկություններով, պատգամավորները մինչ այս պահը չեն ստացել իրենց դիմումի հստակ պատասխանը, իսկ տեսակցությունը շարունակաբար ձգձգվում է։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պատգամավորներին տարբեր պատճառաբանություններ են ներկայացնում՝ նշելով, թե դեռևս քննչական գործողություններ են իրականացվում, ժամանակը հարմար չէ, այս պահին տեսակցություն կազմակերպել հնարավոր չէ և այլն։ Նշենք, որ զինծառայողը գտնվում է Երևանի Կենտրոն ՔԿՀ-ում, ավելի շատ հայտնի ԱԱԾ պադվալում։

Ընդդիմադիր պատգամավորների նպատակը, մեր տեղեկություններով, ոչ միայն հասկանալն է, թե ինչ պայմաններում է պահվում ադրբեջանցի զինծառայողը, այլև անձամբ նրա հետ զրույցի միջոցով պարզել, թե ինչ հանգամանքներում է նա հայտնվել Հայաստանի տարածքում, ինչ նպատակ է ունեցել և ինչ է իրականում տեղի ունեցել Շաքիում։

Հատկանշական է, որ խոսքը Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատած և Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում հայ ընտանիքի վրա զինված հարձակում իրականացրած ադրբեջանցի զինծառայողի մասին է։

Հիշեցնենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի տներից մեկը։ Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ նա սեպտեմբերի 26-ին հատել էր Հայաստանի պետական սահմանը՝ Իշխանասարի վարչական տարածքով։

Ամենասարսափելին այն է, որ զինված ադրբեջանցին հայտնվել էր բնակելի տանը, որտեղ այդ պահին երեխաներ էին։ Ըստ տուժած ընտանիքի հարազատների պատմածի՝ երեխաները դպրոցից վերադառնալով՝ տանը հայտնաբերել էին անծանոթ զինված տղամարդու։ Նրանք օգնության էին կանչել մորը՝ Անի Ավետիսյանին, որն այդ ժամանակ Սիսիանում էր։

Երբ Անի Ավետիսյանը հասել էր տուն և տեսել, որ ադրբեջանցի զինծառայողը զենքն ուղղել է երեխաների վրա, փորձել էր պաշտպանել նրանց։ Կրակոցների հետևանքով կինը ծանր վիրավորում է ստացել մարմնի տարբեր մասերում։ Շաքիի դեպքից հետո Անի Ավետիսյանի առողջական վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ։ Նա նոյեմբերի 6-ին ենթարկվել է երրորդ վիրահատության։

Ընտանիքի 15-ամյա որդու ձեռքը ևս կոտրվել էր։

Դեպքից հետո Մուսաևը դիմել էր փախուստի, սակայն իրավապահները նրան հայտնաբերել և ձերբակալել էին նույն օրը՝ Շաքիի մեկ այլ տանը։

Ադրբեջանցի զինծառայողի ինքնությունը պարզվել էր․ նա Նասիմի Ռահիմ օղլի Մուսաևն է՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող։ Ըստ մեղադրական եզրակացության՝ նա ծառայություն էր անցնում Ադրբեջանի զինված ուժերի թիվ 777 զորամասում և զինված՝ ինքնաձիգով, փամփուշտներով ու սվին-դանակով, հատել էր Հայաստանի սահմանը։

Նասիմի Մուսաևի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, և դատարանը նրան երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել։

Նոյեմբերի 13-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ գործով նախաքննությունն ավարտվել է, իսկ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին։ Նոյեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ գործն արդեն ուղարկվել է Գորիսի դատարան։ Այն մակագրվել է դատավոր Հրաչ Դաջունցին։

Դատական տեղեկատվական համակարգում հրապարակված մեղադրանքի համառոտ բովանդակության համաձայն՝ Մուսաևը մեղադրվում է ոչ միայն պետական սահմանն ապօրինի հատելու, զենք և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու ու պահելու, այլև բնակարան ապօրինի մուտք գործելու, գույք հափշտակելու, անչափահասներին ապօրինի ազատությունից զրկելու և զենքի գործադրմամբ Անի Ավետիսյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար։

Սակայն հարց է առաջանում՝ եթե նախաքննությունն արդեն ավարտված է, գործն էլ ուղարկվել է դատարան, ապա ի՞նչ հիմքով է շարունակվում պատգամավորների տեսակցությունը ձգձգելու գործընթացը»։