19/11/2026

EU – Armenia

Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի

«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Ստեփան Դանիելյանն է։

– Նոյեմբերի 11-ին Հավաքական անվտանգության խորհրդի նիստում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները որոշեցին Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաեւ՝ կառույցի պատասխանատու պաշտոններում ներկայացուցիչներ նշանակելու իրավունքից։ Հիմնավորումն այն է, որ ՀՀ-ն վերջին տարիներին չի կատարել իր ֆինանսական պարտավորությունները, չի վճարել անդամավճարները, չի մասնակցել նիստերին։ Բայց գիտենք, որ խորքային պատճառն այդ չէ։

– Անդամավճարների չվճարումն իրավական հիմքն է, իսկ քաղաքական խորքային պատճառը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական վստահության ճգնաժամն է։ Սա ընդամենը հարցի սառեցումն է, որը պայմանավորված է տարածաշրջանային աշխարհաքաղաքական անորոշությամբ։ Նման միջանկյալ որոշումը ժամանակ շահելու միջոց է։

– Դեռ 2023-2024 թվականներից ՀՀ իշխանությունները սառեցրել են իրենց մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մտահոգված չէ ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր հեռացմամբ, ավելին՝ նույնիսկ ուրախ կլինի, որ դա առանց իր մասնակցության տեղի ունենա։ Իսկ ինչո՞ւ նման բան չի նախաձեռնում ՀԱՊԿ-ը, եթե Հայաստանը բարեխիղճ գործընկեր չէ։ Ո՞ր դեպքում կազմակերպությունը կգնա նման քայլի։

– Որովհետեւ Հայաստանի հեռացումը կնշանակի Հարավային Կովկասում Ռուսաստանի ռազմաքաղաքական ազդեցության հերթական նահանջի պաշտոնական արձանագրում։ Մոսկվան նախընտրում է պահպանել Հայաստանի վերադարձի հնարավորությունը։ Հեռացումը հավանական կդառնա, եթե Հայաստանը վերջնականապես խզի ռազմաքաղաքական կապերը Ռուսաստանի հետ եւ անցնի հակադիր անվտանգության համակարգի։ Կարծում եմ, որ ԱՄՆ-Ռուսաստան ռազմավարական բանակցությունները Եվրոպայի անվտանգության ապագա ճարտարապետության շուրջ վերաբերում են նաեւ Հարավային Կովկասին, որպես հետեւանք՝ նաեւ Հայաստանին։ Հետաքրքիր է, որ տեղեկություններ են շրջանառվում, թե Ուկրաինայի, Մոլդովայի, Հայաստանի եւ Վրաստանի նեյտրալ կարգավիճակի հարցն այդ բանակցությունների միասնական փաթեթի մեջ է մտնում։ Փաստորեն, այդ երկրները կարող են դառնալ բուֆերային երկրներ, եթե այդ բանակցությունները հաջողությամբ պսակվեն։

– Իսկ հնարավո՞ր է, որ հարցն առկախում են՝ սպասելով մեր երկրում հնարավոր իշխանափոխության եւ ավելի վստահելի գործընկեր-դերակատարների ի հայտ գալուն։

– Կարծում եմ, որ Ռուսաստանի համար դա սկզբունքային խնդիր չէ, Հայաստանի, ընդհանրապես Հարավային Կովկասի խնդիրները մեծ տերությունների բանակցությունների սեղանին են եւ բացարձակապես կարեւոր չէ, թե ով կլինի Հայաստանում իշխանություն։ Այլ հարց է, որ եթե գործող կառավարությունը չընդունի այդ որոշումները, ապա հեշտությամբ իշխանափոխություն տեղի կունենա։ Սակայն մի կարեւոր հանգամանք կա, իմ նշված սցենարի դեպքում գործող իշխանության «խաղաղության» կոնցեպտը ժամանակավրեպ է դառնում, որովհետեւ խաղաղության հարցը տեղափոխվում է մեծ տերությունների կարգավորման տիրույթ եւ Հայաստանի ներկայիս վարկաբեկված կառավարությունն այլեւս քիչ, թե շատ հանրային աջակցություն չի ունենա, որովհետեւ ինքը չի լինելու «խաղաղություն բերողը», իսկ իր իշխանության հանրային այլ հիմնավորում գոյություն չունի։

– ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները շուրջ 2 տարի սառեցված են, իշխանությունները բացահայտ խոստովանում են՝ հետդարձի ճանապարհ չեն տեսնում։ Այս ընթացքում ի՞նչ այլընտրանք է գտել Փաշինյանի իշխանությունը, անվտանգության ոլորտում կոնկրետ ի՞նչ դաշնակիցներ է դիտարկում, չէ՞ որ փաստացի լինելով ՀԱՊԿ անդամ՝ դժվար թե, օրինակ, ՆԱՏՕ-ից (կամ նրա անդամ երկրներից) աջակցություն ստանա։

– Չինաստանում տեղի է ունենալու ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան մեծ հանդիպումը, որտեղ կարող է հիմք դրվել ապագա աշխարհակարգի անվտանգության թեզիսներին։ Փաշինյանը չէ, որ պետք է այլընտրանք գտնի։ Այլընտրանքը մեծ եւ ողջ տարաշրջանին թելադրվելու է։

– ՀԱՊԿ-ի հետ ստեղծված իրավիճակը կարո՞ղ է կրկնվել ՀՀ-ԵԱՏՄ հարաբերություններում, հատկապես այս մասով էլ Մոսկվան վերջնագիր է ներկայացրել Հայաստանին՝ կամ ԵԱՏՄ կամ՝ ԵՄ, բայց ոչ երկուսը միասին։

– Մենք նորից պետք է վերադառնանք Չինաստանում տեղի ունեցող հանդիպմանը։ Ուկրաինական պատերազմի դադարեցումը կարող է տեղի ունենալ մեծ փաթեթի շրջանակում, որտեղ բուն ուկրաինական կոնֆլիկտը այդ փաթեթի բաղկացուցիչ մասն է։ Այդ փաթեթում ներառվելու են նաեւ տնտեսական՝ գեոէկոնոմիկային վերաբերող պայմանավորվածություններ, որից կբխի նաեւ կոմունիկացիաների ռեժիմների հարցը։ TRIPP-ը եւ մյուս կոմունիկացիաների հարցը նման մեծ պայմանավորվածությունների տիրույթում է լուծվելու։ ԵԱՏՄ-ի ապագա ճակատագիրը նույնպես այդ պայմանավորվածությունների դաշտում է գտնվում։ Պատահական չէ, որ Փաշինյանը այցեր է կատարելու Ռուսաստան, որտեղ իրեն տեղեկացնելու են, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի, այսինքն, Հայաստանի եւ տարածաշրջանի հարցով ինչ որոշում է կայացվում։ Նման «առաջարկից» հրաժարվել հնարավոր չի լինի։