23/11/2026

EU – Armenia

Նախագահի լիազորությունները փոխվում են․ ինչ նոր դեր է նախատեսվում Սահմանադրության նախագծով

Սահմանադրության նոր նախագծով վերանայվում են Հանրապետության նախագահի դերն ու գործառույթները, ինչպես նաև նախագահի պաշտոնին հավակնող անձանց նկատմամբ սահմանված պահանջները։

Նախագծի համաձայն՝ նախագահի հիմնական առաքելությունը լինելու է Սահմանադրության և օրենքների պահպանմանը հետևելը, պետական մարմինների բնականոն գործունեությանն ու դրանց միջև համագործակցությանը նպաստելը։ Նախագահը պետք է նաև աջակցի իշխանության տարբեր ճյուղերի միջև հավասարակշռության պահպանմանը և առաջացող տարաձայնությունների կարգավորմանը։

Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է բարձրացնել նախագահի ինստիտուցիոնալ դերակատարությունը՝ առանց Հայաստանի խորհրդարանական կառավարման մոդելը փոխելու։ Նախագահը չի ստանձնելու Կառավարության գործառույթները, այլ հանդես է գալու որպես պետական կառույցների համաձայնեցված աշխատանքի ապահովմանը նպաստող ինստիտուտ։

Փոփոխություններ են նախատեսվում նաև նախագահի թեկնածուներին ներկայացվող սահմանադրական պահանջներում։ Եթե գործող Սահմանադրությամբ նախագահի թեկնածուն պետք է լինի առնվազն 40 տարեկան, ապա նոր նախագծով այդ շեմը նվազեցվում է մինչև 35 տարեկան։ Միաժամանակ Հայաստանի քաղաքացիության և երկրում մշտապես բնակվելու համար պահանջվող ժամկետները վեցից դառնում են հինգ տարի։

Նախագահին որոշակի լիազորություններ են վերապահվում նաև դատական իշխանության ոլորտում։ Մասնավորապես, նա կարող է հրավիրել Բարձրագույն դատական խորհրդի նիստեր, սակայն չի ունենալու քվեարկելու իրավունք և չի կարողանալու պարտադիր ցուցումներ տալ խորհրդի անդամներին։ Այս կարգավորմամբ նախատեսվում է նախագահին ներգրավել դատական համակարգի բնականոն գործունեության ապահովման գործընթացում՝ առանց նրան որոշումների կայացման անմիջական մասնակցության իրավունք տալու։