25/11/2026

EU – Armenia

Բռնապետության ինստիտուցիոնալիզացումը

Օրվա մամուլը դիտարկելիս ուշադրությունս գրավեց «168.am»-ի ծավալուն հոդվածներից մեկի վերնագիրը: Ահա այն. «Բանակը՝ առանց դասական պաշտպանության, Փաշինյանը՝ գերագույն հրամանատար․ Սահմանադրության նոր նախագծով օրինականացվում է այն, ինչն ապօրինի է արվել»:

Քանի որ սովորաբար այդ չափսի հոդվածները միայն աչքի եմ անցկացնում, նույնն արեցի դրա դեպքում: Հատկապես որ հոդվածի վերնագիրն արդեն հուշում էր, թե ինչի մասին է խոսքը: Բայց տողերի վրայով առաջ գնալով նկատեցի մի երևույթ, որ չէր քննարկվում հոդվածում, քանի որ նման նպատակ այն չէր հետապնդում:

Դա զինված ուժերի կառավարման հայկական ու անգլիսկան տարբերակների նմանությունն էր: Հատկապես որ վերջերս ստեղծված արտաքին հետախուզության գերատեսչության ղեկավար նշանակված տիկինն, ըստ մեր մամուլի հրապարակումների, ամիսներ շարունակ վերապատրաստվել է Միացյալ Թագավորությունում:

Սկբում դիտարկենք, թե ինչ է նախատեսվում նիկոլաալիևյան սահմանադրությամբ: Հոդված 57-ի առաջին չորս կետերն են՝ բավարարվենք դրանցով: «Զինված ուժերը Կառավարության ենթակայության ներքո են՝ Ազգային ժողովի վերահսկողությամբ (1): Զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է (2): Զինված ուժերի ղեկավարումն իրականացնում է պաշտպանության նախարարը (3): Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը: Գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին (4):

Հոդվածում առկա են նաև ռազմական կա՛մ արտակարգ դրության և կա՛մ տարածքից դուրս ԶՈՒ-ն կիրառելու մասին դրույթներ: Ինչպես նաև ԶՈՒ-ն կիրառելու վերաբերյալ վարչապետի որոշումը չեղյալ հայտարարելու (կառավարության կողմից) մասին դրույթ: Բայց հասկանալի է, որ վերջինը ներառվել է Եվրամիության աչքը մտցնելու համար. տեսե՛ք, տեսե՛ք, թե ինչ ժողովրդավարական դրույթներ ունենք «նոր Հայաստանի Սահմանադրությունում»: Ինչն, իհարկե, վերին աստիճանի պոպուլիզմ է, քանի որ կառավարությունում առյուծի սիրտ կերած քանի՜ անձ կա՞, որ կարող է նման բան կազմակերպել «մեծարգո վարչապետ» Փաշինյանի օրոք:

Հիմա ԱԲ-ի օգնությամբ անցնենք ԶՈՒ կառավարման հայկական ու անգլիական տարբերակների քննությանը: Վերը նշված 4 կետերը հիշատակելով՝ ԱԲ-ին հարց ուղղեցի, թե ներկայացվածն անգլիական տարբերակ չէր լինի, եթե «Հանրապետության նախագահը» արտահայտության փոխարեն գրվեր «թագավորության միապետը»: Ստացա բացասական պատասխան, իսկ երբ հենց իր առաջարկով կատարեց համեմատություն, ստացվեց, որ ավելի շատ նման է, քան տարբերվում է: Մինչ դա ներկայացնելն ասեմ, որ Փաշինյանը հաստատուն քայլերով ընթանում է դեպի Եվրամիություն՝ հասկանալով հանդերձ, որ նրան այնտեղ չեն սպասում: Եթե Հայաստանը գտնվեր ոչ թե Հարավային Կովկասում, այլ եվրոպական աշխարհամասի որևէ անկյունում, խնդիր չէր առաջանա: Ու երկրի տնտեսությունն էլ հատկապես կախված չլիներ Ռուսաստանի հետ փոխհարաբերություններից: ՌԴ-ի առնչությամբ անվտանգության մասին խոսելն էլ այլևս իմաստ չունի, քանի որ Նիկոլի ջանքերով այն զրոյացվել է:

Հիմնական տարբերությունը սահմանադրության գոյությունն է կամ բացակայությունը. այնտեղ առկա են օրենքներ ու ավանդույթներ: Բայց դա քննարկվող հարցի առումով ոչ էական հանգամանք է: Անգլիայում ԶՈՒ գերագույն հրամանատարը դե-յուրե միապետն է, սակայն պրակտիկորեն այդ գործառույթն իրականացնում է վարչապետը: Նիկոլաալիևյան սահմանադրությամբ դա թե՛ պատերազմի և թե՛ խաղաղ ժամանակ լինելու է վարչապետը: Նույնն է բանակի գործադիր ղեկավարումը. մեզանում դա նախարարն է, այնտեղ ոլորտային պետքարտուղարը: Որոշ տարբերություններ են առկա բարձրագույն զինվորական պաշտոնի՝ գլխավոր շտաբի պետի առումով:

Նշանակումը նույնն է, սակայն այնտեղ ռազմական գործողությունների պլանավորման հարցում վերջինս ունի որոշակի ինքնուրույնություն: Այստեղ նման բան չկա, քանի որ ինքն անմիջականորեն ենթարկվում է պաշտպանության նախարարին (ՊՆ-ին): Սակայն նրա նշանակման հարցում, ի տարբերություն անգլիականի, ՊՆ-ն հաշվից դուրս է՝ որոշողը վարչապետն է: Ինչը կրկին վկայում է կենտրոնացված կառավարման մասին: Երկու դեպքում էլ ԶՈՒ-ի կառավարման վերահսկողությունը խորհրդարանի վրա է, բայց այնտեղ դա չփաստաթղթավորված ավանդույթ է:

Վերջում չմոռանամ նշելը, որ ԶՈՒ-ի առումով դրույթների տրամաբանությունը վկայում է, որ Հայաստանում բռնապետությունը ստանալու է ինստիտուցիոնալ բնույթ: Այն այսօր էլ առկա է պրակտիկայում, սակայն ամրագրված չէ հիմնական օրենքով: Ու վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, բնականաբար, ձգտում է դրա փաստաթղթավորմանը՝ իր իշխանությունը, նախ, հավերժացնելու, իսկ հետագայում այն ընտանիքի որևէ անդամի փոխանցելու նպատակով: