Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած հայտարարությունները հերթական անգամ ցույց են տալիս, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական օրակարգում դիտարկվում է շատ ավելի լայն համատեքստում, քան Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության վերականգնումն է։
Թուրքական կողմի հայտարարություններում TRIPP նախագիծը ներկայացվում է Միջին միջանցքի ընդլայնման, Թուրքիայի լոգիստիկ հնարավորությունների մեծացման, Ադրբեջանի հետ ուղիղ ցամաքային հաղորդակցության զարգացման և թյուրքական աշխարհի տնտեսական ու տրանսպորտային կապերի ամրապնդման համատեքստում։
Թուրքիան ձգտում է այս գործընթացում ունենալ ոչ թե պարզապես տարանցիկ երկրի, այլ հիմնական լոգիստիկ հանգույցի դերը։
Անկարան ցանկանում է, որ Ասիայից դեպի Եվրոպա շարժվող բեռների զգալի մասն անցնի իր տարածքով՝ ապահովելով տնտեսական եկամուտներ, ենթակառուցվածքների զարգացում և տարածաշրջանային ազդեցության ընդլայնում։ Այս ռազմավարության մեջ Ադրբեջանը կարևոր աշխարհագրական օղակ է. այն Թուրքիային կապում է Կասպից ծովի արևմտյան ափի հետ։ Հետևաբար, Հայաստանի Սյունիքի տարածքով նոր կապերի ստեղծումը կարող է Անկարային առաջարկել լրացուցիչ, որոշ ուղղություններով՝ ավելի կարճ և այլընտրանքային ճանապարհ դեպի Ադրբեջան։ Հենց այստեղ է ի հայտ գալիս նախագծի ռազմավարական նշանակությունը։ Թուրքիայի համար Հայաստանի տարածքով հաղորդակցությունը կարող է դառնալ իր արևելյան տրանսպորտային ցանցի շարունակությունը և ընդլայնել կապը դեպի Կասպից ծով ու Կենտրոնական Ասիա։
Թուրքիայի նախագահը, խոսելով Կովկասում խաղաղության և բարգավաճման մասին, առանձնահատուկ ընդգծել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը կամրապնդի Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապը՝ ստեղծելով նոր հնարավորություններ Թուրքիայի և թյուրքական աշխարհի միջև հարաբերությունների զարգացման համար։ Թուրքիայի համար այս նախագիծն ունի ավելի լայն աշխարհագրական նշանակություն, քան պարզապես երկու երկրների միջև հաղորդակցության զարգացումը։ Այն տեղավորվում է թյուրքական աշխարհի տնտեսական և տրանսպորտային կապակցվածության խորացման երկարաժամկետ քաղաքականության մեջ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը լրացնում է Թուրքիայի ղեկավարի ներկայացրած մոտեցումը։
Ալիևը նույնպես նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը» պետք է ապահովի Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ կապը, ընդլայնի Թուրքիայի հետ ուղիղ ցամաքային տրանսպորտային հաղորդակցությունը, մեծացնի Միջին միջանցքի հնարավորությունները և նպաստի միջազգային առևտրի ու լոգիստիկ կապերի զարգացմանը։ Հայաստանի տարածքով նոր հաղորդակցության ստեղծումը Բաքվին հնարավորություն կտա կազմակերպել այդ կապը՝ առանց երրորդ երկրի տարածքով անցնող գործող երթուղիներից կախված լինելու։ Այսպիսով, Ադրբեջանը ձգտում է միաժամանակ լուծել երկու կարևոր խնդիր՝ ապահովել սեփական տարածքային հաղորդակցությունը և ընդլայնել Թուրքիայի հետ անմիջական ցամաքային կապի հնարավորությունները։
Թուրքիայի և Ադրբեջանի հայտարարություններում առանձնահատուկ նշանակություն ունի այն հանգամանքը, որ քննարկվող հաղորդակցությունը պետք է անցնի Հայաստանի Սյունիքի մարզով։ Այս աշխարհագրական առանձնահատկությունն է, որ Սյունիքը դարձնում է տարածաշրջանային հաղորդակցությունների շուրջ ձևավորվող գործընթացների կենտրոնական կետերից մեկը։
Թուրքիայի և Ադրբեջանի համար Սյունիքի ուղղությամբ ճանապարհի և երկաթուղու ստեղծումը կարող է լուծել հաղորդակցության խնդիրներ և լրացուցիչ տնտեսական հնարավորություններ ստեղծել։ Սակայն Հայաստանի համար նույն նախագիծը կապված է շատ ավելի լայն հարցերի հետ՝ պետական ինքնիշխանություն, սահմանային վերահսկողություն, մաքսային համակարգ, իրավապահ լիազորություններ և ազգային անվտանգություն։


Բաց մի թողեք
Կուտ են տալիս․ Ադրբեջանը կարող է ընդլայնել Հայաստան մատակարարվող ապրանքների ցանկը
Ծափահարություններ Փաշինյանին․ թուրք վերլուծաբանը՝ ՀՀ-ի նոր սահմանադրության նախագծի մասին
Թուրքիայում եւ Բաքվում գոհ են Փաշինյանի «ալիեւյան սահմանադրությունից»