«Հայաստանի սահմանների պահպանության համակարգում առաջիկայում լուրջ փոփոխություններ են նախատեսվում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է քննարկումներ Սահմանապահ ծառայության վերափոխման շուրջ, ընդ որում՝ հարցը միայն ծառայության տեխնիկական կարողությունների զարգացումը չէ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Խոսքը Հայաստանի պետական սահմանների ամբողջական վերահսկողությունը հայկական ուժերին փոխանցելու, սահմանապահ համակարգի կառուցվածքը փոխելու և միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու մասին է։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ Սահմանապահ ծառայության վերափոխման հարցով տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը, ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ինչպես նաև իրավապահ և ուժային կառույցների այլ ներկայացուցիչներ։
Այսինքն՝ քննարկմանը ներգրավված են եղել ոչ միայն սահմանապահ ծառայության անմիջական պատասխանատուները, այլև երկրի անվտանգության համակարգի առանցքային պաշտոնյաները։
Կառավարությունը տեղեկացրել է, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են Սահմանապահ ծառայության կարողությունների հետագա զարգացումը, ֆիզիկական ենթակառուցվածքները, օպերատիվ կառավարումը և միջազգային փորձի կիրառումը։ Անդրադարձ է կատարվել նաև սահմանների համալիր կառավարման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումներին։
Սակայն «Ժողովուրդ»-ը պարզել է, ո այս քննարկումների հիմքում շատ ավելի մեծ գործընթաց է՝ Հայաստանի սահմանների պահպանության պատասխանատվությունն ամբողջությամբ հայկական կողմին փոխանցելու քաղաքականությունը։
Հատկանշական է, որ հենց երեկ՝ նոյեմբերի 26-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձել է ռուս սահմանապահների ներկայության հարցին։
Նա հայտարարել է, որ առաջիկա տարիներին Հայաստանը պետք է ամբողջությամբ ստանձնի իր պետական սահմանների պահպանության պատասխանատվությունը՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով ռուս սահմանապահներին տարիներ շարունակ սահմաններին ծառայելու համար։
Դեռևս նոյեմբերի 2-ին Փաշինյանը հայտարարել էր, որ քայլ առ քայլ Հայաստանի պետական սահմանի ամբողջական վերահսկողությունը կփոխանցվի ՀՀ սահմանապահ ծառայությանը։ Նրա խոսքով՝ այդ գործընթացը ենթադրում է նաև սահմանապահ զորքերի կարգավիճակի վերափոխում։
Այս պահին հայկական սահմանապահներն արդեն ամբողջությամբ վերահսկում են սահմանային անցակետերը, իսկ Իրանի և Թուրքիայի հետ սահմանների որոշ հատվածներում շարունակում են համատեղ ծառայություն իրականացնել ռուս սահմանապահների հետ։ 2025 թվականի հունվարի 1-ից հայ սահմանապահները մասնակցում են այդ հատվածների պահպանությանը, իսկ «Զվարթնոց» օդանավակայանում 2024 թվականի օգոստոսից ծառայությունն իրականացնում են բացառապես հայկական ուժերը։«Ժողովուրդ»-ը ուսումնասիրել է նաև կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը և սահմանների համալիր կառավարման վերաբերյալ հրապարակված փաստաթղթերը։
Ծրագրով նախատեսվում է փուլ առ փուլ ընդլայնել հայկական սահմանապահների կողմից պետական սահմանի պահպանության գոտիները՝ նպատակ ունենալով ամբողջությամբ ստանձնել սահմանի պահպանությունը։
Ավելին՝ նախատեսվում է փոխակերպել Սահմանապահ ծառայությունը՝ նվազեցնելով դրա ռազմական բաղադրիչը և ներդնելով միջազգային լավագույն փորձը։
Սա նշանակում է, որ քննարկվող բարեփոխումները կարող են վերաբերել ոչ միայն ծառայության ենթակառուցվածքներին ու տեխնիկական հագեցվածությանը, այլև դրա գործառույթներին, մասնագիտական պատրաստվածությանը և կառավարման մոդելին։
Մյուս կարևոր ուղղությունը սահմանների համալիր կառավարման համակարգի ներդրումն է։ Դրա շրջանակում պետք է զարգացվի պետական տարբեր կառույցների համագործակցությունը, տեղեկատվության փոխանակումը, ռիսկերի գնահատման և սահմանային վերահսկողության մեխանիզմները։
ԱԱԾ-ն այս ուղղությամբ արդեն աշխատանքներ է իրականացնում միջազգային գործընկերների հետ։ Մասնավորապես, 2026 թվականի սեպտեմբերին ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչները ուսումնական այցով եղել են Ֆինլանդիայում՝ ծանոթանալու այդ երկրի սահմանային վերահսկողության համակարգին, սահմանապահների պատրաստման մեթոդներին և գործառնական ընթացակարգերին։ Քննարկվել է նաև սահմանապահների ուսուցման ու վերապատրաստման համակարգի կատարելագործումը։
Սահմանային բարեփոխումների մեկ այլ կարևոր հանգամանք Հայաստանի և Եվրամիության միջև վիզաների ազատականացման երկխոսությունն է։
Նոյեմբերի 1-ից Հայաստանում գործարկվել է նոր կենսաչափական անձնագրերի համակարգը, իսկ առաջիկայում նախատեսվում է ներդնել նաև էլեկտրոնային անցակետեր՝ սկզբում «Զվարթնոց» օդանավակայանում, այնուհետև՝ բոլոր սահմանային անցակետերում։
Այս ամենը փոխկապակցված է։ Սահմանների կառավարման արդիականացումը, սահմանապահների մասնագիտական պատրաստվածությունը, թվայնացումը և պետական կառույցների միջև տեղեկատվության փոխանակումը դիտարկվում են որպես եվրոպական չափանիշներին համապատասխանելու կարևոր պայմաններ։
Այսպիսով, Փաշինյանի հրավիրած խորհրդակցությունը տեղի է ունեցել մի ժամանակահատվածում, երբ իշխանությունը հրապարակայնորեն հայտարարում է պետական սահմանների ամբողջական վերահսկողությունը հայկական կողմին փոխանցելու մտադրության մասին, իսկ կառավարական ծրագրերում արդեն ամրագրված են սահմանապահ համակարգի վերափոխման հիմնական ուղղությունները»։


Բաց մի թողեք
Վախենում ես` գնա
Թող չխաբեն` սահմանային մեքենաընթերցիչ սարքը չի ընթերցում անձնագրի այդ դաշտը՝ ծննդավայրը
Ո՞վ է պաշտոնազրկված «50» մականունով գեներալ Կարեն Գրիգորյանը, և ինչ ունեցվածք ունի․ Լուսանկար