«Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) իր պաշտոնական ֆեյսբուքյան էջի կոտրումը կապում է էջի կառավարման և հասանելիության վերահսկման թերացումների հետ։
ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՌՀ-ն հայտնել է, որ հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հրապարակայնորեն ընդունել է կառույցի պատասխանատվությունը։ Թե կոնկրետ ինչպես են երրորդ անձինք մուտք գործել էջ և արդյոք որևէ աշխատակից պատասխանատվության է ենթարկվել, գրավոր պատասխանից այդպես էլ չի պարզվում։
Նոյեմբերի 18-ին ՀՌՀ-ն հայտարարել էր, որ իր պաշտոնական ֆեյսբուքյան էջը կոտրվել է։ Հանձնաժողովի հաղորդմամբ՝ միջադեպի ընթացքում իր անունից մեկնաբանություններ են հրապարակվել, ինչպես նաև փորձեր են արվել սահմանափակելու էջի հրապարակումները մեկնաբանելու հնարավորությունը։ ՀՌՀ-ն դեռ այդ հայտարարության մեջ նշել էր, որ ներքին ուսումնասիրությամբ պարզել է միջադեպի պատճառները։
ArmLur.am-ը հանձնաժողովից խնդրել էր հստակեցնել, թե ինչ է բացահայտել ուսումնասիրությունը, ինչպես է տեղի ունեցել մուտքը, որքան ժամանակ է ՀՌՀ-ն զրկված եղել էջի լիարժեք վերահսկողությունից և ինչ ծավալի միջամտություն է արձանագրվել։ Հարցրել էինք նաև՝ արդյոք հասանելիություն է ստացվել հանձնաժողովի այլ համակարգերի կամ տվյալների նկատմամբ, ովքեր են պատասխանատու եղել էջի կառավարման ու անվտանգության համար, և արդյոք որևէ մեկը պատասխանատվության է ենթարկվել։
«Միջադեպը կապված է էջի կառավարման և հասանելիության վերահսկման գործընթացում թույլ տրված թերացումների հետ»,– ասված է ՀՌՀ-ի պատասխանում։
Հանձնաժողովը նաև հայտնել է, որ իր նախագահը ֆեյսբուքյան հրապարակման տակ թողած մեկնաբանությամբ պարզաբանել է խնդիրը՝ «ընդունելով Հանձնաժողովի պատասխանատվությունը տեղի ունեցածի համար»։ Ըստ պատասխանի՝ ՀՌՀ-ն «համապատասխան քայլեր է ձեռնարկել միջադեպի հետևանքները վերացնելու և էջի կառավարման գործընթացը կարգավորելու ուղղությամբ»։
Գրավոր պատասխանում չեն հստակեցրել, թե ինչ քայլեր են ձեռնարկվել և կոնկրետ ինչ թերացում է թույլ տվել մուտք գործել էջ։ Բաց են մնացել նաև վերահսկողության կորստի տևողության, հանձնաժողովի անունից գրված մեկնաբանությունների թվի և այլ համակարգերի կամ տվյալների հնարավոր հասանելիության վերաբերյալ հարցերը։
Հիշեցնենք, որ ՀՀ-ում վերջերս ստեղծվեց Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովը, որը, թվում էր, պետք է պետական բոլոր կայքերի ու էջերի աշխատակիցների հետ «պարապած լիներ», ինչպես կառավարել էջերը գրագետ։ Կամ լավ դաս չեն տվել, կամ էլ ուսանողները լավ չեն սերտել դասը։ Բայց փաստ է, որ պետական կառավարման համակարգում թվային անվտանգությունը լրջագույնս վտանգված է»։


Բաց մի թողեք
Ո՞վ է պաշտոնազրկված «50» մականունով գեներալ Կարեն Գրիգորյանը, և ինչ ունեցվածք ունի․ Լուսանկար
Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններին
Բրյուսովում նոր ընդվզում է հասունանում․ դասախոսները վախենում են աշխատանքը կորցնելուց, ստորագրահավաքները շարունակվում են