27/11/2026

EU – Armenia

Ոչ մեկը վստահ չի, որ պայմանագիրը կստորագրվի, բայց էդ պահանջը էլ չի լինի

Նիկոլ Փաշինյանը երեկ կրկին հայտարարեց, որ եթե ընդդիմությունը չաջակցի սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու քվեարկության հարցում, ապա ոչինչ չի խանգարում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն, սակայն հիմա իրենք սկսում են երկխոսություն հանրության հետ։

Հրապարակը զրուցել է ՔՊ-ական նախկին պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի հետ։

– Արտահերթ ընտրություններին գուցե ոչինչ չխանգարի, բայց ի՞նչ երաշխիք, որ այդ ընտրությունների արդյունքում ՔՊ-ն կունենա սահմանադրական մեծամասնություն, որ սահմանադրություն փոխի։

– Էդ ոչ ոք չի կարող ասի՝ կունենա՞, թե՞ չի ունենա սահմանադրական մեծամասնություն, բայց որ ՔՊ-ն ավելի շատ ձայն կհավաքի, քանց թե հունիսի 7-ին հավաքեց, ես դրանում համոզված եմ։ Որովհետեւ ժողովուրդն արդեն հասկացավ` ում հետ գործ ունենք։ Էդ ընդդիմությունը Պետդումայի մասնաճյուղն է Հայաստանում եւ պաշտպանում է Ռուսաստանի շահերը, Հայաստանի շահերն իրենց չեն հետաքրքրում։

– Իրենք ձեզ մեղադրում են Ալիեւի շահերն առաջ մղելու մեջ, դուք իրենց՝ Պուտինի, իրենք սահմանադրության նախագիծն են վկայակոչում, դուք ի՞նչ փաստ ունեք, որ ընդդիմությունը ՌԴ շահերն է պաշտպանում։

– Օրինակ, վարչապետն էլ ասեց, որ գնում ենք սահմանադրական փոփոխության, եթե ժողովուրդը դեմ է, ես հրաժարական եմ տալիս։ Իրենց ի՞նչ է պետք, իրենց ամբողջ բանը էն է, որ կառավարութունը պիտի հրաժարական տա․ էս իշխանությունները գնան, հիմա իրենց հնարավորություն է տրված, որ էս ամեն ինչը լինի, ո՞վ է խանգարում իրենց համաձայնել։

– Ընդդիմադիրներն ասում են, որ այդ հանրաքվեն արդեն եղել է հունիսի 7-ին, հակառակ ՔՊ-ի խնդրանքներին` ժողովուրդը սահմանադրություն փոխելու մանդատ չի տվել իրենց։

– Չէէ, էն ժամանակ չտվեցին, որովհետեւ իրենք հարյուր հազարներով փող տվեցին, ձեներն առան, էդ փաստերը կան, չէ՞։

– Իսկ ինչո՞ւ չբողոքարկեց ՔՊ-ն արդյունքները, եթե այդպես է։

– Դատավարությունը շուտով կլինի, կտեսնեք, թե ինչքան են իրանք ձայն առել։ Իրանք էս ընտրություններին պառլամենտ կարող ա չմտնեն էլ, որովհետեւ ժողովուրդը տեսնում ա՝ հիմա իրանց նպատակն ինչն ա։ Եթե իշխանությանը հեռացնելն ա, ուրեմն թող մեծ ուրախությամբ համաձայնեն։

– Մարդիկ չեն հավատում Փաշինյանին, ասում են՝ 8 տարվա ընթացքում այնքան է ստել, այս հարցում էլ է ստում։

– Ընդդիմությունն ամեն ինչ էլ կասի, ի՞նչ խնդիր կա։

– Բայց չի՞ ստացվում, որ Ալիեւն այնքան է ճնշում Փաշինյանին, որ անգամ իր աթոռից է պատրաստ հրաժարվել` հանուն Ալիեւի պահանջը կատարելու։

– Լավ, էլի, սահմանադրությունը փոխելու խնդիրը 18 թվից ենք դրել, բայց եղավ քովիդ, պատերազմ` մնաց։

– Ասում էիք` Սերժ Սարգսյանի «կոստյումից» եք հրաժարվելու, բայց «կոստյումը» պահպանվում է ամբողջությամբ, գումարած` Ալիեւի պահանջն է կատարվում։

– Հիմա որ ասում ես` Ալիեւի սահմանադրություն, ո՞րն է դա` հռչակագի՞րը, բայց ցանկացած երկիր պիտի աչք չունենա ուրիշ երկրի տարածքների վրա, թե չէ խաղաղությունը չի դառնա խաղաղություն։

– Արցախը համարում եք ուրի՞շ։

– Հիմի որ Ղարաբաղ չկա, ո՞նց եք միացնում, Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է, մենք էլ ասում ենք՝ չէ, կապ չունի` պետք է միացնենք Հայաստանին, էլ խաղաղություն կարա՞ լինի։

– Արցախը Սովետական Միության ժամանակ եղել է Ադրբեջանի կազմում: Լավ, ընդունենք հռչակագիրն էլ հանեք, վստա՞հ եք, որ Ալիեւը ստորագրելու է խաղաղության պայմանագիրը։

– Ոչ մեկ էլ վստահ չի, բայց իր ասած պայմանը` էդ կետը էլ չկա, չենք անի, կասի` վաղը, մյուս օրը էլի կհարձակվեք իմ երկրի վրա։

– Բա եթե չկա երաշխիք, այս պայմանն ընդունեն, գուցե վաղն էլ ասի` Երեւանից հրաժարվեք, որ ստորագրեմ։

– Լավ, դա արդեն հեքիաթանման բան ա։

– Փաշինյանն ասում է՝ ժողովրդի հետ պիտի երկխոսենք, ժողովուրդը, ըստ Ձեզ, կո՞ղմ է լինելու Ալիեւի պահանջը կատարելուն։

– Ի՞նչ Ալիեւի պահանջ, դա խաղաղության պայմանն է, խանգարում է խաղաղությանը, ու ժողովուրդը կընդունի։