Օգոստոսի 4-ից Հայաստանում ԱՄՆ դոլարի փոխարժեքի սահուն անկում է գրանցվում: Այդ օրը փոխարժեքը 367.01 դրամ էր (գնման գինը), իսկ դրանից անմիջապես հետո սկսվեց հետեւողական անկումը․ 366.17 դրամ՝ օգոստոսի 7-ին, 365.88 դրամ՝ ամսի 10-ին, 365,1՝ արդեն օգոստոսի 17-ին: Անկումն արագ չէ, բայց կայուն է:
Հրապարակ թերթը գրել է․ Օգոստոսի 4-ից մինչ օրս՝ մոտ երկու շաբաթում դոլարի գինը 367 դրամից իջել է մինչեւ 365-364 դրամ: Հիշեցնենք, որ 2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին ԱՄՆ դոլարի միջին պաշտոնական փոխարժեքը տատանվում էր 377-380 դրամի սահմաններում:
Դոլարի էժանացման պատճառներից մեկն ու հիմնականը, ըստ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի, սեզոնային է: Ամառային սեզոնին ավանդաբար աճում է Հայաստան մուտք գործող արտարժույթի ծավալը՝ շնորհիվ զբոսաշրջային հոսքերի եւ արտերկրից կատարվող փոխանցումների:
«Զբոսաշրջիկների ներհոսքն անցյալ տարի ռեկորդային էր ու այս տարի շարունակվում է եւ հնարավոր է, որ ավելի մեծանա: Հաշվի առնենք, որ այս միտումը չի ավարտվելու ամռան ամիսներով: «COP-17-ի շրջանակներում կավելանա ներհոսքը Հայաստան, ինչն ավելի կարժեւորի դրամը»,- ասում է Մանասերյանը:
Համաժողովին սպասվում է 10-15 հազար միջազգային պատվիրակների եւ հյուրերի այց, ինչը կբերի արտարժույթի նոր ներհոսք: Ըստ Թաթուլ Մանասերյանի, էական է նաեւ այն, որ Հայաստանում օգոստոսին սովորաբար՝ եւ այս տարին բացառություն չէր, նկատվում է «դրամային սով»: «ԿԲ-ն ամռան ամիսներին բավարար քանակությամբ ազգային արժույթ չի թողարկում, ինչը մի կողմից կարեւոր է, որ զսպեն արժեզրկման հնարավոր ռիսկերը, բայց նաեւ արհեստականորեն ազդում է դրամ-դոլար փոխարժեքի վրա: Առանձին բանկեր այս պայմաններում առաջարկում են ավելի բարձր տոկոսադրույքով ավանդներ, ներգրավելու դրամական արժույթներ ու դրանով սպասարկելու գործարքները»: Պարադոքս է, բայց դոլարը հարաբերականորեն կայուն վիճակում է համաշխարհային շուկայում: «Ընդհանուր հետագիծը կանխատեսել էի, նույնիսկ ԱՄՆ եւ Իրանի միջեւ զինված հակամարտության, տարածաշրջանային հակամարտությունների պայմաններում»,- նշում է տնտեսագետը:
Գործարար աշխուժությունը, որն ամռան ամիսներին աճում է, գյուղատնտեսական աշխատանքները, նրա կարծիքով, նույնպես գործոն են, որ նպաստում են ազգային դրամի արժեւորմանը: «Ավելի նվազ չափով, քանի որ սահմանափակումներ եղան, այնուամենայնիվ, հայ գյուղացին եւ հայրենական ապրանք արտահանողները փորձում են ինքնուրույն նոր շուկաներ գտնել»,- ասում է Թաթուլ Մանասերյանը: Ի՞նչ կարող ենք սպասել:
«Դժվար է ասել, որովհետեւ սա բազմագործոն երեւույթ է: Ես մի քանի գործոն նշեցի, բայց կարող ենք նաեւ հավելել անշարժ գույքի շուկայի չհիմնավորված աճը: Մերձավոր Արեւելքում հակամարտությունը, ռուս-ուկրաինական պատերազմը, փախստականների նոր հոսքերն ավելացնում են արտարժութային հոսքեր դեպի Հայաստան»: Այս պայմաններում հայ արտահանողների շահերը պաշտպանվա՞ծ են, չէ՞ որ արտահանողն է տուժում դրամի արժեւորումից: Տնտեսագետը հարցին հարցով է պատասխանում: «Դուք չէի՞ք զարմանա, եթե արտահանողների շահերն ինչ-որ մեկը պաշտպաներ: Իհարկե ոչ, նման բան Հայաստանում չի կարող լինել: Դուք գերագնահատում եք կառավարության տնտեսական բլոկի արհեստավարժությունը»:
Դրամի արժեւորումը վատթարացնում է Հայաստանի արտահանողների վիճակը՝ հանքարդյունաբերող, ՏՏ ոլորտի ընկերությունների, գյուղատնտեսության, որն առանց այն էլ լավագույն ժամանակները չի ապրում: Նրանց հասույթը ձեւավորվում է էժանացած դոլարով, իսկ աշխատավարձն ու հարկերը թանկացած դրամով են վճարում:

Բաց մի թողեք
Բարձրաստիճան զինվորականներին Պապիկյանը դիրքեր է գործուղել
Արաբկիրի թաղապետն ու ստվերային թաղապետը․ Լուսանկար
Ծառուկյանի առյուծներին խնամողին առաջարկ է արվել