18/08/2026

EU – Armenia

Ինչո՞ւ էր Փաշինյանը վախենում, որ Մոսկվան ցուցում կտա՝ իրեն կալանավորելու

ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանի հարցազրույցն եմ լսում ու Նիկոլ Փաշինյանին կարծես նորովի բացահայտում։ Կարապետյանը պատմում է, որ 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելուց հետո Փաշինյանն իրեն հարցրել է․ «Ի՞նչ պիտի անեմ, պարոն Կարապետյան»։

Հրապարակ թերթը գրել է․ Իսկ ինքը պատասխանել է՝ եթե ստորագրել ես, պետք է հրաժարական տաս, որովհետև նման փաստաթուղթ ստորագրողը չպետք է շարունակի ղեկավարել երկիրը։ Բայց պատմության ամենահետաքրքիր հատվածը սա չէ։

Կարապետյանը պատմում է, որ երբ ինքը պաշտպանության նախարար էր, Փաշինյանն իրեն հարցրել է․ «Կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան՝ ինձ կալանավորես»։

Կարապետյանը պատասխանել է՝ քեզ կկալանավորեն միայն մի դեպքում՝ եթե դուրս գաս դավաճան։

Ասում է՝ այդ պահին ծիծաղեցինք, անցավ։ Ասում է նաև, որ այն ժամանակ ինքը այլ հիմնավորումներ չուներ։ Ստացվում է, որ երբ հետադարձ հայացքով է նայում այդ պատմությանը, այդ «ծիծաղեցինք, անցավ»-ը ամենևին էլ ծիծաղելի չի թվում։

Այստեղ քաղաքականությունից առաջ հոգեբանություն կա, որն ինձ մտորելու տեղիք է տալիս։ Մարդը հարցնում է՝ կարո՞ղ է Մոսկվայից ցուցում գալ, որ իրեն կալանավորեն։ Ոչ թե՝ «կարո՞ղ են ինձ քննադատել», ոչ թե՝ «կարո՞ղ են իշխանությունից հեռացնել», այլ՝ «կարո՞ղ են ինձ կալանավորել»։ Ինչո՞ւ էր Փաշինյանը նման սցենարի մասին մտածում։ Ի՞նչ գիտեր նա Մոսկվայի մասին, ի՞նչ էր պատկերացնում Ռուսաստանի ազդեցության մասին իր նկատմամբ, և ամենակարևորը՝ ինչո՞ւ էր իրեն այդքան խոցելի զգում այդ համակարգի առաջ։ Եթե այդ վախն իրական էր՝ ինչո՞ւ։

Գուցե նա պարզապես գիտակցում էր Ռուսաստանի այն ժամանակվա հսկայական ազդեցությունը Հայաստանի քաղաքական համակարգի վրա։ Գուցե դա անձնական վախ էր։ Գուցե նախկինում եղած ինչ-որ հարաբերությունների կամ պայմանավորվածությունների հետևանք էր։ Իսկ գուցե այստեղ կա մի բան, որի մասին հասարակությունը չգիտի։ Որովհետև ամենահետաքրքիրն այն չէ, թե Մոսկվան ինչ կարող էր անել Փաշինյանի հետ։ Ամենահետաքրքիրն այն է՝ ինչո՞ւ էր Փաշինյանը կարծում, որ Մոսկվան կարող է իր հետ նման բան անել։

Ու հենց այստեղից սկսվում է հաջորդ հարցը։

Արդյո՞ք Հայաստանի՝ Մոսկվայից հեռանալու և եվրոպական ուղղությունը կտրուկ ուժեղացնելու քաղաքականությունը միայն աշխարհաքաղաքական հաշվարկ էր։ Թե՞ այդ որոշումների մեջ կար նաև այն վախից ազատվելու ցանկությունը, որն արտահայտվել էր այդ մեկ տարօրինակ հարցում։ Որովհետև դրանից հետո մենք տեսանք Փաշինյանի իշխանության բավական հետևողական սիրախաղը Արևմուտքի հետ՝ Եվրոպայի հետ հարաբերությունների խորացում, եվրոպական կառույցների և քաղաքական շրջանակների հետ մերձեցում, Ռուսաստանի հետ նախկին կապերի ու անվտանգության համակարգի նկատմամբ ավելի ու ավելի կոշտ վերաբերմունք։ Դրան զուգահեռ սկսվեց նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների նոր էջի բացման քաղաքականությունը։

Եվ այստեղ արդեն հարցն ավելի լայն է դառնում։ Այս ամենի ֆոնին 2020-ից հետո Փաշինյանի քաղաքական շրջադարձերը՝ Մոսկվայից հեռանալը, Արևմուտքի հետ մերձեցումը, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների ակտիվացումը, արդեն այլ կերպ են ընկալվում։ Եվ այդ ամենի հիմքում, հնարավոր է, կանգնած է մի շատ կարճ ու շատ տարօրինակ հարց, որը Փաշինյանը տվել էր Արշակ Կարապետյանին․ «Կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան՝ ինձ կալանավորես»։ Ի՞նչ է թաքնված այդ ամենի տակ։