18/08/2026

EU – Armenia

Դեռ չենք հայտնաբերել նորածնին թողած անձին. ՀՀ ոստիկանապետ

Աջափնյակում նորածին երեխայի հայտնաբերման հետ կապված այս պահին էլ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացվում են, մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Կամո Ցուցուլյանը։

«Նորածնին դրել են և գնացել, այդ առումով դեռ պետք է աշխատանքներ իրականացնենք, դեռ չենք հայտնաբերել նորածնին թողնող անձին։

Հույս ունեմ՝ կարճ ժամանակում կհայտնաբերենք»,- ասել է ոստիկանապետը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին՝ ժամը 20։43-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա։ Ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ նորածինն արագ տեղափոխվել էր բժշկական կենտրոն։ Նա եղել էր թիթեղների տակ։

ԱՆ-ից հայտնել են, որ նորածնի կյանքին վտանգ չի սպառնում։ Նա CPAP-սարքի միջոցով է շնչում։ Առողջական վիճակը բավարար է։

Հալաբյան փողոցում՝ թիթեղների տակ, նորածին երեխային հայտնաբերած քաղաքացին՝ Նարեկ Պետրոսյանը, լրատվամիջոցների հետ զրույցում մանրամասներ էր հայտնել՝ նշելով, թե երեխային այնպիսի տեղ էին դրել, որտեղ երեխաները խաղում են, բնակչություն է լինում, այսինքն՝ այնպես է դրված եղել, որ գտնվի:

«Արմենիա» ԲԿ ծննդատան փոխտնօրեն, նորածնային ծառայության ղեկավար Արշակ Ջերջերյանը հայտնել է, որ օգոստոսի 10-ին Երևանի Հալաբյան փողոցում հայտնաբերված և լքված նորածինը, վստահաբար, ծնվել է օգոստոսի 10-ին և ոչ հիվանդանոցային պայմաններում: