Նախորդ տարվա հուլիսին ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, որը 2005 թվականից այս ֆակուլտետի դեկանն էր, անակնկալ կերպով ազատվեց աշխատանքից:
Նրա պայմանագրի ժամկետը լրացել էր, եւ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, որը շատ մտերիմ էր Ժամկոչյանի հետ եւ ինքն էլ մասնագիտությամբ աստվածաբան է, չերկարացրեց նրա պայմանագիրը: Այդ փուլում էլ Ժամկոչյանը միացավ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին եւ, ըստ որոշ տեղեկությունների, իշխանությունների կողմից արված շանտաժի արդյունքում համալրեց տիրադավ եպիսկոպոսների շարքը, որոնք Նիկոլ Փաշինյանի հետ միասին պահանջում էին Վեհափառի հեռացումը, սակայն նա այդպես էլ չվերադարձավ դեկանի պաշտոնին:

ԵՊՀ մեր աղբյուրն ասում է, որ համալսարանում բոլոր դեկանների պաշտոնավարման ժամկետը հինգ տարի է, սակայն իշխանության հանդեպ լոյալ դեկանների ժամկետն անաղմուկ երկարացնում են, իսկ նրանք, ովքեր ցանկալի չեն, հեռացվում են: Թեպետ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի պարագայում պատկերը փոքր-ինչ այլ է: Նա սերտ հարաբերություններ ունի ոչ միայն ռեկտորի, այլ նաեւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանի հետ: Ժամկոչյանը նաեւ որեւէ քննադատական խոսք չի ասել իշխանությունների մասին, ավելին` ըստ որոշ լուրերի, անգամ Նիկոլ Փաշինյանին խորհուրդներ է տվել` Եկեղեցու դեմ պայքարի մարտավարության հարցերում, սակայն քանի որ նախորդ տարվա հունիսի 27-ին նա Մայր Աթոռի բակում էր, երբ ԱԱԾ-ն փորձում էր Միքայել Աջապահյանին բերման ենթարկել, իսկ հուլիսի 4-ին մասնակցում էր ի աջակցություն Սամվել Կարապետյանի ակցիային եւ մյուս հոգեւորականների հետ բարձրացել էր բեմահարթակ, դրանից հետո հայտնվեց իշխանությունների թիրախում: Հետո որքան էլ ճկունություն դրսեւորեց եւ փորձեց սրբագրել իր արարքները, լիարժեք ներման չարժանացավ: Ժամկոչյանի պայմանագիրը չերկարացնելուց հետո նախորդ տարի Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի ԺՊ է նշանակվել Պարգեւ Բարսեղյանը:
Նա հոգեւորական չէ, կրոնագետ է, սակայն մեկ տարի է՝ զբաղեցնում է այդ պաշտոնը եւ այդպես էլ դեկան չի նշանակվում, անկախ այն բանից, որ իշխանությունների «սրտի թեկնածուն» է: Մեր աղբյուրն ասում է, որ նա չի համապատասխանում դեկանի պահանջներին, չունի պահանջվող գիտական աշխատանքներ, հրապարակված հոդվածներ, եւ սա է պատճառը, որ դեկանի համար մրցույթ չի հայտարարվում: Հավանաբար սպասում են, որ նա լրացնի կենսագրության պակասող մասը:
Մենք կապ հաստատեցինք Պարգեւ Բարսեղյանի հետ՝ պարզելու, թե երբ է Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի համար նախատեսված մրցույթը հայտարարվելու, եւ ճի՞շտ են այն տեղեկությունները, որ ինքը չի համապատասխանում դեկանի չափանիշներին, եւ դա է պատճառը, որ մրցույթ չի հայտարարվում: Բարսեղյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ պահին երկրում չէ, չի կարող մանրամասներ հայտնել, սակայն նշեց, որ մրցույթը, հավանաբար, կհայտարարվի աշնանը։ Իսկ կմասնակցի՞ ինքն արդյոք այդ մրցույթին, մեր զրուցակիցն ասաց, որ դեռ չունի որոշում:

Բաց մի թողեք
Առաջ հաստիքները լրացնում էր ԱԱԾ կադրերի վարչությունը, հիմա համացանցում հայտարարություններ են տարածում
Օդանավակայանում ասացին, որ չես կարող մուտք գործել Հայաստան
Նորատուսցի Ալիկը՝ կրկին մեղադրյալի կարգավիճակում. Լուսանկար