19/08/2026

EU – Armenia

Էդիկ Մինասյանի նկատմամբ տնային կալանք է կիրառվել. Լուսանկար

Հակակոռուպցիոն կոմիտեի տվյալներով՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի վարիչը՝ Էդիկ Մինասյանը քաղաքացու՝ համալսարան ընդունվելն անխոչընդոտ ապահովելու համար նրա ազգականից սկզբում պահանջել է 5 հազար, ապա՝ 4 հազար դոլար կաշառք։

Նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք, իսկ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 3-ից Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցրած անձը, իր իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով, ստացել է կաշառք: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ուսանողների ընդունելության հանձնաժողովի վրա ունեցած ազդեցությունն օգտագործելու եղանակով, քաղաքացու օգտին գործողություն կատարելու, այն է՝ վերջինիս Երևանի պետական համալսարան ընդունելությունն անխոչընդոտ ապահովելու նպատակով, նրա ազգականից պահանջել է նախ 5.000 ԱՄՆ դոլար, այնուհետև սակարկության արդյունքում՝ 4.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Նախաքննության ընթացքում ԵՊՀ ամբիոնի վարիչին մեղադրանք է ներկայացվել խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է ՀԿԿ-ի տարածած հաղորդագրությունում։

Էդիկ Մինասյանի նկատմամբ տնային կալանք է կիրառվել