20/08/2026

EU – Armenia

«Արտ լանչ»-ում տոտալ ստուգումներ են․ որն է պատճառը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն օրերս հաղորդագրություն էր տարածել, թե ստուգումներ են իրականացվում «Արտ լանչ» հանրային սննդի ցանցի բոլոր մասնաճյուղերում։ «Երկու օբյեկտներում խախտումներ էին արձանագրվել։

Հրապարակ թերթը գրել է․ Երևանի Աբելյան փողոց 6/12 հասցեում՝ «Այ Թի Պարկ» բիզնես կենտրոնում գործող «Արտ լանչ»-ում, ստուգման ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ և սննդամթերքի անվտանգության մի շարք խախտումներ»։

Ըստ ՍԱՏՄ-ի՝ մասնավորապես, պահեստային հատվածում միրգ-բանջարեղենի լվացման և կտրատման տարածքը պատշաճ կերպով առանձնացված չի եղել, լվացող և ախտահանող նյութերի համար առանձնացված պահման տարածք չի եղել, հատակը չի ունեցել հարթ մակերես և չի պահպանվել նորոգ ու մաքուր վիճակում։ Խախտումներ են արձանագրվել նաև պատերի, խողովակների և առաստաղի վիճակում։ Որոշ հատվածներում չի ապահովվել կեղտի կուտակման, գոլորշու խտացման, բորբոսի առաջացման և մասնիկների թափվելու կանխարգելումը։ Խոհանոցի՝ անմիջապես դեպի դուրս բացվող դուռը նույնպես միջատապաշտպան ցանցով ապահովված չի եղել։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև խախտումների վերացումը։ Գերատեսչությունից տեղեկացնում են, որ խախտումներ են հայտնաբերվել նաև «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի Երևանի Բաբաջանյան 40/1 հասցեում գործող հանրային սննդի կազմակերպության կենտրոնական խոհանոցում։ Այստեղ կասեցվել է «կուպատի սառեցված կիսապատրաստվածք» արտադրատեսակի արտադրությունը՝ վտանգավոր սննդամթերքի թողարկման պատճառով։ Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ արտադրանքը «մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ» (ՄԱՖԱնՄՔ), «աղիքային ցուպիկի խմբի մանրէներ» (ԱՑԽՄ) և «բորբոսասնկեր» ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին։

«Արտ լանչ»-ն այս իշխանությունների սիրելի կազմակերպություններից է, այս ընկերությունը բազմաթիվ տենդերներ է շահել եւ երկար ժամանակ բանակի ու կալանավայրերի սննդի մատակարարումն էր իրականացնում, իսկ նրա հիմնադիրը՝ Բակուր Մելքոնյանը շատ զգույշ եւ իշխանամետ հայացքներ ունի, նա բազմաթիվ այլ նախագծեր է իրականացնում, իսկ իշխանամետ լինելը պարտադիր պայման է դրա համար։

«Արտ լանչ»-ի հիմնադիր, ղեկավար Բակուր Մելքոնյանից հետաքրքրվեցինք` ի՞նչն էր այս համատարած ստուգումների պատճառը, հնարավո՞ր է քաղաքական պատճառներով է ՍԱՏՄ-ն որոշել ստուգումներ իրականացնել իրենց բոլոր մասնաճյուղերում. «Աշխատանքներ են տարվում, բնականաբար թերություններ են հայտնաբերվել, և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Չգիտեմ, թե կոնկրետ ինչ խախտումներ են հայտնաբերվել, դրանով մեր սննդի անվտանգությունն է զբաղվում: Կասեցված մասնաճյուղերը վերանորոգվում են, իսկ մնացածը` նորմալ աշխատում է: Ինչ վերաբերում է ստուգումների պատճառին, ապա այն տարեկան, հերթական ստուգումն է եղել, ի դեպ` հենց տարեկան ստուգումների դեպքում են բոլոր մասնաճյուղերը ստուգում, հակառակ պարագայում մի կետ կմտնեին»:

Հարցին` իսկ եթե ամեն տարի տոտալ ստուգումներ են արվում, ապա ինչո՞ւ նախորդ տարիներին այդ առիթով չկար նման աղմուկ, իսկ ՍԱՏՄ-ն հաղորդագրություններ չէր տարածում, մեր զրուցակիցն ասաց. «Դե հենց «Արտ լանչը» հայտնի է դառնում, սկսում են տարածել»: