Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի հերթական փիառն այս անգամ լոլիկի իրացման հետ էր կապված:
Հրապարակ թերթը գրել է․ Նա, իր սովորույթի համաձայն, մի տեսանյութ է հրապարակել՝ փորձելով ներկայացնել մի պատկեր, որն իրականությունից շատ հեռու է: Երբ Ադրբեջանի տարածքով Հայաստան ցորեն ներմուծվեց, Պապոյանը կեսգիշերին բեռնատար գնացքի մոտ կանգնած՝ տեսանյութ հրապարակեց՝ գովերգելով Ղազախստանից Հայաստան ներկրվող երրորդ եւ չորրորդ կարգի ցորենը, որը միայն կարող էր որպես անասնակեր օգտագործվել: Օրեր անց միայն պարզվեց, որ ներկրվող ցորենը 4-րդ կարգի է։
Հայկական բերքի արտահանման սահմանափակումների պատճառով գյուղացիներն ու արտահանողները խնդիրների առաջ են կանգնել, էկոնոմիկայի նախարարն առաջարկում է գյուղացիներին՝ լոլիկը մթերել 40 դրամով: Հիմա էլ Արտաշատի պահածոների գործարանի առաջ կանգնած՝ բլոգերություն է անում, ասելով. «Հայաստանում 4 700 տոննա լոլիկ է այս պահի դրությամբ մթերվել, որից 1800 տոննա՝ այս գործարանում: Գործարանը մթերումն իրականացնում է 40-80 դրամով՝ կախված լոլիկի որակից, եւ անսահմանափակ մթերելու է: Դաշտային եւ ջերմոցային լոլիկները բերեք՝ այս եւ մեր մյուս գործարանները կմթերեն: Այդպիսի քաղաքականության պատճառն այն է, որ մենք սահմանափակել ենք այլ երկրներից դեպի Հայաստան տոմատի մածուկի մուտքը, ինչի հետեւանքով լոլիկը կմթերվի, եւ տեղական արտադրությունը կզարգանա»:
Նախարարի հրապարակած տեսանյութից հարյուրավոր քաղաքացիներ են վրդովվել: Ֆեյսբուքյան օգտատեր Գագիկ Շոլինյանը գրել է. «ՀՀ էկոնոմիկան սահմանափակված է լոլիկի եւ խաղողի մթերումների շատ մեծ` աշխարհ կերակրող ծավալի մեջ։ Դե, ծաղիկների կամ ոսկե ծիրանի մասին չեմ հիշեցնում, ՀՀ կառավարության մասնաշենքի առաջ օտարերկրյա դեսպանների հերթ է, մեկ-մեկ դրանք հերթի խախտումներ են անում, ստիպված մեր ԱԱԾ-ն դրանց նրբորեն սաստում է։ Այսքան արտադրությունների բազմազանություն ունենալով, ժողովուրդ ջան, հարցնում եմ՝ մեզ արդյունաբերություն պե՞տք է։ Իհարկե ոչ, քանի որ պետական բյուջեն տրաքում է…. անչափ լցված դատարկությունից»:
Լաուրա Ստեփանյանը գրել է. «Բա վարունգին ե՞րբ է հերթը հասնելու։ Ամեն ինչից շոու սարքելուց հետո սա էր պակաս»։
Վրույր Հարությունյան. «40-80 դրամ: Դուք լո՞ւրջ եք, այսինքն՝ այդ գործարանն ընդամենը վճարել է 1800 տոննայի համար մաքսիմում 100 միլիոն դրամ ու դրա վրա կտասնապատկի, իսկ բուն արտադրողը կոպեկներով տուն կպահի …. լրիվ ցնդել են։ Կամ եթե իրոք դա է գինը, ինչո՞ւ է ներքին սպառման շուկայում 300-500 դրամ, թե՞ ձեզ ձեռ չի տալիս շուկան վերահսկել։ Ստացվում է, որ չարչարվող ժողովուրդը կանգնած է կոտրված տաշտի առաջ»: Սեդա Վարդանյան. «40 դրամն ի՞նչ փող է, մի հատ էլ գլուխ ես գովում: 2 տոննա պտի ծախի խեղճ գյուղացին, որ մի կոստյում գնի»:
Էդուարդ Բաբաջանյան. «Ձեր դեբիլ ՔՊ-ական թիմը բերեք դաշտեր, թող անվճար բերք հավաքեն, այդքան մեծ աշխատավարձեր եւ պարգեւավճարներ եք ստանում՝ ձեր հիմար կերպով վարած քաղաքականության դիմաց»։
«Հերիք ա խաբեք էս ժողովրդին, հերիք ա ձեր սուտ փիառով կերակրեք, հերիք ա։ Որտեղ Դուք կաք՝ Ձեր ՔՊ-ով, էնտեղ լրիվ հետընթաց եւ անկում, լրիվ սուտ եւ կեղծիք։ Դա էլ անասնապահությունը չլինի՝ ձեզ բնորոշ կեղծ սուբսիդիայով, ձեր նորարարական լուծումների արդյունքում անասնագլխաքանակը 10 անգամ կրճատվել է, կաթը 150 դրամը չի անցնում: Հարց տամ․ ձեր մաթեմատիկական հաշվարկի արդյունքում մեր 10 կովից քանիսի՞ն սուբսիդիա կհասնի, եթե ճիշտ պատասխանես, խոստանում եմ՝ լրիվ ընտանիքով միշտ ձեզ ընտրենք»:
Մենք զանգահարեցինք Արտաշատի պահածոների գործարան՝ հասկանալու, թե արդյո՞ք նախարարի ներկայացրածի պես մթերում է իրականացվում, եւ որքա՞ն լոլիկ են նախատեսում մթերել այս տարի: Մեզ պատասխանեց միայն գործարանի պահակակետի աշխատակիցը՝ ասելով, որ որեւէ հարցի պատասխանելու իրավունք չունի: Խնդրեցինք ասել՝ հերթ չի՞ առաջանում՝ մթերման հետ կապված, գյուղացիները ժամերով չե՞ն սպասում։ «Չէ, բացարձակ հերթ չկա, օրվա մեջ մի քանի մեքենա գալիս, մթերում, գնում է»:
Էկոնոմիկայի նախարարը, որը հայտարարել է, թե սահմանափակել են այլ երկրներից Հայաստան տոմատի մածուկի մուտքը, հուլիսի 23-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում նախագիծ է դրել քննարկման, ըստ որի՝ առաջարկվում է 6 ամիս ժամկետով արգելք սահմանել ՀՀ տարածք (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության երկրներից տեղափոխման) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2002 90 ծածկագրին դասվող (լոլիկներ՝ պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի հավելման, այլ) ապրանքատեսակների ներմուծման վրա։ Հիմնավորումը հետեւյալն է․ հայկական ծագում ունեցող կարանտինային արտադրանքների՝ ՀՀ-ից արտահանման եւ տարանցման նկատմամբ կիրառվող սահմանափակումներով պայմանավորված՝ նվազել են հայկական ծագման պտուղ-բանջարեղենի, այդ թվում՝ ջերմատնային արտադրության լոլիկի արտահանման ծավալները, որի պատճառով արտահանվող ջերմատնային արտադրության լոլիկի զգալի մասը ներկայում վաճառվում է տեղական շուկայում՝ հանգեցնելով բաց դաշտում արտադրված լոլիկի նկատմամբ պահանջարկի նվազման։
«Լոլիկի արտահանման սահմանափակումների կիրառման օրվանից՝ 2026 թ․ մայիսի 22-ից մինչեւ հուլիսի 22-ը, ջերմատնային արտադրության լոլիկի արտահանման ծավալը կազմել է շուրջ 800 տոննա, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել է շուրջ 7000 տոննա՝ ամբողջությամբ ԵԱՏՄ անդամ պետություններ։ 2020-2025 թվականներին տոմատի մածուկի ներմուծման տարեկան միջին ծավալը կազմել է շուրջ 5336.0 տոննա, իսկ նույն ժամանակահատվածում արտահանման տարեկան միջին ծավալը կազմել է շուրջ 3822.0 տոննա։ Նկատի ունենալով, որ տեղական շուկայում տոմատի մածուկի սպառման տարեկան միջին ծավալը կազմում է շուրջ 3000.0 տոննա, ստացվում է, որ ներմուծվող տոմատի մածուկի գերակշռող մասը վերաարտահանվում է, իսկ որոշ մասը նոսրացնելուց եւ վերափաթեթավորելուց հետո իրացվում է տեղական շուկայում։ Վիճակագրական կոմիտեի կողմից առանձնացված տոմատի մածուկի արտադրության ծավալ չի հրապարակվում։ Մթերված լոլիկի ծավալներից տոմատի մածուկի արտադրությանն ուղղված մասնաբաժնի եւ․․․ այլ հաշվարկներից ելնելով՝ գնահատվում է, որ տոմատի մածուկի արտադրության տարեկան ծավալների նվազումն ուղիղ համեմատական է մթերված լոլիկի ծավալների նվազմանը։ Հետեւաբար, տեղական արտադրության 1 կգ տոմատի մածուկի միջին ինքնարժեքը շուրջ 82.2 դրամով ավելի բարձր է, քան ներմուծված 1 կգ տոմատի մածուկի արժեքը։ Տոմատի մածուկի շուկայում ստեղծված իրավիճակն իր ուղղակի ազդեցությունն է թողնում լոլիկի մթերման եւ տոմատի մածուկի արտադրության գործընթացների վրա։ Այդ մասին է վկայում մթերումների ծավալների նվազման դինամիկան (2025-ին մթերվել է շուրջ 19.4 հազար տոննա լոլիկ, որը 2020-ին մթերված լոլիկի ծավալից պակաս է շուրջ 28.9 հազար տոննայով կամ ավելի քան 2,5 անգամ)։ Նման իրավիճակում անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծվել տեղական հումքով տոմատի մածուկ արտադրող եւ տոմատի մածուկ ներմուծող տնտեսվարողների համար, եւ այդ իրավիճակը շարունակվելու դեպքում վտանգվելու են լոլիկի արտադրության, մթերման եւ տոմատի մածուկի արտադրության գործընթացները։ Նախագծի ընդունման դեպքում կավելանան տեղական արտադրության տոմատի մածուկի իրացման ծավալները, կմեծանա լոլիկի նկատմամբ պահանջարկը, որի արդյունքում կապահովվի մթերման համար առաջարկվող լոլիկի բերքի մթերումը՝ ամբողջ ծավալով։ Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների եւ ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում»։
Նախագծի քննարկման ժամկետը օգոստոսի 8-ն է եղել: Քանի որ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում այդ նախագծի վերաբերյալ նշված էր, որ նախագիծը չի ընդունվել, զանգահարեցինք էկոնոմիկայի նախարարություն՝ ճշտելու, թե արդյոք որոշումն ընդունվե՞լ է, տոմատի մածուկի արգելք սահմանվե՞լ է։ «Միգուցե կայքում վրիպակ է եղել, իհարկե, որոշումն ընդունվել է, եւ սահմանափակվել է այլ երկրներից Հայաստան տոմատի մածուկի ներմուծումը»,- ասաց էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանը:

Բաց մի թողեք
Դասախոսը դատարանում հաղթել է իր տնօրենին․ Լուսանկար
ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը սխալ թվեր է հրապարակել ամբիոնից
Ո՞վ է ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը և ի՞նչ ունեցվածք ունի