«Հրապարակի» զրուցակիցն է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
– Նիկոլ Փաշինյանը երեկ՝ ասուլիսի ժամանակ նշեց, որ հայկական տարածքները՝ Տիգրանաշենը եւ Վերին Ոսկեպարը, իր խոսքով` Քյարքին, Բարխուդարլուն եւ Յուխար Ասկիպարան Հայաստանի տարածք չեն: Արդյո՞ք պատրաստվում է զիջել այդ տարածքները:
– Եթե ասում է, ուրեմն կտա: Նա հենց այնպես չի խոսում: 1980-ականներին ադրբեջանցիներն այդտեղ ոչխարներ էին արածեցնում, այնտեղ մի երկու հյուղակ եղավ, հետո դա սկսեց շատանալ: Խորհրդային տարիներին ГАИ պոստ կար, ու դա քարտեզում գրեցին որպես իրենց հանրապետության մաս: Իսկ քանի որ Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը բացարձակ անտարբերությամբ էր վերաբերվում հայկական հողերի բաժանմանը, դրա վրա ուշադրություն չդարձրեց, եւ այդտեղից մենք խնդիրը ունեցանք: Չկա որեւէ փաստաթուղթ, որ այդ տարածքը պատկանում է Ադրբեջանին, ուղղակի քարտեզ տպեց եւ ցույց տվեց, որ դա իր տարածքն է, եւ հիմա իր տարածքն ուզում է, ինչպես ուզում է բոլոր անկլավները: Բնականաբար, եթե Փաշինյանը մնա վարչապետ, այդ անկլավները տալու է: Բայց հիմա ավելի լուրջ խնդիր կա, քան այդ անկլավները տալը: Մասնավորապես, Ռուսաստանը ժամկետ է դրել՝ մայիսի 30-ին սկսվել է եւ ավարտվելու է նոյեմբերի 30-ին: Դա նշանակում է, որ մինչեւ դեկտեմբերի 15-ը, ըստ մեր վերլուծությունների, Ռուսաստանն ամեն ինչ անելու է, որ Հայաստանում իշխող կուսակցությունն ապամոնտաժվի: Եվ եթե Հայաստանի վարչապետը մինչեւ տարվա վերջը չհասցնի անկլավներ տալ, ապա հարց է՝ նոր իշխանությունը, որը կձեւավորվի, կտա՞, թե՞ չի տա:
– «Եթե հիմա Ռուսաստանի ողջ շուկան բացվի, միեւնույն է, գնալու ենք դիվերսիֆիկացման ճանապարհով»,- ասել է վարչապետը: Կհաջողվի՞ Փաշինյանին այլ ուղիներ գտնել՝ Հայաստանն այս վիճակից հանելու համար:
– Իսկ ո՞վ է ասում, որ Ռուսաստանը պատրաստվում է բացել շուկան, նա չի բացի, ավելին՝ տնտեսական սահմանափակումներն ավելի են խստանալու: Խնդիրը դրված է՝ ապամոնտաժել այս իշխանությունը, վերջ: Ուղղակի իշխող քաղաքական ուժը դա լավ չի հասկանում, ինչպես նաեւ Հայաստանում շատ-շատերը: Տնտեսական պատժամիջոցներով զրոյացնել ամբողջ Հայաստանի տնտեսական պոտենցիալը, ինչն արդեն մի քանի ամիս է՝ անում է Ռուսաստանը: Նախ, Հայաստանը չի կարող այս պահին դիվերսիֆիկացման խնդիր լուծել, դա բավականին դժվար աշխատանք է, դրա համար տարիներ են պետք: Իսկ ո՞վ ասաց, որ Փաշինյանն այդքան ժամանակ ունի՝ Հայաստանում իշխելու համար: Ուղղակի իրավիճակ է փոխվելու, եւ իշխող իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ: Ռուսաստանի ղեկավարությունն արդեն իսկ առաջին դեմքով մտել է խաղի մեջ` ապամոնտաժելու այս իշխանությունը: Ռուսաստանը շուկան չի բացի, բացող լիներ, չէր փակի: Դրվել է հանրաքվեի հարցը, իսկ վարչապետը հանրաքվե չի ուզում անել՝ ԵԱՏՄ-ի հետ կապված:
– ԹՐԻՓՓ-ի հետ կապված՝ Փաշինյանն ասել է, որ աշխատանքային գործընթացը շարունակվում է: Այս մասին ի՞նչ կարծիք կհայտնեք:
– Դե, ինչ ուզում է, թող վարչապետն ասի՝ ԹՐԻՓՓ-ի մասին մոռացեք: Իրանի Իսլամական Հանրապետության բարձրաստիճան բոլոր ղեկավարները հստակ ասել են՝ ԹՐԻՓՓ չի լինելու, քանի որ ԹՐԻՓՓ-ը միջանցք է թուրանական աշխարհի համար, ինչը մի շաբաթ առաջ նորից կրկնեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալներից մեկը, ասելով՝ ԹՐԻՓՓ-ի մասին Հայաստանի բացատրությունը մեզ չի բավարարում: Դա կապված էր ԱԺ արտաքին հարաբերությունների ՔՊ-ական թեկնածուի` Սարգիս Խանդանյանի հայտարարության հետ, որ հարցն Իրանի հետ լուծել ենք: Նրանք էլ ասում են՝ չեք լուծել, կապ չունի, թե դուք ինչ եք որոշել եւ ստորագրել, ԹՐԻՓՓ չի լինելու: Եթե Իրանը Պարսից ծոցից քշում է Ամերիկայի ենթակառուցվածքները, թո՞ւյլ կտա, որ Ամերիկան այս տարածքում իշխի: Որքան ուզում է՝ վարչապետը մամուլի ասուլիս հրավիրի եւ խոսի դրա մասին, որ աշխատանքներ են գնում եւ այլն, թող խոսի, միեւնույն է, Իրանը թույլ չի տա, որ ԹՐԻՓՓ-ն իրականություն դառնա:
ՀԳ. Քանի որ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ խոսեց Ադրբեջանին հանձնվող տարածքների մասին եւ նշեց այդ անունները ՝ Քյարքի, Բարխուդարլու, Յուխարի Ասկիպարա, եւ ասաց, որ դրանք Հայաստանի տարածք չեն, մի քանի տեղեկություն ներկայացնենք նշված գյուղերի հայկական լինելու մասին: Տիգրանաշենը Հայաստանի համար ռազմավարական նշանակության տարածք է, քանի որ այստեղով է անցնում Արարատի մարզը Վայոց ձորի մարզին կապող միակ միջպետական նշանակության ճանապարհը: Խորհրդային Միության առաջին տարիներին գյուղը պատկանել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը։ 1919 եւ 1922 թվականների մարդահամարի ժամանակ այն նշված է Վեդիի գյուղերի մեջ։ ՀԽՍՀ 1926 թվականի քարտեզում գյուղը եղել է Հայաստանի կազմում։ Ավելի ուշ այն Խորհրդային Հայաստանից անջատվել ու ընդգրկվել էր Խորհրդային Ադրբեջանի կազմում ընդգրկված Նախիջեւանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Սանդրուքի շրջանի մեջ եւ կոչվում էր Քյարքի՝ հայկական Քարքե անվանման աղավաղումով: Խորհրդային տարիներին ադրբեջանաբնակ գյուղի բնակիչները հաճախ են խոչընդոտել ավտոճանապարհով անցնող հայ ուղեւորների երթեւեկությունը։ Մասնավորապես, ձմռան ամիսներին ճանապարհի վրա ջուր են լցրել, որպեսզի այն սառցապատվի, քարերով հարվածել են ավտոմեքենաներին։ Բարխուդարլուն (նաեւ՝ Բարխուդարլի, Բարխուդարլը, ադրբ.՝ Barxudarlı) նախկին բնակավայր է՝ Հայաստանի Տավուշի մարզի արեւելքում՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարեւանությամբ։ Խորհրդային Միության ժամանակ բնակավայրը ներառվել է Ադրբեջանական ԽՍՀ կազմում։ Խորհրդային Միության Անդրկովկասյան Դաշնության Կենտրոնական գործադիր կոմիտեի հողային եւ անտառային վեճերը լուծող տեղական հանձնաժողովը 1929 թվականի հուլիսի 19-0-ի իր որոշմամբ Բարխուդարլուն ընդգրկել է Դիլիջանի գավառի մեջ, հետագայում այն առանձնացվել է Խորհրդային Հայաստանից եւ ներառվել Խորհրդային Ադրբեջանի կազմում։ Յուխարի Ասկիպարան (Վերին Ոսկեպար) մինչեւ 1720-ական թվականները Վերին Ոսկեպար է կոչվել, եղել է հայկական բնակավայր։ 19-րդ դարի կեսերից այդտեղ սկսել են հաստատվել խաշնարած թուրքեր, որոնք հիմնավորվել են, տներ կառուցել։ Վերին Ոսկեպար գյուղատեղին եւ հարակից տարածքները հարուստ են հայկական պատմամշակութային հուշարձաններով։

Բաց մի թողեք
Չես կարողանում պահել` հեռացիր, թող գան նրանք, ովքեր կկարողանան պահել
Ընդդիմությունը եւս նպաստեց, որպեսզի մարդիկ հիասթափվեն
«Իրական Հայաստանն» ու «Չորրորդ հանրապետությունը» դրվել են կառավարության 2026-2031 թթ․ ծրագրի հիմքում