Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությունն այս անգամ «կողմ» կքվեարկի Լիանա Մանուկյանի թեկնածությանը, որն ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության կողմից առաջադրվել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
Այս մասին օգոստոսի 21-ին Ազգային ժողովի նիստում հայտնել է իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը։
Նախօրեին, հիշեցնենք, խորհրդարանական մեծամասնությունը՝ ի դեմս «Քաղաքացիական պայմանագրի», արգելափակել էր ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության կողմից առաջադրված բոլոր երեք թեկնածուների ընտրությունը` չքվեարկելով նրանց օգտին։ Հաջորդ օրը «ուժեղները» որոշեցին նոր թեկնածուներ առաջադրել եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեցին Լիանա Մանուկյանի թեկնածությունը: Իսկ խմբակցությունը որոշեց «բարդացնել» խորհրդարանական մեծամասնության կյանքը, եւ Ազգային ժողովի ամբիոնից երկար ելույթներ ունենալու, հարցեր հնչեցնելու համար յուրաքանչյուր գրանցման ժամանակ քվեարկում էին ամբողջ կազմով, ինչին ի պատասխան՝ ՔՊ-ական Բաբկեն Թունյանը հայտարարեց` որոշել եք մինչեւ հոկտեմբեր մեզ պահել ԱԺ դահլիճո՞ւմ։
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմությունն ունի 41 մանդատ եւ միայն իր ուժերով չի կարող օրենքով իրենց հասանելիք պաշտոնների քվեարկությունն անցկացնել, գոնե մի 12-15 ձայն պետք է ՔՊ-ից, որ քվեարկությունը վավեր լինի, իսկ ՔՊ-ն որոշել էր «Ուժեղ Հայաստանի»` հանձնաժողովների նախագահների թեկնածուներին մերժել, իսկ «Հայաստան» դաշինքի թեկնածուին կողմ քվեարկել։
Այն, որ «Ուժեղ Հայաստանը» հինգշաբթի օրը նոր թեկնածուներ սկսեց առաջադրել եւ նախորդ անգամ առաջադրված ու ՔՊ-ից մերժված իր թեկնածուներին այլեւս չառաջադրեց, որոշ շրջանակների մոտ քննադատության առիթ է դարձել: Ընդդիմադիր մի շրջանակ գրում է, որ, օրինակ, նախորդ գումարման ԱԺ-ում «Հայաստան» դաշինքը 10-ից ավելի անգամ առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը` պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում, սակայն Ղազինյանին ՔՊ-ականները համառորեն դեմ էին քվեարկում, իսկ «Հայաստան» դաշինքը թեկնածուին չէր փոխում:
Ոստիկանության գեներալ-մայոր, նախկին պատգամավոր Գագիկ Համբարձումյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասում է. «Իրավիճակն այնպիսին է, որ բարդ է միանշանակ գնահատական տալը: Կարծում եմ, որ ճիշտ են վարվում ե՛ւ «Ուժեղ Հայաստան»-ը, ե՛ւ այն շրջանակը, որը քննադատում է նրանց վճռական չլինելու մեջ: ՔՊ-ականներին պետք է դնեին անհարմար վիճակի մեջ, բայց, հավանաբար, ինչ-որ մի այլ հաշվարկ ունեն նրանք, որի մասին մենք տեղյակ չենք: Չեմ կարծում, որ նրանք այդքան բանը չհասկանային: Ես առհասարակ կարծում եմ, որ նոր ԱԺ-ի իշխանական կազմը շատ ավելի այլանդակ կազմ է, իսկ ընդդիմությունն էլ ասում է, որ իրենք նոր պրոֆեսիոնալ, բոյեւոյ կազմ են ստեղծել: Տա Աստված, որ ինչ-որ բանի հասնեն: Ես այն կարծիքին եմ, որ քաղաքական գործընթացներ չկան, իսկ քաղաքական պայքարը սուտ է»:

Բաց մի թողեք
Դատարանը մերժել է Վահե Հակոբյանի հայցը
Չորս երեխա էլ անհայր կմեծանա
Անապահովներին տրամադրված աջակցությունը 7 անգամ պակաս է պարգեւավճարներից