22/08/2026

EU – Armenia

«Պատրաստվում են ինձ իմպիչմենտի ենթարկել»․ Թրամփը խոսել է միջանկյալ ընտրությունների մասին. Լուսանկար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեմոկրատները կարող են սկսել իր դեմ իմպիչմենտի գործընթաց, եթե հանրապետականները կորցնեն իրենց մեծամասնությունը Կոնգրեսում 2026 թվականի միջանկյալ ընտրությունների հետևանքով։

«Պատրաստվում են ինձ իմպիչմենտի ենթարկել։ Նրանք իմպիչմենտի կենթարկեն ինձ։ Նրանք պատկերացում չունեն, թե ինչու», – ասել է նա՝ ելույթ ունենալով Հարավային Կարոլինա նահանգի Միրթլ Բիչ քաղաքում իր կողմնակիցների առջև։

2026 թվականի նոյեմբերի 3-ին Միացյալ Նահանգներում կկայանան միջանկյալ Կոնգրեսի ընտրություններ։ Ամերիկացիները կընտրեն Ներկայացուցիչների պալատի ամբողջ կազմը (435 տեղ) և Սենատի մեկ երրորդը։ Քվեարկությունը տեղի կունենա Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի կեսին և կորոշի, թե արդյոք հանրապետականները կպահպանեն վերահսկողությունը երկրի օրենսդիր մարմնի նկատմամբ։

Դոնալդ Թրամփն արդեն երկու անգամ իմպիչմենտի է ենթարկվել իր առաջին ժամկետի ընթացքում։ 2019 թվականի դեկտեմբերին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը իմպիչմենտի էր ենթարկել նրան Ուկրաինային ռազմական օգնության վճարումների ուշացման հետ կապված մեղադրանքներով։ 2021 թվականի հունվարին Ներկայացուցիչների պալատը կրկին իմպիչմենտի էր ենթարկել հունվարի 6-ին Կապիտոլիումում տեղի ունեցած իրադարձություններից հետո։ Նա ԱՄՆ առաջին նախագահն է, որ երկու անգամ իմպիչմենտի է ենթարկվել։

Երկու դեպքում էլ ԱՄՆ Սենատը չէր կարողացել ապահովել Թրամփին դատապարտելու համար անհրաժեշտ ձայները, ուստի նա մնացել էր նախագահ։

Blog Image