24/08/2026

EU – Armenia

Ադրբեջանը «ագրեսորին պատժելու» կանցեպտից հրաժարվելու է, միայն բարի ցանկություն է

Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության վերադարձի իրավունքը միջազգայնորեն որևէ գործնական աջակցություն այսօր և վաղը չի ստանալու, քանի դեռ խնդիրը ներկայացվում է կամ «պատմական արդարության վերականգնման» կամ ԼՂՀ անկախ պետության ավելի քան երեսունամյա գոյության դիտանկյունից։

Հայաստանի փորձագիտական հանրությունը հիմնականում չի տիրապետում ղարաբաղյան խնդրի բուն էությանը։ Իսկ այն կայանում է նրանում, որ 1991թ․ նոյեմբերի 24-ին դեռևս խորհրդային Ադրբեջանի Գերագույն խորհուրդը ընդունել է երկու՝ ԼՂԻՄ-ը լուծարելու և «Վերին Ղարաբաղի ադրբեջանական բնակչության անվտանգությունը ապահովելու մասին» որոշում, որը չի հրապարակվել և առայժմ մնում է չգաղտնազերծված։

Ժամանակի մամուլը միայն արձանագրել է, որ որոշման կատարումը հանձնարարվել է պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություններին։

Դրանից ակնհայտորեն հասկացվում է, որ Ադրբեջանի իշխանության բարձրագույն մարմինը՝ Գերագույն խորհուրդը, նախկին ԼՂԻՄ հայ մեծամասնությանը ճանաչել է պետական պաշտպանությունից դուրս, իրավազուրկ և ֆիզիկական բնաջնջման կամ բռնատեղահանության ենթակա։

Իհարկե, աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում չափազանց բարդ է միջազգային որևէ ատյանում հայց հարուցել և հիմնավորել, որ այն, ինչ չի հաջողվել 1991-94 թվականներին, Ադրբեջանը իրականացրել է 2020-2023 թվականներին, բայց դա չի նշանակում, թե խնդիրը կարելի է փոխակերպել անպտուղ հռետորաբանության կամ մոռացության մատնել։

Ընդհակառակը, հարկ է զինվել համբերությամբ, ուսումնասիրել բաց աղբյուրները, փնտրել և գտնել լուրջ հիմնավորումներ, խորհրդակցել միջազգայնետների, բարձրակարգ իրավաբանների և իրավապաշտպանների, այդ ասպարեզում հեղինակավոր կառույցների հետ, ստեղծել տեղեկատվա-քարոզչական հարթակներ։

Այսօր պաշտոնական Բաքուն իր առավելապաշտությունը «հիմնավորում» է նրանով, որ «Ադրբեջանի տարածքի քսան տոկոսը երեք տասնամյակ գտնվել է Հայաստանի օկուպացիայի տակ, իսկ մեկ միլիոն ադրբեջանցի իր հայրենիքում դարձել է փախստական»։ Այս նարատիվը, ցավոք, միջազգային որոշակի աջակցություն ունի։

Արժե՞ այն «կոտրելու» քաղաքագիտական նախագիծ մշակել։ Դա նախ և առաջ անվտանգային լրջագույն խնդիր է։ Հուսալ, որ Ադրբեջանը «ագրեսորին պատժելու» կանցեպտից հրաժարվելու է, միայն բարի ցանկություն է։ Որովհետև հակառակ դեպքում 2020-2023 թվականների ադրբեջանական բոլոր գործողությունները «պատերազմական հանցագործություն» են։