Հոկտեմբերի 5-ին վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ դանակահարված վիճակում քաղաքացի է տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Հրազդանի ոստիկանները՝ բաժնի պետ Ա. Դանիելյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Արտակ Աղասարյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «որովայնի և ձախ նախաբազկի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ։
Հրազդանի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ նա վնասվածքները ստացել է Հրազդան քաղաքի Բաղրամյան 5-րդ փողոցի 4/1 հասցեում գործող «Դուետ» սրճարանում, վիճաբանության ժամանակ։
Հրազդանի համայնքային ոստիկանները, հետո նրանց միացած ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Վարդան Խաչատուրյանի գլխավորությամբ, համատեղ իրականացնում են օպերատիվ միջոցառումներ, որի արդյունքում պարզվում է, որ նույն օրը՝ ժամը 13:50-ի սահմաններում «Դուետ» սրճարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել Ա․ Աղասարյանի, նրա եղբայր՝ Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Արշակ Աղասարյանի, մյուս կողմից Կոտայքի մարզի բնակիչներ 60-ամյա Վարդան Ղազարյանի և 30-ամյա Գոռ Ղազարյանի միջև, ու վիճաբանության ժամանակ, ըստ օպերատիվ տեղեկությունների, Գ. Ղազարյանն իր մոտ եղած դանակով հարվածել է Ա․ Աղասարյանին։
Համայնքային և քրեական ոստիկանները բացատրական աշխատանքներ են իրականացնում, որի արդյունքում Գ․ Ղազարյանը ներկայանում է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղ էլ դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվում և այն նրա հետ ներկայացվում է ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա․ Աղասարյանի հայրը նախկինում աշխատել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Հրազդանի ներքին գործերի բաժնի պետի տեղակալ, իսկ նրան դանակահարած Գ․ Ղազարյանը Հրազդանի թիվ 11 դպրոցի նախկին տնօրենի տղան է, իսկ Հրազդանում էլ տեղեկատվություններ են տարածվել, որ վիճաբանություն-դանակահարության պատճառը կայանում է նրանում, որ տարիներ առաջ Ա․ Աղասարյանի հայրն աշխատանքից ազատել է տվել Գ․ Ղազարյանի մորը, փոխարենը դպրոցի տնօրեն է նշանակվել Ա. Աղասարյանի քույրը՝ Նարինե Աղասարյանը։


Բաց մի թողեք
«Գուստավ» ռեստորանի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում
Քոլեջի պահակը դատի է տվել տնօրենին
Հանգուցյալ Ռոբերտ Նազարյանի փեսայի գույքն են ուզում առգրավել. Լուսանկար