25/10/2026

EU – Armenia

Բերնհեմը բաց է թողնում ԵՄ-ում ազատ տեղաշարժի վերականգնման հնարավորությունը

Մեծ Բրիտանիայի վարչապետը դիտարկում է ԵՄ-Մեծ Բրիտանիա հարաբերությունների հնարավոր տարբերակները՝ Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովին ընդառաջ:

«The Sunday Times»-ին տված հարցազրույցում Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհեմը հայտարարել է, որ ցանկանում է «անկեղծ քննարկում» ունենալ բրիտանական հանրության հետ՝ ԵՄ-ում ազատ տեղաշարժի կանոնները վերականգնելու վերաբերյալ։

Նա նշել է, որ Մեծ Բրիտանիայում միգրացիոն իրավիճակը, որն առանցքային հարց էր 2016 թվականի «Բրեքսիտի» (Brexit) հանրաքվեի ժամանակ, այժմ փոխվել է. ներգաղթյալներից շատերը մնում են երկրում մշտական ​​հիմունքներով՝ փոխանակ վերադառնալու իրենց հայրենիք։

«Կարծում եմ՝ այս թեմայի շուրջ անհրաժեշտ է ծավալել փաստերի վրա հիմնված, ապացույցներով հիմնավորված քննարկում», — ասել է Բերնհեմը՝ հավելելով, որ ազատ տեղաշարժի կանոնների վերականգնումը բանակցությունների համար «կարմիր գիծ» (անընդունելի պայման) չի հանդիսանա։

Նա նաև մատնանշել է ազատ տեղաշարժի այն առավելությունները, որոնք Մեծ Բրիտանիան կորցրել է «Բրեքսիտի» պատճառով՝ որպես օրինակ բերելով իր հորը, ով 1990-ականներին կարողացել էր տեղափոխվել Գերմանիա՝ աշխատելու նպատակով։

Հուլիսին իշխանության գալուց ի վեր Բերնհեմը ներկայացնում է Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի միջև հարաբերությունները վերանայելու տարբերակներ։ Սեպտեմբերի վերջին Լեյբորիստական ​​կուսակցության տարեկան համաժողովում ունեցած ելույթի ժամանակ նա հայտարարել էր, որ «Բրեքսիտն» ավելի շատ վնաս է հասցրել, քան օգուտ։

Հարցազրույցում նա նշել է նաև, որ «Բրեքսիտի» հետևանքով Մեծ Բրիտանիան կորցրել է հասանելիությունը սահմանների կառավարման այն գործիքներին, որոնք կիրառում է ԵՄ-ն։ Դրանց թվում է Eurodac-ը՝ ԵՄ-ի կենսաչափական տվյալների բազան, որն օգնում է, օրինակ, կառավարել ապաստան հայցողների դիմումները։

Այնուամենայնիվ, «The Sunday Times»-ին նա ասել է, որ խորհուրդ չի տա միանալ Շենգենյան գոտուն կամ եվրագոտուն, թեև Մեծ Բրիտանիան դրանցից ոչ մեկի մաս չէր կազմում նույնիսկ այն ժամանակ, երբ ԵՄ անդամ էր։

Նոյեմբերի 20-ին Բրյուսելում Բերնհեմը հանդիպելու է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ՝ քննարկելու ԵՄ-Միացյալ Թագավորություն հարաբերությունները։