27/10/2026

EU – Armenia

Միակողմանի մարդասիրություն

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում հոկտեմբերի 19-ին ՀՀ պետական սահմանը հատած եւ հայտնաբերված ադրբեջանցին արդեն Բաքվում է։ Հայաստանի եւ Ադրբեջանի իրավապահ կառույցների միջեւ ձեռք բերված ուղիղ պայմանավորվածության արդյունքում՝ ՀՀ սահմանն ապօրինի հատած Թովուզի շրջանի բնակիչ Յաշար Քասիմովը հոկտեմբերի 26-ին՝ առանց որեւէ նախապայմանի, հանձնվել է ադրբեջանական կողմին, ապա տեղափոխվել Բաքու։

Հրապարակ թերթը գրել է․ Տավուշում հայտնաբերված անձի՝ Յաշար Քասիմովի դեպքում ՀՀ ԱԱԾ-ն, հիշեցնենք, հայտարարել էր, որ նա պարզապես մոլորվել է։ Հայկական կողմը նրա նկատմամբ քննչական ակտիվ գործողություններ չի արել եւ հոկտեմբերի 24-ին սահմանին հանձնել է Ադրբեջանի իրավասու մարմիններին, ինչի մասին հոկտեմբերի 26-ին պաշտոնապես հայտնվեց: Եղե՞լ է արդյոք որեւէ նախապայման, պահանջ, խնդրանք հայկական կողմից: «Հրապարակի» հարցին պատասխանում է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը․ «Իմ ունեցած տեղեկություններով, ինչ-որ բան չեն պահանջել եւ չեն ստացել: Հարցը լուծում է ստացել իր մարդասիրական բնույթի մեջ: Առնվազն նշված անձի մասով մենք որեւէ տեղեկություններ չունենք, որ սադրիչ գործողություններով կամ այլ հանցանքների կատարմամբ է ուղեկցվել նրա վարկանիշը: Ավելին՝ ըստ ադրբեջանական աղբյուրների, նա տառապել է որոշակի հոգեկան խնդիրներով»:

Սիրանուշ Սահակյանը հիշեցնում է, որ Ադրբեջանի սահմանին էլ, Արցախում մենք ունեցել ենք դեպքեր, երբ հոգեկան խնդիրների պատճառով մարդիկ մոլորվել եւ գերեվարվել են: «Իմ գնահատմամբ, այս անձինք, անկախ նրանից, թե որ կողմում են հայտնվել, ենթակա են վերադարձման առանց նախապայմանի: Նրանց հետ կապված քաղաքական առեւտուր չի կարող լինել, եւ խնդիրն իսկապես ունի մարդասիրական բնույթ: Այստեղ մենք տարբերակում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի վարքագիծը: Եթե Ադրբեջանը Կարեն Պետրոսյանին, որը մոլորվել էր, ներկայացրեց որպես ահաբեկիչ, եւ Հայաստանը հետ ստացավ նրա դիակը, ապա նույն մոտեցումը, կարծում եմ, չէր կարող ցուցաբերվել Հայաստանի կողմից: Հայաստանը ոչինչ չէր շահելու հայ-ադրբեջանական հարաբերություններում, եթե անմեղ, հանցանք չկատարած անձին շարունակեին պահել եւ մարդկային տառապանքներ պատճառեին անմեղ ադրբեջանցի ընտանիքին: Մենք միշտ խոսում ենք հանցագործների պատժելիությունից, բայց եթե կան անմեղ մարդիկ, նրանց տառապանքների հաշվին պետությունները չեն կարող քաղաքական կամ այլ առավելություններ ստանալ: Իմ կարծիքով, ադրբեջանցու հանձնումը ողջունելի է, ցույց է տալիս, որ Հայաստանը տարբերվում է Ադրբեջանից, բայց սա պետք է օրինակելի դեպք դառնա, որ Ադրբեջանը վերանայի իր մոտեցումները հայ անմեղ գերիների, մոլորյալ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց հանդեպ եւ նրանց ազատ արձակի՝ առանց ՀՀ իշխանություններից պահանջելու օգուտներ»,- ասում է Սահակյանը:

Նա հիշեցնում է Ռաշիդ Բեգլարյանի դեպքը, որը մոլորվել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, երբ որոշ տարածքներ հանձնվել էին Ադրբեջանին: Նա գերեվարվել էր եւ, ըստ հայկական կողմի, եւս ուներ հոգեկան խնդիրներ: «Առանց պայմանի հանձնելով մոլորյալներին, Հայաստանը բարձրացնում է իր հեղինակությունը միջազգային ատյաններում, բայց ես հույս ունեմ, որ Ադրբեջանը կգնահատի այս մոտեցումը եւ նույն մարդասիրական մոտեցումները կցուցաբերի գերիների առնչությամբ»,- նշեց Սիրանուշ Սահակյանը: Բայց նա վերապահում ունի Շաքիի միջադեպի հերոսի հետ կապված․ «Իմ մոտեցումը վերաբերելի է մոլորված, հոգեկան կամ այլ խնդիրներ ունեցող անձանց, ոչ հանցանք կատարածներին: Բայց քանի որ Ադրբեջանը վարում է պատանդային քաղաքականություն ու ունի ՀՀ-ում պահվող հանցագործ, ու եթե այս անձի վերադարձն անխուսափելի է, կարծում եմ՝ Հայաստանը պետք է գոնե կարողանա այդ հանցագործի դիմաց ստանալ մի շարք հայերի, ընդ որում՝ խոսքը չպետք է գնա մեկ-երկու գերիների մասին, որտեղ մենք ունենք կարգավիճակային առանձնահատկություններ»:
Մինչեւ 2018-ը գերեվարվածների փոխանակումն արվում էր երրորդ երկրների միջոցով, ոչ ուղղակի: «Եթե մենք ունեինք գերիներ, ապա անպայման փոխանակում էին գերիներով: Նրանց կողմից նյարդերի վրա խաղ էր գնում, շանտաժ, թե Հայաստան չենք ուղարկի, կուղարկենք երրորդ երկիր»,- ասում է ադրբեջանագետ, սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանը, որը տարիներ շարունակ հանդես է եկել որպես փորձագետ եւ ուսումնասիրել է Բաքվի մանեւրները, գերիների թեմայով իրականացրած տեղեկատվական-հոգեբանական գրոհները: Նա հիշեցնում է Հակոբ Ինջիղուլյանի գործը՝ Պաշտպանության բանակի շարքային զինծառայողի, որը 2013 թ․ օգոստոսին ծառայողական պարտականությունները կատարելիս՝ տեղանքում չկողմնորոշվելով, հատել էր սահմանն ու գերի ընկել։

«Ինջիղուլյանը, որին մեկ տարի պահեցին Ադրբեջանում, ասում էր՝ ես միայն Հայաստան եմ վերադառնալու, ինձ երրորդ երկիր պետք չէ: Մի երկու հոգու ուղարկեցին երրորդ երկիր՝ հայտարարելով, թե նրանք իբր Հայաստան չեն ուզում վերադառնալ, բայց Ինջիղուլյանն ասաց, որ ուզում է Հայաստան վերադառնալ, եւ պահանջեց, որ Հայաստան վերադառնա: Նախկինում փոխանակման տարբերակներ կային, բայց հիմա մարդ չի մնացել: Հայաստանում չկա ադրբեջանցի գերի: Նիկոլը երբ եկավ իշխանության, առաջինը, որ արեց, Քելբաջարի տեռորիստներին ու բոլոր ադրբեջանցիներին՝ ինչքան կար, վերադարձրեց», – նշում է Ադիբեկյանը:

Նա նկատում է, որ ինչ-որ շատ տարօրինակ մարդիկ են գալիս՝ կա՛մ հարբած են, կա՛մ սոված են, կա՛մ հոգեկան խնդիր ունեն: «Կարող է իրենց թվում է, որ շպիոն դիվերսանտները պոզով-պոչո՞վ են լինում: Բնականաբար, նրանք ներխուժում են հիվանդ, սոված, հարբած, մոլորվածի տեսքով, իրենց սեւ գործն անում են ու հետ են գնում: Տեղեկատվություն են հավաքում, պայթյունավտանգ նյութեր են դնում շենքերի հիմքում եւ այլն: Առանց որեւէ հետաքննության ու լուրջ մոտեցման չի կարելի թողնել այդ դեպքերը, եթե անգամ հովիվ էր ու մոլորյալ: Նրանք, բնականաբար, կտեսնեն, որ հայերը հոգատար են վերաբերվում, վտանգավոր մարդկանց կսկսեն ուղարկել: Անլուրջ վերաբերմունքը մեծ ռիսկ է մեր անվտանգության համար»,- ասում է Արմինե Ադիբեկյանը:

Գերիների հարազատները չեն ցանկանում, գուցե վախենում են խոսել թեմայի շուրջ։ Հարցը չափազանց նուրբ է, չափազանց կախյալ են նրանք Բաքվի բանտերից եկող յուրաքանչյուր լուրից ու ակնարկից: ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որի եղբայրը՝ Արցախի ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ, գեներալ Դավիթ Մանուկյանը գտնվում է Բաքվի բանտում, շեշտում է. «Այդ մասին՝ այս թեմայով պետք է խոսի հանրությունը, ոչ թե գերիների հարազատները»:

Անհետ կորածների հարազատներն էլ դեմ չեն, որ սահմանախախտին վերադարձնում են․ «Նորմալ է, ես չեմ զարմանում, որ առանց պահանջի հետ են տալիս, բայց գոնե տեղեկություն ուզեն մեր երեխեքի մասին: Գերիների հարցը վաղ թե ուշ լուծվելու է, գոնե գիտենք, թե որտեղ են նրանք: Բայց անհետ կորածների մասին գոնե մի փոքր ինֆորմացիա ուզեին, մի հոգու ճակատագրի վերաբերյալ, մի թեթեւ, աննշան ինֆորմացիա ուզեին ադրբեջանցու դիմաց»,- ասում է անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը: