Կիրակի օրը Հայաստանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո՝ երեկվանից իշխանականները հրճվում են Ստեփանավան համայնքի արդյունքներից, որտեղ փաստացի Սամվել Կարապետյանի թիմակիցը պարտվեց մյուս թեկնածուներին՝ զբաղեցնելով երրորդ տեղը։
Հրապարակ թերթը գրել է․ ՔՊ-ականներն ավելի շատ ոգեւորվել են ոչ այնքան իրենց պյուռոսյան «հաղթանակներից», որքան Ստեփանավանում «ուժեղների» պարտությունից։ Ստեփանավանում թեպետ ՔՊ-ն չի հաղթել, բայց պարտվել է նաեւ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն, որի դեմ աշխատել էր պետական ողջ ապարատը եւ մոբիլիզացրել բոլոր լծակները։
Ստեփանավան համայնքն այն եզակի բացառություններից է, որտեղ իշխող «Քաղպայմանագրի» թեկնածուն առանց մրցակից չէր, այլընտրանք ուներ՝ ի դեմս «Ուժեղ Հայաստան» կուսակցության։ Իհարկե, ընտրություններից երկու օր առաջ կուսակցության ցուցակը գլխավորող Արսեն Գեւորգյանին ու նրա որոշ թիմակիցների ձերբակալեցին ու կալանավորեցին ընտրակաշառքի մեղադրանքով, սակայն անգամ դրանից հետո ՔՊ-ն չէր հանդարտվել, այլ գործի էր դրել ողջ լծակները՝ Ստեփանավանում ընդդիմադիր թեկնածուին պարտության մատնելու համար։
Իսկ Ստեփանավանում ընտրությունների արդյունքում հետեւյալ պատկերը գրանցվեց․ գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանը, որ առաջադրվել էր «Գործարար» կուսակցությամբ, առաջին տեղը զբաղեցրեց՝ ստանալով ձայների 41,54 %-ը, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի գլխավորությամբ՝ 35,32 %-ը, «Ուժեղ Հայաստանը»` Արսեն Գեւորգյանի առաջնորդությամբ՝ 19,68 %-ը, իսկ «Հանրապետությունը»` 3,41 %-ը։
Հայաստանի 21 համայնքում անցկացված ՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է՝ 68,83 %: 19 հազար 324 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 68, 83 %-ը՝ 13 հազար 300 քաղաքացի:
Թե ինչու ընդդիմադիր թեկնածուին չհաջողվեց հաղթանակ տանել, պարզից էլ պարզ է․ նրա դեմ, ինչպես նշեցինք, աշխատել է ողջ պետական ապարատը։ Չնայած գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանն ընտրություններից առաջ դուրս եկավ ՔՊ-ից ու առաջադրվեց որպես անկուսակցական եւ նախընտրական հարցազրույցներում էլ ֆեյք ընդդիմություն էր խաղում՝ վստահեցնելով, թե ընտրություններից հետո չի համագործակցի «Քաղպայմանագրի» հետ, սակայն, մեր տեղեկություններով, դա եղել է իշխանության պլանի մաս՝ համայնքային ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակազմերին, ՔՊ-ի գիտությամբ ու թույլտվությամբ, Գրիգորյանն ուղղորդել է իր օգտին, տարբեր խոստումներ են տրվել մարդկանց, զուգահեռ՝ ուժայիններն էլ ՔՊ-ական թեկնածուի համար են աշխատանքներ տարել, այսինքն, երկու ճակատով պայքարել են ընդդիմադիր թեկնածուի դեմ՝ վախեցնելով, ճնշելով մարդկանց, որ կզրկվեն աշխատանքից, կարգավիճակից, ոմանց էլ գայթակղել են խոստումներով, միայն թե քաղաքը չանցնի Սամվել Կարապետյանի թիմին։ Մենք քանիցս գրել ենք, որ խորհրդարանական ընտրություններից հետո ՔՊ-ն «վիզ էր դրել» ռեւանշի հասնել Ստեփանավանում, որտեղ հունիսի 7-ի ընտրություններում պարտվել էր «Ուժեղ Հայաստանին»։ Ի դեպ, երեկ իշխանական շրջանակներից չէին բացառում, որ Ստեփանավանում քաղաքապետ դառնա ոչ թե Արմեն Գրիգորյանը, որի գլխավորած ուժն ամենաշատ ձայներն է ստացել, այլ երկրորդ տեղն անցած ՔՊ-ն, իսկ Գրիգորյանին, բնականաբար, կփոխհատուցեն՝ ՔՊ-ին աջակցելու համար։ Այն շնորհակալությունները, որ նա հղել էր գործող իշխանություններին եւ Նիկոլ Փաշինյանին, հուշում են, որ դա միանգամայն հնարավոր սցենար է։


Բաց մի թողեք
Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի
2027-ի բյուջեն կազմել են Հայաստանի համար նպաստավոր զարգացումների հաշվարկով
Սևանում թեժ ընտրապայքար է սպասվում. Վահրամ Գևորգյանը հայտարարեց առաջադրվելու մասին․ Լուսանկար