27/10/2026

EU – Armenia

Ինչպես են ստիպում հավատալ ստին․ հոգեբաններ

Ստի սիստեմատիկ կերպով կրկնությունը պարբերաբար կամ անընդհատ՝ ի վերջո կարող է ստիպել մարդկանց ընկալել այն որպես ճշմարտություն։ Դա կոչվում է ճշմարտության պատրանքի էֆեկտ։

Այս մասին ասել է ռուս գիտնական Ելենա Շպագինան։ Գիտական հետազոտությունները, որոնք անցկացվել են դեռեւս անցյալ դարի յոթանասունական թվականներին, ցույց են տվել, որ կրկնվող սուտը, հատկապես երբ կրկնվում է տեւական ժամանակ, լսարանի մոտ ընկալվում է ավելի հավաստի կամ ճշմարտանման, քան նոր հորինված սուտը։

Նույնիսկ այն դեպքում, երբ մարդը գիտի, որ ասվածը սուտ է, «ճշմարտության պատրանքի էֆեկտի» ազդեցությամբ մի քանի շաբաթ կարող է մարդուն թվալ ճշմարտացի։

Այդ ամենի պատճառը, ըստ մասնագետների, մարդու գլխուղեղի աշխատանքի առանձնահատկության հետ է կապված։ Ծանոթ թեզիսները ավելի արագ են մշակվում որպես ինֆորմացիա եւ ավելի դյուրին կերպով, եւ դա սխալ կերպով կարող է ընկալվել որպես հավաստիության նշան։ Բացի այդ, կրկնությունը ամրացնում է հիշողության մեջ հասկացությունների միջեւ կապերը։