31/10/2026

EU – Armenia

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս

Մեր տեղեկություններով, «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր, Գորիսի նախկին փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի նախօրեի հայտարարությունը` համայնքապետերի կոռուպցիայի մասին, որով համայնքային ծրագրերից փող են աշխատում նրանք, խիստ զայրացրել է Նիկոլ Փաշինյանին եւ նա անձամբ է հանձնարարել Արուսյակ Մանավազյանին եւ Դավիթ Խուդաթյանին` ստատուսներ գրել, կոչեր անել համայնքապետերին, որ դատի տան Յոլյանին:

«Հրապարակ» թերթը գրել է. Ապա լրացուցիչ կապվել են համայնքապետերի հետ եւ զգուշացրել, որ եթե դատի չտաք, դա կգնահատենք, որ համաձայն եք այդ հայտարարության հետ եւ ստուգողներ կուղարկենք ձեր համայնքներ: Դա է պատճառը, որ համայնքապետերը երեկ մեկը մյուսի ետեւից հայտարարում էին, թե դիմելու են դատարան` ընդդեմ Իրինա Յոլյանի: Իբրեւ թե իրենց պատիվն ու արժանապատվությունն արատավորել է զրպարտությամբ:

Բայց ամբողջ բանն այն է, որ զրպարտության համար հայց կարող է ներկայացնել այն անձը կամ ընկերությունը, որի անունը շոշափվել է «զրպարտողի» կողմից: Ընդհանուր «համայնքապետեր» արտահայտությունը չի կարող ցանկացած համայնքապետի իրավունք տալ դիմել դատարան: Զրպարտությունը պետք է հասցեական լինի եւ կոնկրետ:

Ասում են՝ իմ ելույթից հետո ՔՊ-ականներից ոմանք նեղվել են և պատրաստվում են ինձ դատի տալ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը։

«Իմ ելույթում խոսել եմ համակարգային կոռուպցիայի մասին։ Սովորաբար, առանձին անձանց չեմ անդրադառնում, որովհետև խնդիրը միայն անձերի մեջ չէ, այլ ձևավորված համակարգի, որտեղ պետական և համայնքային միջոցների տնօրինման գործընթացներում բազմաթիվ հարցեր կան։

Բայց տեղեկացա, որ մի շարք համայնքների ղեկավարներ, նույնպես, որոշել են ինձ դատի տալ։

Ես չէի ցանկանում հերթով անդրադառնալ ձեզ, ձեր հարազատների անուններով հիմնադրված և ձեզ հետ փոխկապակցված ընկերություններին, այդ ընկերությունների մասնակցությամբ կազմակերպված տենդերներին և դրանց շուրջ առաջացած հարցերին, բայց, եթե դուք ինքներդ եք ստիպում, ապա ստիպված կլինեմ դա անել ավելի մանրամասն՝ անուններով, ընկերություններով, պայմանագրերով և փաստաթղթերով։

Ես պատրաստ եմ իմ յուրաքանչյուր հրապարակային պնդման համար պատասխան տալ։

Փաստերով, եթե ներկայացնեմ, թե ինչպես եք ձեզ հետ փոխկապակցված ընկերությունների միջոցով դարձել պետական և համայնքային տենդերների հիմնական շահառուներ, պատրա՞ստ եք այդ ճանապարհով ստացված գումարները վերադարձնել պետությանը։

Ինձ չեք լռեցնելու դատի տալու սպառնալիքով», – նշել է նա։