31/10/2026

EU – Armenia

Նորմալ պետությունում այդ տեսակը չէր կարող պատգամավոր լինել

«Երբ ինչ-որ մեկը փորձում է հարվածել մեր պատգամավորին, նա պատասխան կստանա, իսկ համարժեք, թե ոչ համարժեք՝ կարեւոր չէ»,- լրագրողների հետ զրույցում իր առաջնորդի խոսքերն է կրկնել ԱԺ փոխխոսնակ, իշխող ՔՊ կուսակցության ներկայացուցիչ Վահագն Ալեքսանյանը։

«Ո՞վ է ասել, որ քաղաքական խոսքը պետք է հաճելի լինի հակառակ թեւի ներկայացուցիչների համար»,- հարց է տվել նա` արդարացնելով Տարոն Չախոյանի ելույթները եւ հավաստիացնելով, որ իրենց պատգամավորի կողմից վիրավորանքներ չեն հնչել։ «Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի թիկնապահների սանձարձակությունը հայտնի է եղել տասնամյակներ շարունակ։ Դա հերթական անգամ դրսեւորվեց նաեւ այսօր։ Կարծում եմ՝ իրավիճակը, երբ ինչ-որ թիկնապահ խորհրդարանի տարածքում բռնություն է գործադրում լրագրողի նկատմամբ, դատաիրավական համակարգի բացթողումն է։ Մյուս լրագրողներին եւս պետք է հետաքրքրի, թե ինչու է նա ազատության մեջ»,- ասել է Ալեքսանյանը։ «Դատապարտում եմ միջադեպի սկիզբը, բայց չեմ դատապարտում դրան մեր պատասխանը։ Բռնությանը բռնությամբ պատասխանելը, կարծում եմ, երբեմն տրամաբանական է։ Տրամաբանական չէ սպասել, որ ընդդիմադիրը խորհրդարանի ամբիոնի մոտ կհարվածի իշխող կուսակցության պատգամավորին, եւ դա հետեւանքներ չի ունենա։ Մեր պատգամավորի նկատմամբ բռնություն է գործադրվել, եւ, ի պատասխան դրան, ջարդուփշուր է եղել։ Նորմալ է, որ ես այս իրավիճակում կանգնել եմ մեր խմբակցության պատգամավորի կողքին»,- ընդգծել է նա: Խոսքն այն մասին է, որ ծեծկռտուքի ժամանակ ինքն աթոռ է նետել ընդդիմադիրների ուղղությամբ։ Նա միջադեպը կապել է նախորդ օրը քննարկված TRIPP նախագծի հետ, որն «ապահովում է Հայաստանի զարգացումը, բերում ամերիկյան խոշոր ներդրումներ եւ Հայաստանը դարձնում ԱՄՆ-ի խոշոր գործընկեր», ինչն ընդդիմության համար քաղաքական ծանր իրավիճակ է ստեղծել։ «Ընդդիմությունն ընդունել է Նիկոլ Փաշինյանից իր պարտությունը, ընդունել է, որ չի կարող բանավեճի մեջ մտնել նրա հետ»,- ընդգծել է Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ տարիներ առաջ Վահագն Ալեքսանյանը քացիներ էր հասցրել ընդդիմադիր պատգամավորներից մեկին` Վահե Հակոբյանին, բայց քանի որ այդ ամենը չունեցավ որեւէ իրավական հետեւանք, հիմա էլ աթոռ է նետում մարդկանց ուղղությամբ: Երեւանի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով կատարվածի եւ իրավապահների անգործության մասին, ասաց. «Ազգային ժողովում վերջին տարիներին տարբեր նման դրվագներ եղան, սակայն, ինչպես տեսանք, դրանցից եւ ոչ մեկը քրեաիրավական գնահատականի այդպես էլ չարժանացավ: Հերթական անգամ տեղի ունեցավ մի պրոցես, որն ակնհայտ հանցակազմի տարրեր ուներ, տեղի ունեցան կոնկրետ գործողություններ, սակայն վստահ եմ, որ այս ամենը եւս քրեաիրավական գնահատականի չի արժանանալու, ինչու՝ որովհետեւ գնահատականին արժանացնողներն այս պահին ծառայում են իշխանությանը, հետեւաբար՝ չեն կարող անել մի բան, որը հակասում է իշխանության շահերին: Սա պարզ տրամաբանություն է, այստեղ չկա օրենք: Ինչ վերաբերում է իշխանական պատգամավորների գործողություններին, ապա մենք պետք է մի բան հասկանանք, որ այս կռիվները նրանց համար կենաց-մահու են: Նրանք կռիվ են տալիս մինչհեղափոխական սովածության եւ պաշտոնի ուժով հարստության միջեւ, նրանք շատ լավ հասկանում են, որ եթե մանդատ չունենան, իրենց տեղը լավագույն դեպքում իրենց բնակարանի բազմոցն է լինելու, իսկ ոմանց պարագայում նույնիսկ բազմոցն էլ չէ` բանտը: Հետեւաբար, ընդդիմադիր պատգամավորները պետք է այս հանգամանքը հաշվի առնեն: Նման կռիվների ժամանակ ակտիվ են հատկապես այն ՔՊ-ականները, ովքեր կյանքում առավել անպիտան են, ո՛չ գրագետ են, ո՛չ պրոֆեսիոնալ են, ո՛չ ինչ-որ ոլորտում մասնագետ են, ոչ մեկն են, եթե իրենց մանդատն ու կուտակած հարստությունը վերցնես ձեռքներից, սոված են մնալու այդ մարդիկ, ոչինչ չունեն այս կյանքում, մանդատից բացի: Մանդատն իրենց կյանքն է: Նրանց նպատակները կապ չունեն մեզ նման մարդկանց նպատակների հետ: Մի գոնչո դեմքով պատգամավոր կա, որի մասին ես առաջին անգամ երեկ իմացա` Նարեկ Բաբայան: Կենսագրությունը կարդում եմ․ այս տղան 20-քանի տարեկանում նոր բարձրագույն կրթություն է ստացել, դրանից հետո ոչնչով չի զբաղվել եւ անմիջապես դարձել է պատգամավոր: Պարզ է, որ այս կարգի մարդիկ պետք է իրենց նման ձեւով դրսեւորեն, քանի որ նորմալ պետության պարագայում այդ տեսակը չի կարող պատգամավոր լինել: Հազիվ շանս է ստացել մարդը: Վերադառնալով իրավապահների թեմային, պետք է ասեմ, որ նրանք՝ բոլորը, քաղաքականացված ֆիգուրներ են, շարժվում են երկրի ղեկավարի ցուցումներով: Այս մարդիկ մի բան կարող են անել միայն՝ դիմում գրել եւ հեռանալ: Մեր երկրում չկա դասական իրավաբանություն, կա մեկ անձի հրահանգ, եւ կան կատարողներ: Նիկոլ Փաշինյանի հետ անհնար է աշխատել, նա ղեկավարին հարիր ոչինչ չունի, ո՛չ նրա կեցվածքն է ղեկավարին հարիր, ո՛չ արտաքինը: Ես ամաչում եմ, երբ տեսնում եմ, որ այդ մարդը դրսում Հայաստանն է ներկայացնում»: