2027 թվականի պետական բյուջեի նախագծի խորհրդարանական նախնական քննարկումները կրկին սրել են իշխանության ու ընդդիմության տնտեսական հակադրությունները՝ բացահայտելով երկրի առաջիկա տարվա ֆինանսական քաղաքականության շուրջ առանցքային տարաձայնությունները։
«Փաստ» օրաթերթը գրում է. Ընդդիմադիր թևի գնահատմամբ, ներկայացված փաստաթուղթը չի արտացոլում տնտեսական զարգացման և հանրային բարեկեցության տրամաբանությունը, ավելին՝ այն շեղվել է ծրագրային բյուջետավորման սկզբունքից և խարսխվում է հարկային ճնշման ու պարտքային բեռի ընդլայնման վրա։
Հնչած քննադատությունների առանցքում նաև միջոցների բաշխման համամասնություններն են, երբ վարչապետի հովանու տակ իրականացվող միջոցառումների ու փառատոնների համար նախատեսվում է մոտ 8,5 միլիարդ դրամ, մինչդեռ կենսաթոշակների բարձրացման համար անհրաժեշտ 6 միլիարդ դրամը բյուջեում տեղ չի գտել։
Նիկոլ Փաշինյանը պնդել է, որ իրենց պաշտոնավարման շրջանում պետական պարտքը ոչ թե կրկնապատկվել, այլ աճել է 1,7 անգամ՝ ընդգծելով, որ դրա մի մասը ձևավորվել է նախկինում ստանձնած պարտավորությունների հաշվին, իսկ ներկայիս աճը պայմանավորված է նաև «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցմամբ։
Այդուհանդերձ, նախագծի թվերը ցույց են տալիս, որ հաջորդ տարի պետական պարտքը կավելանա 650 միլիարդ դրամով կամ 11,2 տոկոսով՝ մոտենալով 6,5 տրիլիոն դրամի ցուցանիշին։ Ընդդիմության ներկայացուցիչները հատուկ շեշտում են, որ այդ 650 միլիարդ դրամից միայն 126,6 միլիարդն է նպատակային, մինչդեռ մնացած գումարների ուղղվածության հստակ հետագծելիությունն ապահովված չէ։
Ուշադրության կենտրոնում են հայտնվել նաև ուժային ու անվտանգային ոլորտների ֆինանսավորման համամասնությունները, քանի որ ներքին գործերի նախարարության բյուջեն ավելանում է 40 տոկոսով, մինչդեռ պաշտպանության նախարարության հատկացումների աճը կազմում է 9 տոկոս՝ գրեթե հինգ անգամ զիջելով ՆԳՆ-ի ցուցանիշին։
Այս համատեքստում առանձնակի սուր է դառնում շուրջ 1,3-1,4 միլիարդ դոլարի կարգի բյուջետային պակասուրդի հարցը, քանի որ դեֆիցիտի նման ծավալն ուղղակիորեն նշանակում է, որ համապատասխան չափով պետք է ներգրավվեն նոր փոխառություններ և արտաքին պարտք։
Մինչդեռ բյուջետային ծախսերն աճում են մոտ 13 տոկոսով, իսկ տնտեսական աճի առավելագույն կանխատեսումը սահմանված է 5,8 տոկոս՝ զիջելով նախորդ տարիների արդյունքներին, եկամտային հիմքը չի հասցնում ապահովել ավելացող պարտքային բեռի կայուն կրողունակություն։
Պարտքային ֆինանսավորումը բնույթով անսահմանափակ լինել չի կարող. յուրաքանչյուր նոր փոխառություն մեծացնում է սպասարկման ծանրությունը, և ինչքան էլ որոշում կայացնողները հանդես գան ինքնավստահ, դիլետանտ ու հռետորական հայտարարություններով, ֆինանսական տրամաբանությունն ունի իր վերջնակետը։
Վաղ թե ուշ արտաքին պարտք վերցնելու հնարավորությունը սպառվում է, իսկ դրա սպասարկումը դառնում է անհնարին, ինչը փլուզում է փոխառությունների հաշվին պահպանվող հավասարակշռությունը և կարող է հանգեցնել ֆինանսական կաթվածի՝ հարվածելով տարբեր ոլորտների բնականոն գործունեությանն ու խորացնելով առկա ճգնաժամային միտումները։


Բաց մի թողեք
Դատական համակարգում «խուճապ է»․ «վնգստացող դատավորներին» հաշված օրեր են մնացել
Բրյուսովում կրկին բունտ է հասունանում․ Գյուրջինյանի դիրքորոշումը փոխվել է
Դատավորը 30 մլնի նվեր է ստացել․ Լուսանկար