27/11/2026

EU – Armenia

Ինչո՞ւ Եվրոպայի առաջնորդները չեն մտահոգվում Ուկրաինային աջակցության անկման մասին

ԵՄ կառավարությունները գիտեն, որ Ուկրաինան իրենց սեփական անվտանգությունը, ինչպես նաև իրենց բյուջեները պաշտպանելու առաջին գիծն է։

ԲՐՅՈՒՍԵԼ — Մինչ եվրոպացի առաջնորդները ձգտում են Ուկրաինայի համար ևս մեկ միլիարդ եվրոյի վարկ տրամադրել, նրանց ընտրողներից մի քանիսը հակառակ ուղղությամբ են շարժվում։

Գերմանիայում՝ Եվրոպայի ամենամեծ և ամենահզոր տնտեսությունում, մեծահասակների 53 տոկոսը դեմ է Ուկրաինային ռազմական օգնություն ուղարկելուն, այս շաբաթ ցույց է տվել Körber Stiftung ոչ առևտրային կազմակերպության կողմից անցկացված հարցումը։ Կիևին նվիրատվություններ կատարողների համամասնությունը նվազել է մինչև 46 տոկոս՝ նախորդ տարվա 59 տոկոսի համեմատ։

Արդյունքները համապատասխանում են վերջին տարիների պատերազմի նկատմամբ աճող հոգնածության օրինաչափությանը, որը մոտենում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից լայնածավալ ներխուժման մեկնարկի հինգ տարվան։

Կենտրոնամետ առաջնորդների համար, որոնք պայքարում են պետական ֆինանսների լարվածության և Ուկրաինայի նկատմամբ սկեպտիկ պոպուլիստների աջակցության աճի դեմ, քաղաքական ռիսկը սուր է։ Սակայն Բրյուսելում հանդիպող քաղաքական գործիչներից շատերը դեռևս ասում են, որ Կիևի համար ֆինանսավորումը դադարեցնելու արժեքը շատ ավելի վատ կլինի, քան հասարակական կարծիքին չդիմադրելը։

Նրանք զգուշացնում են, որ Պուտինը կհայտարարի հաղթանակի մասին, ապա կհամարձակվի ձեռնարկել հետագա ագրեսիվ քայլեր տարածքային ընդլայնման ուղղությամբ, հնարավոր է՝ Բալթյան երկրներում: Եվ վերլուծաբանները նշում են, որ Ուկրաինայի պարտության սցենարը չափազանց թանկ կարժենա եվրոպական կառավարություններին, քանի որ նրանք ստիպված կլինեն ամրապնդել իրենց սեփական պաշտպանությունը՝ ռուսական սպառնալիքի աճին դիմակայելու համար:

«Բոլորս էլ հասկանում ենք, որ որքան երկար է շարունակվում պատերազմը, այնքան մեծանում է ռիսկը, որ քաղաքացիները կհոգնեն դրանից», — Բրյուսելում տված հարցազրույցում ասել է Շվեդիայի ԵՄ հարցերով նախարար Ջեսիկա Ռոզենկրանցը։ Սակայն, նախազգուշացրել է նա, Ուկրաինային ցուցաբերվող եվրոպական աջակցությունը «կենսական նշանակություն ունի, այն պարզապես ցանկալի հավելում չէ», և եթե Ուկրաինան պարտվի, ապա դրա հետևանքները ողջ Եվրոպայի համար «շատ թանկ կնստեն»։

Ֆինանսավորման շուրջ բանավեճը տեղի է ունենում վճռորոշ պահի։ Ուկրաինան թևակոխում է ռուսական ռմբակոծությունների ներքո անցկացվող հինգերորդ ձմեռը, մինչդեռ ԱՄՆ-ի միջնորդությամբ իրականացվող խաղաղարար ջանքերը դեռևս որևէ շրջադարձային արդյունքի չեն հանգեցրել։ Ուկրաինայի՝ ԵՄ-ում գտնվող դաշնակիցները մտավախություն ունեն, որ վճռականության թուլացման ցանկացած նշան Պուտինին կհամոզի, թե ժամանակն իր օգտին է աշխատում։

Նրանց փաստարկը հստակ է. Ուկրաինային աջակցելն այլևս միայն Պուտինին կանգնեցնելու խնդիրը չէ, որպեսզի նա ուժի կիրառմամբ չփոխի Եվրոպայի սահմանները։ Խոսքը սեփական ազգային անվտանգության և պետական ​​բյուջեների պաշտպանության մասին է, որոնք հիմք են հանդիսանում նրանց կենսակերպի համար։

«Եվրոպան և Ուկրաինան փոխկապակցված են, քանի որ Ուկրաինան պայքարում է հանուն մեզ», — ասել է Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը՝ Բրյուսելում Եվրոպական խորհրդի գագաթնաժողովին մասնակցելու գնալիս։ «Մենք ընդամենը եվրոներ ենք հաշվում… իսկ նրանք արյուն են թափում»։

«Եվրոպայի կողմից խնայողություն անելու փորձը կարող է շատ թանկարժեք սխալ դառնալ», — ասել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ «Անվտանգությունն իր գինն ունի»։

Պարտության գինը

Անցյալ տարի անցկացված մի ուսումնասիրության համաձայն՝ Ռուսաստանի մասնակի հաղթանակի դեպքում մինչև 10 միլիոն ուկրաինացի փախստական ​​կարող է մուտք գործել Եվրոպա՝ մեծացնելով ընդունող երկրների սոցիալական ծախսերը և խթանելով պոպուլիզմը։ Սա նաև կհանգեցնի ՆԱՏՕ-ի ուժերի նոր համալրմանը դաշինքի արևելյան թևում, ինչը կպահանջի պաշտպանական ծախսերի ավելացում։

Ռիսկերի գնահատմամբ զբաղվող «Corisk» խորհրդատվական ընկերության և Նորվեգիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի զեկույցի համաձայն՝ Եվրոպայի համար ընդհանուր ծախսերը կարող են հասնել 1,6 տրիլիոն եվրոյի, ինչը կրկնակի ավելին է, քան այն ծախսերը, որոնք Եվրոպան կկրեր Ուկրաինայի հաղթանակի դեպքում։

Կիևի տնտեսագիտության դպրոցի նախագահ, Ուկրաինայի էկոնոմիկայի նախկին նախարար Տիմոֆի Միլովանովը նշել է, որ Ռուսաստանի հաղթանակը Եվրոպայում տնտեսական ճգնաժամ կառաջացնի։ Նրա խոսքով՝ կառավարությունները ստիպված կլինեն ավելի շատ միջոցներ հատկացնել ոչ միայն պաշտպանությանը, այլև միլիոնավոր ուկրաինացի փախստականների տեղավորմանը։ Բացի այդ, կտուժի առևտուրը, իսկ հարևան երկրներում, օրինակ՝ Լեհաստանում և Ռումինիայում, կնվազեն ներդրումները։

«Ագրեսիվ Ռուսաստանը գոյություն ունի արդեն տասնամյակներ շարունակ, և իրական հարցն այն է, թե որն է նրան զսպելու ամենաէժան ճանապարհը, — ասել է Միլովանովը։ — Ամենաէժան ճանապարհն Ուկրաինային [ֆինանսավորելն] է, քանի որ նա պատրաստ է պայքարել»։

Ֆինանսավորման հարցը հրատապ է։ Կիևում նախագահ Վլադիմիր Զելենսկու կառավարության ֆինանսական միջոցները սպառվում են, քանի որ միջազգային նվիրատվությունները նվազում են։ Կանխատեսվում է, որ հաջորդ տարի Ուկրաինան ռազմական և բյուջետային կարիքների համար կունենա 70 միլիարդ եվրոյի պակասուրդ։

ԵՄ առաջնորդները քննարկում են մի ծրագիր, որով նախատեսվում է ֆինանսական այս բացի երկու երրորդը ծածկել 45 միլիարդ եվրոյի նոր վարկի միջոցով։ Այն երաշխավորվելու է միության երկարաժամկետ բյուջեով, որի շուրջ համաձայնություն դեռ ձեռք չի բերվել։

Որպեսզի Ուկրաինան ստանա անհրաժեշտ աջակցությունը, վճռորոշ դեր է խաղալու Եվրոպայի խոշորագույն տնտեսության աջակցությունը։ Գերմանիան Ուկրաինային ամենաշատ միջոցներ տրամադրող եվրոպական երկիրն է. 2022 թվականից ի վեր այն հատկացրել է 54 միլիարդ եվրոյի ռազմական, ֆինանսական և մարդասիրական օգնություն։ Ըստ Քիլի ինստիտուտի «Ուկրաինային աջակցության մշտադիտարկման» (Ukraine Support Tracker) տվյալների՝ ընդհանուր ծավալով Գերմանիան զիջում է միայն ԱՄՆ-ին։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ԵՄ-ի ամենաազդեցիկ առաջնորդներից է և Ուկրաինայի ամենահաստատակամ աջակիցներից մեկը։ Նա այժմ նպատակ ունի Կիևին տրամադրվող երկարաժամկետ ֆինանսավորումն ամրագրել ԵՄ-ի հաջորդ յոթնամյա բյուջեում։

Գերմանական մտահոգություններ

Այս շաբաթ հրապարակված հարցման արդյունքները Բեռլինում լուրջ մտորումների տեղիք տվեցին։ Մերցը զգուշացրեց, որ Ռուսաստանի հավակնությունները դուրս են գալիս հարևան երկրի սահմաններից, և կոչ արեց ուժեղացնել Կիևին ցուցաբերվող աջակցությունը։ Պատասխանելով «ծայրահեղ աջ և ծայրահեղ ձախ» թևերի քննադատներին, ովքեր պնդում են, թե Եվրոպան չափազանց շատ միջոցներ է ծախսում Ուկրաինայի վրա, Մերցը նշեց, որ Մոսկվան «ավելին է ուզում, քան պարզապես Ուկրաինան»։

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսն ընդունեց, որ հանրության շրջանում դժգոհություն կա։ «Դա ծանր բեռ է մարդկանց համար, ծախսեր է պահանջում և անհանգստություն է առաջացնում», – ասաց նա։ Սակայն հավելեց. «Խնդիրն այլևս միայն Ուկրաինան չէ, այլ՝ Եվրոպայի կայունությունը»։

Քաղաքական այն մարտահրավերը, որին բախվում են կենտրոնամետ ուժերը, կայանում է նրանում, որ ընտրողների հոգնածությունից ավելի ու ավելի շատ օգտվում են այն քաղաքական ուժերը, որոնք կողմ են Կիևին տրամադրվող օգնության կրճատմանը։

Գերմանիայում ծայրահեղ աջ «Գերմանիայի համար այլընտրանք» կուսակցության կողմնակիցների 88 տոկոսը դեմ է Ուկրաինային ռազմական աջակցությանը: Կիևի Բեռլինում դեսպան Ալեքսեյ Մակեյևը մեղադրել է հիմնական կուսակցություններին՝ թույլ տալով, որ ձախ և աջ ծայրահեղականները գերիշխեն բանավեճում, հատկապես տեղական մակարդակում։

Այնուամենայնիվ, Բրյուսելի պաշտոնյաները ավելի քիչ են անհանգստանում այս շաբաթվա ընտրությունների, քան հաջորդ տարվա ընտրությունների համար։

Ուշադրությունն արդեն ուղղված է Ֆրանսիայի հաջորդ ապրիլին կայանալիք նախագահական ընտրություններին: ԵՄ դիվանագետները վախենում են, որ ծայրահեղ աջ առաջնորդ Մարին Լե Պենի հաղթանակը կարող է խաթարել Եվրոպայի ֆինանսները և կրճատել Ուկրաինային տրվող աջակցությունը։

«Լը Պենից» ապահովագրում
Այս մտահոգությունը բացատրում է, թե ինչու են որոշ առաջնորդներ, այդ թվում՝ Մերցը, ցանկանում, որ Ուկրաինային տրամադրվող ֆինանսավորումն ամրագրվի ԵՄ-ի հաջորդ յոթնամյա բյուջեում՝ ապահովելով երկարաժամկետ աջակցություն՝ նախքան քաղաքական քամիների փոփոխությունը։

Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հայտարարել է, որ համաձայն է Մերցի հետ. Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը պետք է կապված լինի ԵՄ բյուջեի հետ։ Նրա խոսքով՝ Ուկրաինան «Եվրոպայի պաշտպանության առաջին գիծն» է։

Սակայն այս նախաձեռնությունն արդեն իսկ դիմադրության է հանդիպում Բրյուսելում։ Հունգարիան, Սլովակիան, Բուլղարիան և Չեխիան ցանկանում են բացառություններ ստանալ ֆինանսավորման վերջին փաթեթից։

Եթե Եվրոպան որոշի դադարեցնել Ուկրաինայի ֆինանսավորումը, ապա դա կլինի կեղծ խնայողություն, կարծում է «Եվրոպական արտաքին հարաբերությունների խորհուրդ» (European Council on Foreign Relations) վերլուծական կենտրոնի փորձագետ Ֆրեդերիկ Վեսլաուն։

«Ռուսաստանի հաղթանակը կնշանակի եվրոպական պաշտպանական ծախսերի հսկայական աճ», — ասել է նա։ Նրա խոսքով՝ Մերցն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Ուկրաինային աջակցելու հարցում «առաջ են անցել իրենց հասարակություններից»։

«Խնդիրն այն է, որ այս առաջնորդները ներքաղաքական առումով թույլ դիրքերում են, և նրանց հաճախ դժվար է հիմնավորել Ուկրաինային տրամադրվող ռազմական ու ֆինանսական օգնությունը, — հավելել է Վեսլաուն։ — Սակայն առաջնորդությունը ենթադրում է առաջնորդել՝ հատկապես այնպիսի հարցերում, որոնք հակասում են հանրային տրամադրություններին»։