27/11/2026

EU – Armenia

Չեխովյան հույսի շողը․ «Երեք քույրերը»՝ Սուրեն Շահվերդյանի բեմական ընկալմամբ․ Լուսանկարներ

Երբ թատրոնը չի վերապատմում դասականը, այլ բացահայտում է նրա ներսում ապրող ժամանակակից մարդուն…

Երեկ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Անտոն Չեխովի «Երեք քույրեր» ստեղծագործության առաջին փակ ցուցադրությունը։ Ներկայացման բեմադրիչն ու թատրոնի տնօրենը Սուրեն Շահվերդյանն է, որի նոր բեմադրությունը դասական դրամատուրգիայի հետ երկխոսելու հետաքրքիր, համարձակ և ինքնատիպ փորձ է՝ լի ներքին շարժումով, հոգեբանական լարվածությամբ ու թատերական անսպասելի լուծումներով։

No photo description available.

Չեխովին սիրող և նրա դրամատուրգիան խորապես ընկալող հանդիսատեսի համար վաղուց պարզ է՝ նրա ստեղծագործությունները չեն ենթարկվում մակերեսային մեկնաբանությունների։ Չեխովի աշխարհը հաճախ սկսվում է կենցաղային թվացող իրավիճակից, սովորական խոսակցությունից, առօրյա մի դրվագից, սակայն այդ արտաքին պարզության ներքո թաքնված է մարդկային հոգու անսահման բարդությունը։ Նրա հերոսները խոսում են մեկի մասին, բայց ապրում՝ բոլորովին այլ բան։ Նրանք քննարկում են առօրյան, մինչդեռ ներսում պայքարում են կյանքի իմաստի, սիրո, ժամանակի, մենության և չիրականացած երազանքների հետ։

«Երեք քույրեր»-ը հենց այդպիսի դրամա է՝ չապրած կյանքի, ուշացած երջանկության, անպատասխան սիրո, ապագայի հանդեպ վախի և մի հեռավոր աշխարհի կարոտի մասին, որը կարծես միշտ գտնվում է մի քանի քայլ այն կողմ, բայց երբեք չի դառնում իրականություն։

Եվ այս ամենի մեջ Չեխովի մեծագույն ողբերգությունն այն է, որ նրա հերոսները ոչ թե դադարում են հուսալ, այլ շարունակում են ապրել՝ հույսը դարձնելով իրենց գոյության վերջին, երբեմն անտեսանելի հենարանը։

Բեմական տարածություն, որը դառնում է դրամատուրգիա

Սուրեն Շահվերդյանի բեմադրության առաջին առանձնահատկությունը ռիթմն է։ Չեխովի դրամատուրգիային բնորոշ ներքին դանդաղ ընթացքը այստեղ վերածվել է ավելի ուժգին, դինամիկ և էներգետիկ թատերական շարժման։ Գործողությունները չեն կորցնում իրենց հոգեբանական խորությունը, սակայն ձեռք են բերում ժամանակակից բեմական շունչ, որի շնորհիվ ներկայացումը զարգանում է կենդանի, լարված ու շարունակ փոփոխվող ընթացքով։

No photo description available.

Բեմի շրջանաձև խաղարկային հատվածի պտույտը պարզապես տեխնիկական կամ դեկորատիվ հնարք չէ։ Այն դառնում է դրամատուրգիայի կարևոր բաղադրիչ՝ փոխելով գործողության տարածությունը, հերոսների հարաբերությունները և հանդիսատեսի ընկալումը։ Բեմը կարծես ինքն է ապրում, շարժվում, պտտվում մարդկային ճակատագրերի շուրջ՝ երբեմն առաջ բերելով այն զգացողությունը, որ կյանքը նույնպես անընդհատ շարժման մեջ է, բայց այդ շարժումը միշտ չէ, որ մեզ տանում է դեպի ցանկալի հանգրվան։

Հատուկ ուշադրության է արժանի ներկայացման տարածական մինիմալիստական ձևավորումը։ Այստեղ ավելորդ ոչինչ չկա։ Բեմական միջավայրը չի ծանրաբեռնում գործողությունը, չի փորձում բացատրել այն, այլ հնարավորություն է տալիս դերասաններին և նրանց ստեղծած կերպարներին դառնալ գլխավոր արտահայտչամիջոցը։ Մինիմալիզմը, սակայն, դատարկություն չէ․ այն տարածություն է, որտեղ յուրաքանչյուր շարժում, հայացք, լռություն և խոսք ձեռք է բերում առավել ընդգծված նշանակություն։

Նորարարական է նաև հանդիսատեսի տեղադրումը՝ անմիջապես բեմական տարածքում։ Դիտողը այլևս պարզապես հեռվից հետևողը չէ․ նա հայտնվում է գործողության ներսում՝ նույն օդում, նույն լարվածության և նույն հուզական միջավայրում։ Այս մոտիկությունը ֆիզիկական լինելուց զատ նաև հոգեբանական է։ Կարծես Չեխովի հերոսների չասված խոսքերը, նրանց ներքին տագնապներն ու երազանքները հասնում են հանդիսատեսին ոչ թե բեմի հեռավորությունից, այլ անմիջապես նրա դիմաց։

Սուրեն Շահվերդյանը կարողանում է բեմական տարածությունը դարձնել զգացողության, հիշողության և դրամատիկական ազդեցության գործիք։

No photo description available.

Չեխովի լռությունը՝ Շահվերդյանի ռիթմում

Ներկայացման մեջ հրաշալիորեն պահպանված է Չեխովի ինտոնացիան։ Թեև բեմադրական ընթացքն ավելի դինամիկ է, այն չի խզում կապը հեղինակի ներքին աշխարհին բնորոշ նուրբ հոգեբանական շերտերի հետ։ Չեխովը այստեղ չի կորցնում իր ինքնությունը․ նրա հերոսների խոսքերի տակ շարունակում է ապրել այն անտեսանելի դրաման, որը հաճախ ավելի ուժեղ է, քան արտասանված նախադասությունը։

Միևնույն ժամանակ Սուրեն Շահվերդյանի ձեռագիրը զգալիորեն ընդգծում է կերպարների անմիջական հաղորդակցությունը։ Նրանք հաճախ են հպվում միմյանց, մոտենում, շփվում, կարծես փորձում են ֆիզիկական ներկայությամբ լրացնել այն բացը, որը գոյություն ունի նրանց հոգիների միջև։ Այս բեմական լուծումը շատ հետաքրքիր է․ մարդկային հարաբերությունները դառնում են առավել տեսանելի, իսկ ներքին հեռավորությունները՝ առավել ցավոտ։

Չեխովի դրաման հաճախ հենց այդ հակասության մեջ է՝ մարդիկ կողք կողքի են, բայց չեն կարողանում հասնել միմյանց։ Նրանք ապրում են նույն տանը, խոսում նույն լեզվով, կիսում նույն հիշողությունները, սակայն յուրաքանչյուրն իր առանձին աշխարհն ունի՝ չբացահայտված, չլսված, երբեմն՝ նույնիսկ ինքն իրենից թաքցված։

Սուրեն Շահվերդյանի բեմադրության մեջ այդ հակասությունը ստանում է նոր թատերական արտահայտություն՝ միաժամանակ պահպանելով չեխովյան նրբությունն ու ավելացնելով ժամանակակից բեմական դինամիզմ։

No photo description available.

Մոսկվան՝ ոչ թե բարձրաձայն երազանք, այլ ներքին կարոտ

Այս ներկայացման ամենահետաքրքիր առանձնահատկություններից մեկն այն է, որ այստեղ «Մոսկվա՜, Մոսկվա՜» բաղձալի ձգտումը չի հնչում որպես անընդհատ բարձրաձայնվող, գրեթե կարգախոսային երազանք։

Այն կարծես տեղափոխվել է հերոսների ներաշխարհ՝ դառնալով նրանց վերաբերմունքի, սիրահարությունների, սպասումների և չիրականացած ցանկությունների մեջ ապրող զգացողություն։ Մոսկվայից ժամանած Վերշինինը՝ Ալեքսանդր Իգնատևիչը, իր ներկայությամբ կարծես այդ հեռավոր աշխարհի մի մասն է բերում երեք քույրերի կյանք։ Նրա շուրջ ձևավորվող հուզական հարաբերությունները, հատկապես Մաշայի ներքին ապրումները, դառնում են ոչ միայն սիրո պատմություն, այլև այն կյանքի խորհրդանիշը, որը կարող էր լինել, բայց չեղավ։

Մոսկվան այս բեմադրության մեջ կարծես ոչ այնքան աշխարհագրական վայր է, որքան հոգեվիճակ․ մի տարածություն, որտեղ հերոսները պատկերացնում են իրենց ավելի երջանիկ, ավելի ազատ, ավելի լիարժեք։ Եվ գուցե հենց այդ պատճառով է, որ Մոսկվայի մասին բաղձանքը երբեմն ավելի ուժեղ է, երբ չի արտասանվում։

Լույսը՝ որպես սպասման և հիշողության լեզու

Սուրեն Շահվերդյանի բեմադրական վարպետության ուշագրավ դրսևորումներից է լույսի օգտագործումը։ Տեսարաններից մեկում բեմական տարածքի և մթության մեջ գտնվող հանդիսատեսային հատվածի միջև ստեղծվող լուսային լուծումը հնարավորություն է տալիս հեռվից եկող կերպարի հայտնությունը վերածել շատ առանձնահատուկ կերպարի ու տեսիլքի։

No photo description available.

Այդ պահին լույսը պարզապես լուսավորում չէ․ այն ստեղծում է հեռավորության, սպասման և հայտնության զգացողություն։ Մարդը կարծես գալիս է ոչ միայն տարածության միջով, այլև հիշողությունից, երազանքից կամ այն ապագայից, որին հերոսները երկար ժամանակ սպասել են։

Այսպիսի լուծումները ներկայացման մեջ չեն ընկալվում որպես ինքնանպատակ հնարքներ։ Դրանք ծառայում են դրամատուրգիային՝ ընդգծելով բեմադրության ներքին տրամաբանությունը և այն անսովոր թատերական լեզուն, որով Սուրեն Շահվերդյանը խոսում է Չեխովի հետ։

Շեփորի ուղեկցությամբ հնչող երաժշտությունն էլ դառնում է այդ լեզվի կարևոր մասը։ Այն ներդաշնակորեն միանում է գործողությանը՝ ստեղծելով լրացուցիչ հուզական միջավայր, պահպանելով ռիթմը և երբեմն կարծես արտահայտելով այն, ինչ հերոսները չեն կարողանում ասել բառերով։ Շեփորի հնչողության մեջ կա և՛ թախիծ, և՛ սպասում, և՛ մի տեսակ հեռավոր կանչ, որը համահունչ է Չեխովի աշխարհին։

Դերասանական կազմ․ մարդկային ճակատագրերի կենդանի ներկայությունը

Ներկայացման դերասանական աշխատանքը արժանի է առանձնահատուկ ընդգծման։ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում այս բեմադրության համար ընտրվել են երկու դերասանական կազմեր, որոնք հանդես են գալու տարբեր օրերին։ Մենք դիտեցինք առաջին կազմի աշխատանքը, որտեղ կերպարները ներկայացվեցին յուրահատուկ, ինքնատիպ և բեմադրիչի ձեռագրին համահունչ մեկնաբանությամբ։

No photo description available.

Դերասանների խաղում զգացվում էր ոչ միայն կերպարների հոգեբանական ընկալումը, այլև նրանց միջև ստեղծված կենդանի հաղորդակցությունը։ Սուրեն Շահվերդյանի բեմադրության մեջ դերասանը կարծես չի սահմանափակվում տեքստի արտասանությամբ․ նա իր մարմնով, շարժումով, հայացքով և լռությամբ դառնում է բեմական տարածության մասնիկը։

Այս մոտեցումը հատկապես կարևոր է Չեխովի համար, քանի որ նրա հերոսների ներքին կյանքը հաճախ բացահայտվում է ոչ թե այն պահին, երբ նրանք խոսում են, այլ այն ժամանակ, երբ թվում է՝ ոչինչ չեն ասում։

Առաջին կազմի դերասանական աշխատանքը հետաքրքիր է հենց այդ չեխովյան ներքին դրամայի և Սուրեն Շահվերդյանի ավելի ընդգծված, դինամիկ թատերական լեզվի համադրությամբ։

Ես դիտեցի ներկայացման առաջին դերասանական կազմի խաղը, սակայն «Երեք քույրեր»-ի թատերական բացահայտումները ինձ համար այսքանով չի ավարտվում։ Առաջիկա օրերին նախատեսում եմ ներկա լինել նաև երկրորդ դերասանական կազմի ներկայացմանը՝ հնարավորություն ունենալով նույն բեմադրության մեջ դիտելու Չեխովի կերպարների գուցե այլ մեկնաբանություններ, հատկապես դերասանուհի Ելենա Վարդանյանի խաղով, դերասանական տարբեր շեշտադրումներ և մարդկային ճակատագրերի նոր երանգներ։

Երկու կազմ, մեկ բեմադրություն, բայց՝ մարդկային զգացմունքների և դերասանական ստեղծագործության տարբեր ճանապարհներ։ Եվ հենց այդ բազմազանության մեջ է թատրոնի կենդանի հրաշքը։

No photo description available.

Օլգան՝ պատասխանատվության և անձնական երջանկության միջև

Ներկայացումից առաջ մեզ հետ զրույցում Օլգայի դերակատար Թեհմինե Խաչատրյանը կարևոր դիտարկում արեց բեմադրության նորարարական բնույթի մասին․ «Դասական ստեղծագործության նոր մոտեցում է, ինչը հարիր է Սուրեն Շահվերդյան ռեժիսոր-բեմադրիչին։ Շատ ռիթմիկ բեմադրություն է ստացվել, ինչը Չեխովի ոճի համար դժվար է, որովհետև կերպարների խոսքերն ու փիլիսոփայությունները շատ-շատ են։ Յուրաքանչյուր ռեժիսոր չի կարող բեմադրել Չեխովին, իսկ այս դեպքում ստացվել է շատ դինամիկ, ռիթմիկ ու նորարարական ներկայացում»,— ընդգծեց դերասանուհին։

Խոսելով իր կերպարի մասին՝ Թեհմինե Խաչատրյանը նշեց, որ Օլգան և նրա քույրերը ձգտում են դուրս գալ չստացված կյանքի, չերջանկության և ապագայի անորոշության տարածքից՝ շարունակելով փնտրել իրենց մարդկային ճակատագրերի լուսավոր կողմը։ Օլգան, սակայն, առավել ամուր է թվում, որովհետև ծնողների մահից հետո իր վրա է վերցրել քույրերի և եղբոր հանդեպ պատասխանատվությունը։ Նա այն մարդն է, որը հաճախ ստիպված է ուժեղ լինել ոչ թե սեփական ցանկությամբ, այլ ուրիշների համար։ Բայց այդ ամրության ներսում ևս կա կին՝ սիրո, տղամարդու ներկայության և անձնական երջանկության կարոտով։ Առավել նորարարական է այն, որ փոքր-ինչ հեռացել ենք Չեխովից, և նաև Օլգան է ուզում, որ իր կյանքում լինի սեր, տղամարդ ու հույս»,— ասաց դերասանուհին։

Այս մեկնաբանությունը կարևոր է, որովհետև Օլգային ներկայացնում է ոչ միայն որպես ընտանիքի պատասխանատու անդամ, այլև որպես մարդ, որն իր ներսում դեռ պահպանում է չապրած կյանքի հնարավորությունը։ Եվ այդտեղ է, թերևս, նրա կերպարի ամենամարդկային գեղեցկությունը․ նա չի հրաժարվել սեփական երջանկությունից, նույնիսկ երբ կյանքը նրան ստիպել է առաջին հերթին հոգ տանել ուրիշների մասին։

May be an image of one or more people and jewelry

Չեխովյան երկխոսությունների խորքում՝ մարդկության մեծ հարցերը

Ներկայացումից առաջ Թեհմինե Խաչատրյանի հետ մեր զրույցում անդրադարձանք նաև Չեխովի դրամատուրգիայի կարևոր սկզբունքներից մեկին․ նրա հերոսները հաճախ խոսում են կենցաղային, առօրյա թեմաներից, սակայն իրականում ապրում են բոլորովին այլ՝ խորապես փիլիսոփայական և դրամատիկական կյանքով։

Թեհմինե Խաչատրյանը համաձայնեց այս դիտարկման հետ՝ ընդգծելով, որ ներկայացման մեջ այդ սկզբունքը պահպանվել է, և սովորական թվացող երկխոսությունների մեջ բացահայտվում են մարդկության ավելի լայն խնդիրներ․ «Այո, շատ հաճախ կենցաղային խոսակցություններ կան չեխովյան դիալոգների մեջ, սակայն դրանցում ևս կա շատ խոր փիլիսոփայություն։ Մենք այդ զրույցներում նաև առավել շատ մարդկության գլոբալ խնդիրների թեմաներ ենք շոշափում»,— նշեց դերասանուհին։

Եվ հենց այստեղ է Չեխովի անժամանակյա արդիականությունը։ Նրա հերոսների հարցերը չեն պատկանում միայն իրենց ապրած դարաշրջանին։ Սերը, մենությունը, պարտականությունը, ազատությունը, աշխատանքը, ժամանակի անողոք ընթացքը և երջանկության որոնումը շարունակում են մնալ մեր օրերի մարդու ամենախոր մտահոգությունները։

Չեխովը չի տալիս պատրաստի պատասխաններ։ Նա մեզ ստիպում է լսել, դիտել, զգալ և սեփական կյանքի մեջ գտնել այն հարցերը, որոնք իր հերոսները երբեմն չեն համարձակվում բարձրաձայնել։

May be an image of text

Բեմադրություն, որն ավարտվում է հույսով

«Երեք քույրեր» ներկայացումը սկսվում է Սուրեն Շահվերդյանի՝ տեսադաշտից դուրս հնչող հեղինակային խոսքով և ավարտվում նրա խոսքի հնչողությամբ։ Այդ շրջանակը բեմադրությանը հաղորդում է յուրահատուկ ամբողջականություն․ կարծես հանդիսատեսը ոչ միայն դիտում է Չեխովի դրաման, այլև անցնում է մի ճանապարհ՝ մուտք գործելով հեղինակի աշխարհ և վերջում դուրս գալով այնտեղից՝ իր հետ տանելով բեմադրիչի անձնական ուղերձը։

Այդ ուղերձը պարզ է, բայց խորապես մարդկային․ ինչ էլ պատահի, պետք է ապրել և հուսալ։ Եվ այս ավարտը դառնում է ներկայացման ամենակարևոր հուզական հանգրվաններից մեկը։ Չեխովի հերոսները կարող են չհասնել իրենց երազանքներին, կարող են կորցնել սերը, ժամանակը, տունը կամ իրենց պատկերացրած ապագան, բայց նրանք շարունակում են ապրել։ Իսկ կյանքը, որքան էլ դժվար ու անորոշ լինի, դեռևս պահպանում է նոր հնարավորության շողը։

Սուրեն Շահվերդյանի «Երեք քույրեր»-ը հիշեցնում է, որ դասական ստեղծագործությունը երբեք չի ավարտվում իր գրված էջերով։ Այն շարունակվում է յուրաքանչյուր նոր բեմադրության, յուրաքանչյուր նոր դերասանի, յուրաքանչյուր նոր հանդիսատեսի ներսում։

Չեխովը միշտ արդիական է, որովհետև նրա հերոսները մեզանից հեռու չեն։ Նրանք մեր մեջ են՝ մեր չիրականացած երազանքներով, մեր ուշացած խոստովանություններով, մեր անպատասխան հարցերով և այն անտեսանելի հույսով, որը երբեմն ամենամութ պահերին անգամ չի մարում։

Սուրեն Շահվերդյանի բեմադրական ձեռագիրը՝ իր ռիթմով, տարածության անսովոր օգտագործմամբ, լուսային և երաժշտական լուծումներով, դերասանական անմիջական հաղորդակցությամբ, Չեխովի դրամատուրգիան դարձնում է ոչ թե անցյալի հիշողություն, այլ ներկա ժամանակի կենդանի թատրոն։

Եվ երբ ներկայացման ավարտին հնչում է ապրելու ու հուսալու պատգամը, թվում է՝ երեք քույրերի պատմությունը մի պահ դադարում է լինել միայն նրանց պատմությունը։ Այն դառնում է մեր պատմությունը։ Մարդու պատմությունը, որը երբեմն կորցնում է ամեն ինչ, բայց դեռ շարունակում է սպասել լուսաբացին։ Որովհետև կյանքը, որքան էլ չիրականացնի մեր երազանքները, միշտ թողնում է հույսի մի շող։ Եվ երբեմն հենց այդ շողն է, որ մեզ ստիպում է շարունակել ապրել։

No photo description available.

Այս թատերախմբի դերասանական կազմը․

  • Անդրեյ Սերգեևիչ Պրոզորով — Սամվել Սարգսյան
  • Նատալյա Իվանովնա՝ նրա հարսնացուն, հետագայում՝ կինը — Քրիստինա Ղազարովա
  • Օլգա — Թեհմինե Խաչատրյան
  • Մաշա — Մելսիդա Հակոբյան
  • Իրինա — Աննա Խաչատրյան
  • Կուլիգին Ֆյոդոր Իլյիչ՝ գիմնազիայի ուսուցիչ, Մաշայի ամուսինը — Գրիգոր Խոջայան
  • Վերշինին Ալեքսանդր Իգնատևիչ — Էրվին Ամիրյան
  • Տուզենբախ Նիկոլայ Լվովիչ — Ախմեդ Սայֆուլին
  • Սոլյոնի Վասիլի Վասիլևիչ — Արկադի Կոնովալով
  • Չեբուտիկին Իվան Ռոմանովիչ — Արման Մեժլումյան
  • Անֆիսա — Լիանա Սևումյան

Ներկայացման մյուս դերասանական կազմը ևս հանդես կգա թատրոնի բեմում՝ տարբեր օրերի։ Ինչպես Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի կայքում է նկարագրվում․ Պատմություն՝ հույսով ապրող մարդկանց մասին։ Ապագայի աշխարհում, որտեղ ժամանակը, կարծես, կանգ է առել, հնչում են սիրո, երջանկության և այլ՝ ավելի գեղեցիկ կյանքի մասին երազանքներ։ Պահպանելով չեխովյան բնագիրը՝ ներկայացումը նորովի է բացահայտում մարդկային գոյության հավերժական թեմաները՝ չիրականացած սպասումները, բաց թողնված հնարավորությունները, կյանքի իմաստի որոնումն ու այն հավատը, որ մի օր կյանքը կփոխվի դեպի լավը։ Դասական պիեսը նոր հնչողություն է ստանում՝ հիշեցնելով, որ երազանքները ժամանակից վեր են։

Սիմոն Սարգսյան

May be an image of lighting