23/12/2024

Վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելը նշանակալի քայլ է ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ. Ջոն Ինյարիտու. Լուսանկար

Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի քայլը նշանակալից առաջընթաց է ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման, ավելի սերտ կապերի խթանման և ավելի մեծ համագործակցության ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն՝ խոսելով Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու վերաբերյալ ԵՄ խորհրդի որոշման մասին:

«Այն հսկայական ներուժ է պարունակում տնտեսական, կրթական, մշակութային և քաղաքական օգուտների համար՝ նշելով Եվրոպայի հետ ավելի խորը ինտեգրվելու Հայաստանի ճանապարհորդության կարևոր հանգրվանը», – ասաց պատգամավորը՝ համոզմունք հայտնելով, որ վիզաների ազատականացումը կնպաստի Հայաստանի քաղաքացիների ավելի հեշտ և հաճախակի ուղևորություններին դեպի ԵՄ անդամ երկրներ։

Պատգամավորի դիտակմամբ՝ այդ ավելի հեշտ և հաճախակի ճանապարհորդությունները դեպի ԵՄ, հավանաբար, կխթանեն զբոսաշրջությունը և գործնական ճանապարհորդությունները՝ նպաստելով նաև տնտեսական աճին:

«Հայ ձեռներեցներն ու գործարարները, նմանապես, բարելավված մուտք կստանան դեպի եվրոպական շուկաներ՝ խթանելով առևտուրը և ներդրումային հնարավորությունները: Բացի այդ, դա հնարավորություն կտա ավելի շատ հայ ուսանողների և գիտնականների սովորել ու համագործակցել իրենց եվրոպացի գործընկերների հետ՝ հարստացնելով ինչպես Հայաստանն, այնպես էլ Եվրոպական միությունը՝ գիտելիքների և մշակույթի փոխանակման միջոցով՝ խթանելով փոխըմբռնումն ու համագործակցությունը», – նկատեց Ջոն Ինյարիտուն:

Ըստ նրա՝ շարժունակության ավելացման միջոցով կապերի ամրապնդումը կխորացնի Հայաստանի ինտեգրումը եվրոպական համայնքին: «Այն ցույց կտա Եվրոպական միության հանձնառությունն՝ աջակցելու Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը և նրա համապատասխանեցմանը եվրոպական արժեքներին ու չափանիշներին», – եզրափակեց պատգամավորը: