23/12/2024

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Կարեն Սարուխանյանի հայտարարագրի ուսումնասիրություն է սկսել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հաշվետվության համաձայն 2024 թվականի ԶԼՄ հրապարակումների հիման վրա իրականացված ուսումնասիրություններում տեղ են գտել նաև ArmLur.am-ի հրապարակումները։

Մասնավորապես Հանձնաժողովը հաշվետվությունում ներգրավվել է ArmLur.am-ի «ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը չի հայտարարագրել նախորդ տարվա անշարժ գույքերը․ ինչ ունեցվածք ունի պատգամավորը» վերտառությամբ հոդվածը։

Հոդվածում ասվում է. «Կարեն Սարուխանյանը հայտարարագրել է 6 անշարժ գույք՝ 6 հողամաս, որոնք ձեռք է բերվել 2016 թվականին Շիրակի մարզի Աշոցք համայնքում բոլորը բաժնային սեփականությամբ։ Սարուխանյանն այս տարի որևէ գույք չի հայտարարագրել, սակայն 2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի համաձայն՝ ԱԺ պատգամավորը սույն թվականին ձեռք բերված Գյումրիում գտնվող և միանձնյա սեփականությամբ իրեն պատկանող հասարակական նշանակության շինությունը նույն տարում նվիրատվությամբ փոխանցել է կնոջը։

Կարեն Սարուխանյանի 2022 թվականի հայտարարագրում առկա տվյալների համաձայն՝ նա ունեցել է անհատական բնակելի տուն և ավտոտնակ Գյումրիում, սակայն այս տարվա հայտարարագրում այս անշարժ գույքերի մասին խոսք չկա»։

Հրապարակման մեջ շրջանառվող տեղեկատվության հիման վրա Հանձնաժողովն սկսել է Կարեն Սարուխանյանի և վերջինիս ընտանիքի անդամի հայտարարագրերում հայտարարագրված տվյալների ուսումնասիրություն։

Հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ ուսումնասիրության արդյունքները դեռևս չեն քննարկվել Հանձնաժողովի նիստում։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Կարեն Սարուխանյանի հայտարարագրի ուսումնասիրություն է սկսել