22/11/2024

Հայաստանի վերաբերյալ ՌԴ ԱԴԾ ղեկավարի հայտարարությունը սուտ է ու մանիպուլյացիա. Ստանո

Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն արձագանքել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովի հայտարարությանը, թե Արևմուտքը Հայաստանին մղում է ձգձգել Բաքվի հետ խաղաղության շուրջ բանակցությունները և մտադիր է գլխավորել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացն ու ՆԱՏՕ-ի կոնտինգենտ տեղակայել Հարավային Կովկասում։

Պատասխանելով Բորտնիկովի հայտարարությունների վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին՝ Ստանոն նշել է, որ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ղեկավարի մեկնաբանությունները նոնսենս են։

«Այս մեկնաբանություններն ամբողջությամբ նոնսենս են, ռուսական ռեժիմին բնորոշ սուտ ու մանիպուլյացիա, որը փորձում է քողարկել Հայաստանին տված խոստումների և նրա նկատմամբ պարտավորությունների կատարման կրկնվող ձախողումները»,- հայտարարել է Ստանոն։

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ Արևմուտքը ցանկանում է ՆԱՏՕ-ի կոնտինգենտ տեղակայել Հարավային Կովկասում իբր Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանն օգնելու համար։

Նա հայտարարել է, որ «ամերիկացիներն ու եվրոպացիները շահագրգռված չեն Հարավային Կովկասում կայունության հաստատմամբ։ «Երևանին մղելով Բաքվի հետ բանակցությունները ձգձգելուն՝ Արևմուտքը փորձում է գլխավորել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը և հասնել տարածաշրջանում սեփական «խաղաղապահ» կոնտինգենտի տեղակայմանը՝ դե յուրե ՄԱԿ-ի, իսկ դե ֆակտո՝ ՆԱՏՕ-ի»,- հայտարարել է Բորտնիկովը։

ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ղեկավարը նաև կրկնել է անհիմն մեղադրանքներն այն մասին, թե Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունը հետախուզական աշխատանք է իրականացնում ՆԱՏՕ-ի կոնկրետ երկրի համար՝ ընդդեմ Ռուսաստանի և նրա գործընկերների։

Նա նաև հայտարարել է, որ «Արևմուտքը ցանկանում է հասնել ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալուն՝ դրա դիմաց խոստանալով զենքի արտոնյալ մատակարարումներ և անվտանգության երաշխիքներ»։

Արևմուտքը ձգտում է Հայաստանի դուրս հանել ՀԱՊԿ-ից, ինչը Երևանին ավելի մեծ կախվածության մեջ կդնի ՆԱՏՕ-ից Բաքվի հետ հետագա հարաբերությունների հարցում:

Այս մասին Աստանայում ասել է ՌԴ ԱԴԾ տնօրեն, ԱՊՀ անդամ պետությունների Անվտանգության գործակալությունների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նախագահ Ալեքսանդր Բորտնիկովը։

«Երևանին համոզելով հետաձգել Բաքվի հետ բանակցությունները՝ Արևմուտքը փորձում է ղեկավարել ադրբեջանա-հայկական կարգավորման գործընթացը և հասնել տարածաշրջանում իր «խաղաղապահ» կոնտինգենտի տեղակայմանը՝ դե յուրե ՄԱԿ-ի և դե ֆակտո ՆԱՏՕ-ի հովանու ներքո:

Միևնույն ժամանակ, արտոնյալ սպառազինությունների մատակարարումների և անվտանգության երաշխիքների դիմաց Արևմուտքը Հայաստանի կառավարությունից պահանջում է դուրս գալ ՀԱՊԿ-ից, ինչը Երևանին ավելի մեծ կախվածություն կդարձնի Հյուսիսատլանտյան դաշինքից Բաքվի հետ հետագա հարաբերությունների հարցում։ Եվ հաշվի առնելով աշխարհի տարբեր տարածաշրջաններում ՆԱՏՕ-ի միջնորդության ողջ նախկին փորձը՝ Անդրկովկասում դաշինքի համախմբումն ակնհայտորեն չի նպաստի տարածաշրջանի կայունությանը»,- հայտարարել է Բորտնիկովը։

Համագործակցության պետությունների Անվտանգության գործակալությունների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհուրդը ստեղծվել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի 1997 թվականի մարտի 28-ի որոշմամբ՝ համագործակցելու և համակարգելու անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների գործողությունները:

Խորհրդի նախագահությունը նրա անդամների համաձայնությամբ իրականացնում է Ռուսաստանի ԱԴԾ տնօրենը:

Նախորդ նիստը տեղի է ունեցել 2024 թվականի մայիսի 24-ին Բիշքեկում, այս մեկը Աստանայում է։