12/12/2024

Արզումանյան փողոցի 4-րդ ռիսկայնության շենքերը մի օր փլվելու են, իսկ բնակիչները դեմ են դուրս գալուն. Ավինյան

«Միշտ պետք է հիշենք, որ այս ծրագրերում Երևանի քաղաքապետարանը որևէ պարտավորություն չունի, սա բարի կամքի դրսևորում է, երևանցիների անվտանգության խնդրի լուծում եմ ես համարում»:

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Արզումանյան փողոցի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների խնդրին։

«Բնակիչները դեմ են այս գործընթացին, խոսքը 4-րդ կարգի ռիսկայնության շենքի մասին է, որը չգիտես՝ երբ կփլվի, բայց որ կփլվի, վստահաբար: Այդ բնակարանների արժեքը 0-ին մոտ է, զրո արժեք ունեցող բնակարանների համար Երևանի քաղաքապետարանը նախագծել է ծրագիր, որով բնակիչներին միաժամանակ վարձի գումար է փոխհատուցվելու, որից հետո նույն տեղում կառուցված շենքում նույն բնակիչներին արդեն արժեքավոր բնակարաններ են տրամադրվելու»,- ասաց նա։

Ավինյանը նաև նշեց, որ այս գործընթացի ձգձգման դեպքում հնարավոր է, որ քաղաքապետարանն առհասարակ հրաժարվի այդ ծրագրից։