«Խնդիրն օր օրի ավելի կարգավորվում է այն առումով, որ թե՛ էլեկտրոնային դեղատոմս դուրս գրողները, թե՛ պացիենտները համակարգին սովորում են և ընտելանում»:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Արդեն 90 հազարից ավելի էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրվել, ինչը խոսում է այն մասին, որ համակարգը շատ ակտիվ աշխատում է: Ես հայցում եմ մեր բոլոր քաղաքացիների ներողամտությունը, քանի որ ցանկացած համակարգ ներդնելուց որոշակի ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի բոլոր օղակները սկսեն համահունչ աշխատել»,- նշեց նա:
Դիտարկմանը, թե նախկին նախարար Արսեն Թորոսյանը քննադատել է ծրագիրը՝ ասելով՝ դեռևս վաղ էր ներդնել, Ավանեսյանը արձագանքեց. «Կարծում եմ, որ մեր բոլոր բարեփոխումներն էլ կարելի է հավիտյան հետաձգել, ասել՝ հաջորդ դարերում կլինեն ավելի պատրասված հասարակություններ, տեխնիկաներ, և ոչինչ չանել: Մեր մոտեցումն է, որ մենք մեր նախանշած բարեփոխումները պետք է հստակ ժամկետներով իրականացնենք, և ցանկացած խնդիր, որ պրակտիկ կյանքում առաջ է գալիս՝ լուծելով առաջ գնանք, համակարգը պատրաստ է, բժիշկները պատրաստ են:
Ես բոլոր քննադատություններին ծանոթանում եմ, և մեզ համար շատ կարևոր է, որ մեր գործընկերները՝ քննադատները, բարձրաձայնեն բոլոր խնդիրները, և մենք տեղեկացված լինենք դրանց մասին»:
Հիշեցնենք, որ մարտի 1-ից հակաբիոտիկների նշանակումը էլեկտրոնային դեղատոմսով է իրականացվում. քաղաքացիները բժշկի կողմից նշանակված դեղերը դեղատներից կկարողանան գնել ոչ թե թղթային տարբերակով՝ դեղատոմսերի միջոցով, այլ էլեկտրոնային եղանակով:
«Որոշ անձինք արագ եզրահանգումներ էին արել մահվան պատճառների հետ կապված, սակայն պետք է դատաբժշկական փորձաքննությունը եզրակացությունը տա, և մենք հասկանանք՝ մահվան պատճառը ինչն է եղել»:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում ջրծաղկից մահացած երեխայի դեպքին:
«Երեխայի մոտ ոչ թե կասկածվել է կարմրուկ, այլ ջրծաղիկ: Փորձաքննություններն իրականացվում են, և, այո, որոշակի ժամկետ է անհրաժեշտ, որպեսզի բոլոր անհրաժեշտ գործողություններն իրականացվեն, և մենք ունենանք արդյունք, և նախարարությունը երբեք չի շտապում չճշտված տեղեկատվություն ներկայացնել, և նման տեղեկատվության հետ պետք է զգույշ լինել»,- ասաց Ավանեսյանը:
Բաց մի թողեք
39-ամյա կինը հայտնել է, որ վիրահատությունից հետո ունեցել է խնդիրներ, ու որ դրա մեղավորը բժիշկն է
Բժիշկը մահացել է բարդ վիրահատություն կատարելիս. Լուսանկար
Որքա՞ն մարդ է ծնվել և մահացել այս տարվա հունվար-սեպտեմբերին