27/12/2024

ՆԱՏՕ-ի կազմաքանդում, ինչի դիմաց Ռուսաստանն էլ «կլուծարի» ՀԱՊԿ-ը

Օրերս ելույթ ունենալով Վալդայ փորձագիտական միջազգային ակումբում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արեց մի հայտարարություն, որն առաջացնում է որոշակի հարցեր ՀԱՊԿ ճակատագրի վերաբերյալ:

Մասնավորապես Պուտինը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն, ըստ էության, մնացել է ներկայումս միակ բլոկային կազմակերպությունը: Ի՞նչ է, ՌԴ նախագահը ՀԱՊԿ-ը չի՞ համարում բլոկ:

Դա անկեղծ գնահատակա՞ն է ՀԱՊԿ բնույթին, որտեղ խորքային առումով չկա միավորող ոչինչ, բացի Ռուսաստանի ցանկությունից: Այդ առումով, ՀԱՊԿ-ն իսկապես բլոկ չի եղել երբեք, քանի որ այն չունի ոչ մի այլ ընդհանուր անկյունաքար: Թե՞ ՌԴ նախագահը «գործարք» է առաջարկում, օրինակ ԱՄՆ ընտրված նախագահ Թրամփին, որի հաղթանակին է փաստորեն հաջորդել Պուտինի ելույթը:

Գործարք՝ ՆԱՏՕ-ի կազմաքանդում, ինչի դիմաց Ռուսաստանն էլ «կլուծարի» ՀԱՊԿ-ը, իսկ հետո բոլորը միաասին կփորձեն մտածել անվտանգության նոր համակարգերի մասին: Պուտինն ամիսներ առաջ էր բարձրաձայնել միտք, թե ժամանակն է քննարկել Եվրասիայի անվտանգության մեծ համակարգի հեռանկարը՝ երկկողմ կամ բազմակողմ քննարկումների ձևաչափով, որին կմասնակցեն նաև ՆԱՏՕ անդամ որոշ երկրներ: Թրամփի Սպիտակ տուն վերադարձի առնչությամբ շատ միջազգային փորձագետներ խոսում էին այն մասին, որ նա ԱՄՆ կհանի ՆԱՏՕ-ից: Իսկ ի՞նչ է նշանակում ԱՄՆ հանել ՆԱՏՕ-ից: Դա նշանակում է, որ ՆԱՏՕ այլևս չկա՝ չկա ԱՄՆ ՆԱՏՕ-ում, չկա ՆԱՏՕ:

Ընդ որում՝ սա հազիվ թե լինի լոկ փորձագիտական դիտարկում: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մի շարք անգամներ է հայտարարել, որ Եվրոպան պետք է կարողանա մտածել անվտանգության սեփական համակարգ ու մեխանիզմներ, սեփական ճարտարապետություն՝ ասելով, որ Եվրոպան միայն ՆԱՏՕ-ն կամ ԵՄ-ն չեն: Ի՞նչ է նշանակում Ֆրանսիայի նախագահի այդպիսի հայտարարությունը:

Նշանակում է, որ բոլորովին բացառված չէ իրադարձությունների զարգացում, երբ օրինակ ՆԱՏՕ-ն չի լինի, կամ առնվազն չի լինի այնպիսի հավաքականությամբ և կառուցվածքով, որը թույլ կտա այդ առումով ԵՄ պաշտպանվածությունը համարել արդյունավետ: Հատկանշական է, որ հունիսին Եվրախորհրդարանի ընտրությունից հետո ԵՄ գործադիր իշխանության ձևավորման ընթացքում եղավ կառուցվածքային համալրում և ձևավորվեց պաշտպանության հարցերով Եվրահանձնակատարի ինստիտուտ:

Այս ամենը, իհարկե, չի նշանակում այդօրինակ սցենարների աներկբա և անկասելի ընթացք, բայց այն, որ դրա վերաբերյալ ակնարկներ կարող են հնչել ընդհուպ պետությունների ղեկավարների հայտարարությունների տողատակերում, խոսում է այն մասին, որ սցենարներն իրենց հավանականությամբ դասվում են պրակտիկների ներուժ ունեցողների շարքին: