Օրերս ելույթ ունենալով Վալդայ փորձագիտական միջազգային ակումբում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արեց մի հայտարարություն, որն առաջացնում է որոշակի հարցեր ՀԱՊԿ ճակատագրի վերաբերյալ:
Մասնավորապես Պուտինը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն, ըստ էության, մնացել է ներկայումս միակ բլոկային կազմակերպությունը: Ի՞նչ է, ՌԴ նախագահը ՀԱՊԿ-ը չի՞ համարում բլոկ:
Դա անկեղծ գնահատակա՞ն է ՀԱՊԿ բնույթին, որտեղ խորքային առումով չկա միավորող ոչինչ, բացի Ռուսաստանի ցանկությունից: Այդ առումով, ՀԱՊԿ-ն իսկապես բլոկ չի եղել երբեք, քանի որ այն չունի ոչ մի այլ ընդհանուր անկյունաքար: Թե՞ ՌԴ նախագահը «գործարք» է առաջարկում, օրինակ ԱՄՆ ընտրված նախագահ Թրամփին, որի հաղթանակին է փաստորեն հաջորդել Պուտինի ելույթը:
Գործարք՝ ՆԱՏՕ-ի կազմաքանդում, ինչի դիմաց Ռուսաստանն էլ «կլուծարի» ՀԱՊԿ-ը, իսկ հետո բոլորը միաասին կփորձեն մտածել անվտանգության նոր համակարգերի մասին: Պուտինն ամիսներ առաջ էր բարձրաձայնել միտք, թե ժամանակն է քննարկել Եվրասիայի անվտանգության մեծ համակարգի հեռանկարը՝ երկկողմ կամ բազմակողմ քննարկումների ձևաչափով, որին կմասնակցեն նաև ՆԱՏՕ անդամ որոշ երկրներ: Թրամփի Սպիտակ տուն վերադարձի առնչությամբ շատ միջազգային փորձագետներ խոսում էին այն մասին, որ նա ԱՄՆ կհանի ՆԱՏՕ-ից: Իսկ ի՞նչ է նշանակում ԱՄՆ հանել ՆԱՏՕ-ից: Դա նշանակում է, որ ՆԱՏՕ այլևս չկա՝ չկա ԱՄՆ ՆԱՏՕ-ում, չկա ՆԱՏՕ:
Ընդ որում՝ սա հազիվ թե լինի լոկ փորձագիտական դիտարկում: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մի շարք անգամներ է հայտարարել, որ Եվրոպան պետք է կարողանա մտածել անվտանգության սեփական համակարգ ու մեխանիզմներ, սեփական ճարտարապետություն՝ ասելով, որ Եվրոպան միայն ՆԱՏՕ-ն կամ ԵՄ-ն չեն: Ի՞նչ է նշանակում Ֆրանսիայի նախագահի այդպիսի հայտարարությունը:
Նշանակում է, որ բոլորովին բացառված չէ իրադարձությունների զարգացում, երբ օրինակ ՆԱՏՕ-ն չի լինի, կամ առնվազն չի լինի այնպիսի հավաքականությամբ և կառուցվածքով, որը թույլ կտա այդ առումով ԵՄ պաշտպանվածությունը համարել արդյունավետ: Հատկանշական է, որ հունիսին Եվրախորհրդարանի ընտրությունից հետո ԵՄ գործադիր իշխանության ձևավորման ընթացքում եղավ կառուցվածքային համալրում և ձևավորվեց պաշտպանության հարցերով Եվրահանձնակատարի ինստիտուտ:
Այս ամենը, իհարկե, չի նշանակում այդօրինակ սցենարների աներկբա և անկասելի ընթացք, բայց այն, որ դրա վերաբերյալ ակնարկներ կարող են հնչել ընդհուպ պետությունների ղեկավարների հայտարարությունների տողատակերում, խոսում է այն մասին, որ սցենարներն իրենց հավանականությամբ դասվում են պրակտիկների ներուժ ունեցողների շարքին:

Բաց մի թողեք
Հայաստանյան վերջին երեք «աշխարհացունց» հայտնագործությունները
Շուտով գազը կփակեն․ Հայկական արտադրության կաթնամթերքի, ինչպես նաև ձկնամթերքի ներկրման արգելքը Ռուսաստանը չի վերացնում․ «Ռոսսելխոզնադզոր»
Բաքվում նեղվել են Վրաստանի պատրիարքարանի դիրքորոշումից ու էլի «կպել» Հայ եկեղեցուն