23/12/2024

Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանը 1 մլն դրամի ծաղիկներ ու ծաղկեպսակներ գնելու հայտ է ներկայացրել

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը ծաղիկներ եւ ծաղկեպսակներ գնելու հայտ է ներկայացրել Երեւանի քաղաքապետարան, ինչն արդեն հաստատվել է։ Քաղաքապետարանն էլ իր հերթին հայտարարել է մրցույթ՝ ծաղիկների մատակարարողին գտնելու համար։

Հրապարակ թերթը գրել է․ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանից հետաքրքվեցինք՝ ծաղիկները եւ ծաղկեպսակները վարչական շրջանն ի՞նչ է անում, պատասխանեց․ «Եռաբլուր գնալու դեպքում ենք տանում ծաղկեպսակները, մենք տարեցներ ունենք․․․իսկ ծաղիկները նվիրում ենք, օրինակ, երբ պարգեւատրում ենք, պե՞տք  է ծաղիկ տանք չէ»։

Մխիթարյանը մեզ նաեւ փոխանցեց, որ 2025-ի համար 1 միլիոն դրամի ծաղիկներ գնելու հայտ են ներկայացրել, սակայն, հնարավոր է, որ գնումը կատարվի ավելի մատչելի տարբերակով։

Նշենք, որ տարվա կտրվածքով ծաղիկների եւ ծաղկեպսակների գնման համար 1 միլիոն դրամը փոքր թիվ չէ։ Ծաղկեպսակի գինը 15-20 հազար դրամի սահմանում է, իսկ ծաղկային փնջեր կարելի է գտնել նաեւ 3000 դրամից սկսած։